«ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ՏԱՊԱԼՎԵԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երրորդ հանրապետությունն, ըստ էության, տապալվել է, տապալվել է գաղափարապես։ Երրորդ հանրապետության հիմքում դրվել է փողը, փողային հարաբերություններն էին ամեն ինչի հիմքում. փողը աստված էր: Լիբերալիզմը, արժեքների մերժումը, բացարձակ ազատ շուկան՝ առանց կանոնների, միակ նպատակն էր»,-այս մասին հայտնում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դաինելյանը:

 

«Կուսակցությունների նպատակը իշխանության գալն էր, կամ իշխանության մաս կազմելը, որն ուներ մեկ հիմնական նպատակ՝ փող ձեռք բերել, պետական պաշտոնների հիմնական իմաստը պետական բյուջեից օգտվելն էր: Բիզնեսի հիմնական կանոնը պայմանավորվելն էր, ում հետ պետք է: Եթե պատության գաղափարախոսությունը փողն էր, ապա իշխանության իմաստը պետք է այդ փողը վերահսկելը լիներ. փողն իշխանություն է, իշխանությունը փող է: Փողը մտել էր բանակ: Բանակում կարիերա անելը նույնպես մեկ հիմնական նպատակ ուներ՝ օգտվել բանակի բյուջեից, գողանալ վառելիք, վերահսկել բանակի գնումները: Զինվորները շատ դեպքում աշխատուժ էին կամ ապրանք, որոնք պետք է ընտանիքներից փող բերեն:

Նույնը տեղական ինքնակառավարման մարմիններն էին, վերահսկել տեղական հնարավորություններն ու ձայն բերել ընտրությունների ժամանակ: Սա էր Երրորդ Հանրապետության ողջ փիլիսոփայությունը, ինչը դրա հիմքում էր դրվել ի սկզբանե: Բոլոր հարաբերությունները փողի վրա էին հիմնված: Հասարակությունը բաժանված էր երկու մասի՝ պետության հնարավորություններից օգտվողների ու դժգոհների: Դժգոհների մի մասը վերցնում էր ընտրակաշառքներ, դրանով նրանք «արդարությունն» էին վերականգնում, դա էլ իրենց փոքրիկ դիվիդենտ էր, փոքր, բայց այնուամենայնիվ…

Ընտրաձայների վաճառքի փիլիսոփայությունը դրանք վերցնողների ինքնաարդարացումն  էր: Բոլոր հանրային քաղաքական հուզումների հիմնական կարգախոսը թալանի թեման էր:

Ինչ տեղի ունեցավ 2018-ին: 2018-ին եկավ (այս դեպքում կարեւոր չէ՝ ինքնուրույն եկավ, թե ուղարկեցին) պոպուլիստն ու իշխանությունը վերցնելու ամենաաշխատող կարգախոսները առաջ քաշեց՝ փոխենք մեր կյանքը: Սկզբնական փուլում այդ կարգախոսի տակ հավաքվեցին հիմնականում երիտիսարդ ու միջին տարիքի անձինք, որոնք, իրոք, փոփոխություններ էին ուզում, որոնք ինքնուրույն էին փող աշխատում, ունեին մասնագիտություններ ու ազնիվ մղումներ, հետո կարգախոսը փոխվեց՝ թալանենք թալանածը, որին արդեն միացան հրապարակում խորոված անողները, դրոշի վրա բլոտ խաղացողները, Արցախ տվողները…

Այլեւս դրանք էին նոր իշխանության հիմնական հենարանը, դրանց վրա պետք է հիմնվեր իշխանությունը՝ դրանց կրքերն ու բնազդները սպասարկելով: Իրականում իրենք էլ են այդպիսին:

Դա պատիժ պահանջող զանգվածն էր, սակայն այդ զանգվածի մտածողությունը նույնպես փողի վրա է հիմնված. Երրորդ հանրապետության արժանի զանգվածն է, իսկ 2018-ի հանրավաքների առաջին զանգվածը հիասթափված ետին պլան մղվեց: Թալանածը թալանողները, բնականաբար, չէին կարող պահել Արցախը, ինչը տեսանք: Թալանածը թալանողները նույնպես թալանողներ են, ուղղակի ավելի անսկզբունք, ավելի հրեշավոր: Խնդիրը Երրորդ հանրապետության արժեքային համակարգն է, դա արդեն անձերից դուրս է, ու մեղավոր փնտրելն անիմաստ է, մեղավորների քանակն անմեղների քանակից փոքր է: Հիմնական խնդիրը փոխվելն է»,- գրում է Ստեփան Դանիելյանը։

 

 

 

 

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ

«Երկնագույն հոսք» սեւծովյան խողովակաշարով Ռուսաստանից Թուրքիա գազամատակարարումները վերսկսվել են պլանային սպասարկումն ավարտելուց հետո: «Պլանային աշխատանքների համալիրը «Երկնագույն հոսք» գազատարի օբյեկտներում ավարտվել Է: Գազամատակարարումները վերսկսվել են»,- «Ինտերֆաքս»-ին հաղորդել են «Գազպրոմ» հանրային ակցիոներական ընկերության տեղեկատվության վարչությունից: Ինչպես նշվել Է, պլանային աշխատանքների ամբողջությունը մագիստրալի օբյեկտներում, որը նախատեսում Էր մատակարարումների կրճատում եւ դադարեցում, պլանավորվել էր 2022 թվականի մայիսի 17-ից մինչեւ 30-ը: «Պլանային աշխատանքների համալիրի անցկացումը նշված ժամկետում պլանավորվել էր դեռ 2021 թվականին: Ե՛վ ընկերությունը, ե՛ւ նրա սպառողները գազամուղի դադարեցումը հաշվառում են իրենց պլանների մեջ»,- մեկնաբանել են «Գազպրոմ»-ից: «Երկնագույն հոսքը» շահագործման Է հանձնվել 2003 թվականին: Գազի փոխադրումը գլխավոր գծով 2021 թվականին աճել Է գրեթե կրկնակի՝ մինչեւ 15,98 միլիարդ խորանարդ մետր՝ սահմանելով նոր ռեկորդ: Մեկ օրում գազատարը կարող Է փոխադրել 47,355 միլիոն խորանարդ մետր գազ:

 

 

 

ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 28-ին` ժամը 17:25-ին, որով 28-ամյա կինը հայտնել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում իր ընկերոջ անհայտ կորելու մասին: Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, վերոհիշյալ 28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել եւ ընկել է ջուրը, սակայն կարողացել է դուրս գալ՝ օգնության կանչելով ընկերոջը, ումից որեւէ արձագանք չի ստացել: Որոնողական աշխատանքների արդյունքում 2022թ. մայիսի 29-ին՝ ժամը 07:25-ին, նշված վայրում` ջրի մեջ, հայտնաբերվել է երիտասարդի դին: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:




Լրահոս