Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան վերջին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից խոսեց Ադրբեջանում պահվող գերիների մասին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքուն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ: Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ նրա, շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն: «Մինչեւ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո (վերջինս օրեր առաջ վերադարձվել է Հայաստան- խմբ.)։ Ամենաարդյունավետ ձեւը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումը ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք», – ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց Փաշինյանը: Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, սակայն, հակադարձում է Փաշինյանին ու բոլորովին այլ թիվ ներկայացնում. Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ «Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում եւ պաշտոնականացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնականացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասում է Սահակյանը։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։ Ի՞նչ է ստացվում. առաջնորդվելով Բաքվի ներկայացրած թվերով ու, իբրեւ թե, փաստարկներով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ գուցե փորձելով մեղմել գերիների ու անհետ կորածների հարազատների մորմոքն ու սպասման ցավը:
Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ու թեեւ բյուջեի քննարկումների հաստատված օրակարգով եւ նաեւ ավանդույթի ուժով սովորաբար բյուջեի քննարկումներին պետք է անձամբ ներկայանան առաջին դեմքերը եւ զեկուցեն կատարված աշխատանքները, այնուամենայնիվ, երեկ շատ նախարարներ ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ իրենց ենթականերին էին ուղարկել խորհրդարան՝ հաշվետվություն տալու: Մասնավորապես, բյուջեի կատարողականի քննարկումներին անձամբ չէր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, այլ խորհրդարան էր ուղարկել իր տեղակալին՝ Վարդան Մովսիսյանին: Վերջինս, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչու ոստիկանապետը ներկա չէ: Խորհրդարանական երկրում ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելուց խուսափեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Պապիկյանը քննարկմանն ուղարկել էր իր տեղակալ Արման Սարգսյանին եւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին: Որքան էլ պաշտոնյաները պատճառաբանություններ կգտնեն խորհրդարան չգալու, փաստ է, որ խորհրդարանական երկրում այդ պաշտոնյաները չեն հարգում օրենսդիր ինստիտուտի աշխատանքը: Եվ այստեղ տեղին է մեջբերել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված դեռ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ուղղված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «Պաշտոնյաների մեջ «դեդովշչինա» կա՞: Մարզպետների մեջ կան «կռուտոյ» պաշտոնյաներ, որոնք արդեն հավես չունեն խորհրդարան գալու, կամ էլ խորհրդարանում այժմ այլ կարգուկանոն է գործում. պայծառ ուղեղներին, գիտությունների թեկնածուներին եւ դոկտորներին այլեւս հարիր չէ՞ ինչ-որ բյուջեի քննարկումների ներկա լինելը»։ Հիմա արդյոք իրենց «կռուտո՞յ» են համարում ԱԺ չներկայացած պաշտոնյաները, թե՞ վարչապետ Փաշինյանն է դարձել «նախկին»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը որդուն բանակում ժամկետային ծառայությունից ազատել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջանքերով եւ օժանդակությամբ: Չնայած Նիկողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկության մասին ասաց, թե «սխալ տեղեկություն ունենք», բայց մեր աղբյուրները հայտնում են, որ նա պարզապես չի ցանկանում խոսել այդ թեմայի մասին: «Ավելին՝ չի ցանկանում, որ իր անունը որեւէ կերպ կապվի Հայրապետյանի հետ, չնայած որ վերջինս այդքան բան է արել իր համար,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով:- Մինչդեռ երբ Ռուբեն Հայրապետյանը դեռ պաշտոնի էր, թե՛ նա, թե՛ ՀՖՖ ներկա նախագահ Մելիքբեկյանը գովեստի խոսքեր էին շռայլում, կենացներ խմում եւ այլն»: Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, դեռեւս 2019-ին, երբ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկում էին իր առանձնատունը, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Բոլոր հարցերը Նիկողոսյան Արմենին, թե մատնաչափիկին ուղղե՛ք»: Նիկողոսյանը, նշենք, երկար տարիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող է եղել: ՀԺ-ում աշխատանքն ավարտելուց հետո՝ 2017թ.-ից, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդականն է եղել, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո արդեն՝ ՀՖՖ փոխնախագահ: Թե ինչպես կարողացավ նա, լինելով «մերժված» Հայրապետյանի խորհրդականը, պաշտոնի բարձրացում ունենալ հեղափոխությունից հետո, մնում է ենթադրել: Ամեն դեպքում, բարքերը ՀՖՖ-ում ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի խայտառակ են դարձել:
Ինչպես հայտնի է, ձերբակալվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու եւ ոստիկանությանը դիմադրելու համար, սակայն վերջիններիս ձերբակալումը ուշագրավ իրավիճակում է եղել: Մասնավորապես, ի սկզբանե իրավապահ համակարգում հրահանգ է եղել ուշադիր հետեւել կոնկրետ անձանց գործողություններին, թե ով ինչ է անում, որոնց մեջ են եղել Հայկ Սարգսյանը եւ Տիգրան Խաչատրյանը: Նրանց քայլերը ֆիքսվել է ոստիկանության կոնկրետ անձանց կողմից, եւ մեզ ասած լուրերի համաձայն՝ նրանց դեմ կոնկրետ անձինք զեկուցագրեր են ներկայացրել, ինչի արդյունքում ձերբակալել են եւ դատարան ներկայացրել կալանավորելու միջնորդություն: Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ անձանց թիրախավորում են, հետեւում գործողություններին, նկարահանում եւ հետո ձերբակալում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա: