ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոռ Վարդանյանը՝ «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալի քննադատությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկում են եւ դատապարտում ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:

ArmLur.am-ը աղմկահարույց դրվագի հետքերով փորձեց կապ հաստատել հեռուստասերիալի ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մեր հարցերին կպատասխանի ֆիլմը ամբողջովին դիտելուց հետո. «Սպասեք ֆիլմի 24 սերիան կավարտվի, մամուլի ասուլիս կտամ եւ Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»:

Ի դեպ, նշենք, որ աղմկահարույց դրվագի ցուցադրությունից հետո արձանագրություն է կազմել եւ դատապարտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  վերջին օրերին բազմաթիվ բողոքներ և հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստածրագրով, ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։ Սերիալի բովանդակությունը ակտիվ քննարկվում է նաև համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում։

Այդ կապակցությամբ ՀՌՀ հանրության հետ կապերի բաժինը լիազորված է ներկայացնել հետևյալ պարզաբանումը.

Հանձնաժողովի կողմից արդեն իսկ կազմվել է արձանագրություն՝ ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով: Վերոնշյալը համապատասխանում է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 1–ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109 Ա որոշման 2–րդ կետի 5–րդ ենթակետին, այն է՝ նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին։

Հավելենք նաև, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները և անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ, այն է՝ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային»։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս