Երեկ՝ մայիսի 31-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի հերթական համատեղ նիստն էր ընթանում, ինչի ժամանակ երկրորդ անգամ քննարկվում էր աշխատանքային պլանը: Նիստի ժամանակ նորից անհամաձայնություններ կային: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ ներկայացված նախագիծը չի արտահայտում նախորդ նիստերում տեղի ունեցած քննարկումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նշենք, որ նիստի ժամանակ ժամկետ սահմանվեց. հունիսի 1-ից հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրեր կկնքվեն, եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կմտնի բովանդակային փուլ: Ակնկալվում է, որ մինչեւ սեպտեմբերի 10-ը կլինեն լուրջ բովանդակային արդյունքներ՝ քննարկված մասնագիտական եւ քաղաքական շրջանակներում: Աշխատանքային պլանին դեմ էր միայն Դանիել Իոաննիսյանը, ում հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական բերափոխումների հանձնաժողովի ու խորհրդի աշխատանքների, առհասարակ, սահմանադրական փոփոխությունների ու հարակից այլ հարցերի շուրջ:
-Մինչեւ սեպտեմբեր, ըստ հաղորդագրության, հանձնաժողովը պետք է առաջարկների փաթեթ եւ նախագիծ ներկայացնի: Պարզ է, որ այս պահին դեռ ամբողջական չէ, բայց հիմնական ի՞նչ աշխատանքներ է արել հանձնաժողովը, որը Դուք կառանձնացնեիք:
-Ոչինչ:
-Այսինքն՝ ոչ մի աշխատանք չի՞ արվել:
-Բովանդակային ոչ մի աշխատանք չի արվել:
-Իսկ հանդիպումների ժամանակ ի՞նչ եք քննարկել:
– Այսօրվա (երեկվա) նիստն էլ կարող եք նայել, ոչ մի բովանդակային քննարկում չի եղել եւ առաջիկայում չի էլ լինելու:
-Այսինքն՝ դժգո՞հ եք:
-Այո, դժգոհ եմ, բայց, անկախ իմ դժգոհությունից, փաստ է, որ ոչ մի բովանդակային քննարկում չի եղել, բովանդակություն չկա, նույնիսկ թեթեւ նյութ չկա, որ դրանով գնաս հանրային քննարկման: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ու խորհուրդը տարբեր մարմիններ են: Ես խորհրդի անդամ եմ, հանձնաժողովը մասնագետներից բաղկացած մարմին է: Առաջիկա ուրբաթ օրը հանձնաժողովը մտադիր է հանրային քննարկում անել, առանց ունենալու որեւիցե նյութ. ես չգիտեմ՝ ինչ են քննարկելու:
-Եթե անգամ ունենան, արդյոք կհասցնե՞ն մինչեւ սեպտեմբեր փաթեթ ներկայացնել:
-Ոչ:
-Իսկ եթե Դուք դժգոհ եք, Ձեզ չի հուսադրում, հնարավո՞ր է՝ որոշեք կազմից դուրս գալ:
-Դե, այն, որ դժգոհ եմ, դեռ չի նշանակում, որ հույս չեմ կապում: Դեռեւս հույս ունեմ, որ ինչ-որ պրոցես կգնա: Եթե տեսնեմ, որ որեւիցե հույս չկա, բա մնալու եմ՝ ի՞նչ անեմ:
-Իշխանությունները, 2018թ.-ին դեռ չընտրված, հրապարակներից հայտարարում էին, որ առաջին քայլերից պետք է լինի Սահմանադրության փոփոխությունը, ու կարեւորագույն մի քանի կետեր էին նշում: Հիմա անցել է ուղիղ 4 տարի: Հապաղո՞ւմ եք տեսնում, թե՞ կամքի բացակայություն եք տեսնում, որ այդպես էլ միս ու արյուն չի ստանում այդ փոփոխությունը:
-Տարբեր պատճառներ կան: Պետք է արձանագրենք, որ բոլոր ռեֆորմներն են դանդաղել: Այստեղ պատճառը հիմնականում իշխանությունների կարողությունների մեջ է, բայց որոշ առանձին ռեֆորմների պարագայում՝ նաեւ մեծ ցանկության բացակայությունն է: Այսինքն՝ բոլորս ակնհայտ տեսնում ենք, որ իշխանությունը շատ մեծ եռանդ չունի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու:
-Այսինքն՝ լավ հարմարվել են, հետեւաբար ջանք ու եռանդ չեն ներդնո՞ւմ:
-Ուրիշ առաջարկություններ ունեն, օրինակ՝ անվտանգությունը եւ այլն:
-Դուք ակնարկեցիք կարողությունների մասին. ի՞նչ նկատի ունեք՝ գիտելիքնե՞րը, փո՞րձը:
-Բոլոր ռեֆորմները ուշանում են, հետաձգվել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:
-Կաշկանդվա՞ծ են մասնագետների հետ քննարկելու հարցերը:
-Չէ, խոսքը միայն մասնագետների մասին չէ, խոսքը տարբեր բաների մասին է, այդ թվում՝ իշխանությունների մենեջմենթային կարողությունների մասին է: Ինչ վերաբերում է իշխանության կարողություններին, ապա մենք հստակ տեսնում ենք, որ բազմաթիվ այն ռեֆորմները, որոնց մասով իշխանության ցանկությունը կար, հիմա այդ ռեֆորմները դանդաղում են: Կան բազմաթիվ ուշացումներ, դանդաղումներ, որոնք իշխանության դժկամությամբ չեն պայմանավորված, այլ պայմանավորված են այն հանգամանքով, որ իշխանությունը պատշաճ չի ներկայացրել այդ ռեֆորմը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։
Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով: Փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված զանցակազմը պարունակող արարքների կտրուկ նվազում։ Մասնավորապես՝
«Հոդված 162.
- Ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝
l առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
l առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ»։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆ
ԿԱՐՈ՞Ղ ԵՆ «ՄԵԾ ՁԿՆԵՐԻ» ՊՈՉԻՑ ԲՌՆԵԼ
Օրերս Պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները Թումանյանի տարածաշրջանի երկու տղամարդու են բերման ենթարկել՝ ապօրինի ծառահատման կասկածանքով: Նրանց վարած մեքենան, ինչի բեռնախցիկում բարակաբուն ծառեր են եղել, տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժին: Ոստիկանության կողմից տարածվող նմանօրինակ հաղորդագրությանները բազմաթիվ են: Վերոնշյալ դեպքում, օրինակ, տղամարդիկ հատված ծառերն իրենց մարդատար մեքենայով՝ Vaz 21 07-ով են փորձել տեղափոխել, այնինչ քիչ չեն դեպքերը, երբ առավել «փորձառու ու արհեստավարժ» ծառահատներն այնպիսի պրոֆեսիոնալիզմով են մի քանի բեռնատար հատված ծառ տեղափոխում, որ որեւէ մեկն այդ մասին անգամ գուշակել չի կարող: Մի քանի բարակավուն շիվ հատած տղամարդիկ ծառերը գուցե կենցաղային տարրական հարցերը լուծելու համար են հատել, գուցե՝ վաճառելու նպատակով, դա քննությունը ցույց կտա, բայց պարզ է, որ նրանք այս խաղի շատ փոքր մասն են: Հետեւաբար Լոռու մարզի պարեկներին հորդորում ենք բռնել «մեծ ձկների» պոչից, եթե, իհարկե, այդքան «դուխ» կամ հրահանգ կունենան վերեւից: Խեղճուկրակ գյուղացու «07»-ը բռնելը, նկարելը, հետո ասելը, թե տեսե՛ք՝ ինչ լավ ենք աշխատում, իսկապես ծիծաղելի է:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴԱԺԱՆ
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով ընդդիմադիր Դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններին, ասել է. «Խոսքը գնում է ոչ միայն պատգամավորների, այլ բազմաթիվ մարդկանց նկատմամբ ոստիկանների կողմից առանձնահատուկ դաժան վերաբերմունքի մասին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ունի այդպիսի հոդված, որտեղ կա հստակ տարբերակում. եթե հասցվում է թեթեւ կամ միջին ծանրության վնասվածք, ապա այդտեղ կա հասանելիք պատիժը: Այս առումով ես համոզված եմ, որ ոչ թե պետք է Վարչական օրենսգրքով դիտարկեն այդ դեպքերը, այլ Քրեական օրենսգրքով, որովհետեւ չի կարելի մտածել, որ դա եղել է ուժի ոչ համաչափ կիրառում, որովհետեւ ակնհայտ երեւում է ոստիկանների առանձնահատուկ դաժանությամբ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ»: Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է այսօր, խախտում է ոչ միայն մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, քաղաքական իրավունքները եւ ազատ արտահայտման միջազգային նորմերը, այլ նաեւ կոնվենցիայի. «Ըստ կոնվեցիայի՝ սա անվանումն է կտտանքների, դաժան վերաբերմունքի, անմարդկային եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի»: