2021թ. համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ սպառման աճը կազմել է 3,7 տոկոս, արտահանումն աճել է 16,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10,9 տոկոսով:
Հաշվետու տարվա ընթացքում մի քանի անգամ վերանայվել են տնտեսական աճի կանխատեսումները, եւ փաստացի արձանագրվել է 5,7 տոկոս աճ: Ամբողջ տարվա ընթացքում եղել է գնաճային բարձր ֆոն: Միջին գնաճը կազմել է 7,2 տոկոս. սա նաեւ այն գործոնն է, որը նկատվում է այս տարվա ընթացքում: «Գնաճն ամբողջ աշխարհում է եղել նկատելի թե՛ նախորդ տարվա ընթացքում, թե՛ այս տարվա»,- հավելել է նախարարը:
Աշխատանքի շուկան արձանագրել է դրական զարգացումներ, 2020թ. համեմատությամբ՝ նկատելի է միջին աշխատավարձի աճ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Մասնավորապես, միջին աշխատավարձը 2021թ. 7,6 տոկոսով ավելի բարձր է եղել՝ 2020թ. համեմատ:
ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 4,6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,8 տոկոսային կետով, իսկ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,3 տոկոս՝ նախորդ տարվա փաստացի արդյունքից նվազելով 3,2 տոկոսով:
Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 690 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 49 մլրդ դրամ: Արձանագրվել է 359,1 մլրդ դրամի պակասուրդ:
«Ծախսերի կատարողականը կազմել է 97,8 տոկոս, ըստ ճշտված պլանի՝ ունեցել ենք 359 մլրդ դեֆիցիտ ֆինանսավորելու ծրագիր, փաստացի 320 մլրդ դրամ է կազմել ներգրավված միջոցների հաշվին ֆինանսավորումը կամ դեֆիցիտը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Պետական պարտքը 2021 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 3 մլրդ 6 մլն դոլարի. դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրիլիոն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրիլիոն 972 մլրդ, եւ ներքինը՝ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարը պատասխանել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին: Նա տեղեկացրել է, որ 2021թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել 5,3 տոկոսով. ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1 տոկոս: Բյուջեի եկամտային մասն էլ հաշվետու տարում գերակատարվել է 147 մլրդ դրամով, այսինքն՝ 147 մլրդ դրամ ավելի գումար է մուտք եղել պետական բյուջե:
«Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձեւով: Մենք միջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու հարկային դրույքները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը պիտի փորձենք լուծել»,-հարկային քաղաքականության համատեքստում նշել է վարչապետը:
Բյուջեի քննարկման ժամանակ խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է, որ 2021թ. 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: Համեմատության համար նշվել է, որ 2017թ. ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ: «2021թ. ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որեւէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարողներին ԱԱՀ-ն այժմ վերադարձվում է ամսական կտրվածքով:
«2018թ. հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը տնտեսավարողներին 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել: Այդ գումարից մոտ 50 մլրդ դրամը «հուսահատ գումար» էր: «Երբ 2017 թ. ընդունվել էր Հարկային նոր օրենսգիրքը, կառավարությունն ասել էր, որ նախկինում ունեցած պարտքերը դնում են մի կողմ եւ դրան չեն անդրադառնալու: 2019թ., երբ մենք արդեն բյուջեի եկամուտները գերակատարում էինք, որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին՝ անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, «հուսահատ պարտք» էր, որը մենք վերադարձրինք տնտեսավարողին»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ դա կարող էին չանել, սակայն համարել են, որ պետության հեղինակությունն ամենակարեւորն է, եւ չի կարող այնպես լինել, որ պետությունն ինչ-որ մեկից գումար վերցնի եւ չվերադարձնի: Այդ ժամանակ պետությունը նախատեսել էր վերադարձնել 56 մլրդ դրամ, բայց փաստացի վերադարձրել է 42 մլրդ դրամ, քանի որ շատ ընկերություններ այդ ընթացքում լուծարվել էին: Նա նշել է, որ այժմ Հայաստանում 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա: Իսկ եթե կա ԱԱՀ-ի դեբետի պարտք, նշանակում է, որ տնտեսավարողը դեռ չի հասցրել դիմում տալ, որպեսզի 1 ամսվա ընթացքում ստանա: Վարչապետը կարեւորել է նաեւ եկամտային հարկի մասով իրականացված բարեփոխումը՝ նշելով, որ դրա արդյունքում քաղաքացիներն այժմ 21 տոկոս եկամտահարկ են վճարում:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ իրականացված մյուս բարեփոխումներին, ընթացիկ տնտեսական ցուցանիշներին՝ դրանք համարելով լավատեսական:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՖԼՅԱՑԻԱՆ ԱՃՈՒՄ Է
Հայաստանում ինֆլյացիան ներկայումս աճում է։ Այս մասին 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ 2022 թվականի մարտին արված վերջին կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին ինֆլյացիան պետք է լիներ 6-6,5 տոկոսի մակարդակում, սակայն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված՝ նոր ցնցումներ առաջացան։ «Հիմնական արտաքին ցնցումը էներգակիրների թանկացումն է եւ գլոբալ թանկացումը՝ կապված մատակարարումների շղթաների սպասարկման հետ։ Այս պահին մենք գնահատում ենք այդ ցնցումների ազդեցությունը, թեեւ որոշակի առումով իրականում արդեն տեսնում ենք դրանք։ Վերջին մեկ ամսվա ընթացքում գնաճը կրկին սկսել է աճել»,- ասել է նա: Նա հույս հայտնեց, որ ԿԲ դրամավարկային քաղաքականության արդյունքում երեք ամսից ինֆլյացիան կրկին կսկսի նվազել։
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը. երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
2,5 ՄԼՐԴ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ
«Ապրիլին ոստիկանները չեն պարգեւատրվել, պարգեւատրվել են մայիսին»,- երեկ ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։ «Ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասնող հավելավճարները, կարծեմ՝ մոտ 2,5 միլիարդ դրամ է կազմել», – նշել է նա։ Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ պարգեւավճար ստացել են բոլորը, ու դա պայմանավորված չէ Երեւանում տեղի ունեցած ցույցերով։
ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում խոսեց օրենսդրական մի նախաձեռնության մասին, որով բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել: Վարչապետի խոսքով՝ եթե անգամ կլինեն մարդիկ, որոնք այդպես գնումներ կկատարեն, հետագայում վիճարկելու պարագայում իրավական ուժ չեն ունենալու: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա իր հերթին բերելու է ֆիսկալ էֆեկտների: Միեւնույն ժամանակ նշենք, որ հուլիսի 1-ից մեկ այլ օրենք է մտնելու ուժի մեջ, որը կրկին միտված է կանխիկ առեւտուրը սահմանափակելուն: Ըստ այդ փոփոխությունների՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները հուլիսի 1-ից կարվեն միայն անկանխիկ եղանակով: Միեւնույն ժամանակ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023 թվականի հունվարի մեկից՝ 50 հազար դրամից ավելի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 հազար դրամից ավելի վարկերը: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Միեւնույն ժամանակ իշխանությունները նպատակ ունեն Հայաստանում ներդնել համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին 2023 թվականի եկամուտների համար:
ՍՏՈՒՅԳ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի համոզմամբ՝ միանշանակ ու ստույգ չի կարելի պնդել, թե Հայաստանն արբանյակ ունի: Ինչու՝ որովհետեւ արբանյակ ունենալ նշանակում է ամբողջովին տիրապետել դրա կառավարմանը եւ հասանելիություն ունենալ տվյալներին։ ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ կարծիք ու վերլուծություն անելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ արբանյակի մասին է խոսքը, իսկ Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարությունը որեւէ տվյալ, տեղեկություն չի հայտնում: «Այսինքն՝ նախապես ձեզ՝ մասնագետներիդ հետ ոչինչ չե՞ն հստակեցրել, չե՞ն քննարկել»,- հարցին Միքայելյանը բացասական պատասխան է տալիս՝ ավելացնելով, որ դատողություններ կարող է անել, բայց քանի որ մանրամասնությունների չի տիրապետում, հետեւաբար չի կարող ասել՝ դրանցից որն է ճիշտ, որը՝ սխալ: «Տարբեր բաներ են գրում. լրագրողներից մեկն էլ գրել էր, թե նայել են, ու ոչ մի տեղ չի երեւում արբանյակը: Այնպիսի մի վիճակ են ստեղծել… Ես կգերադասեի, որ հստակեցնեին, իմանանք, որ Հայաստանը արբանյակ ունի, նոր կոնկրետ խոսենք, ուրախանանք: Նորմալ, այսինքն՝ լուրջ գործառույթներ իրկանացնող երկրակայուն արբանյակները 200-250 միլիոն դոլար արժեն։ Մեր կառավարությունը երբեք որեւէ գումար չի հատկացրել, որպեսզի Հայաստանն արբանյակ ունենա։ Հնարավոր է՝ արբանյակը մասնաբաժնով է հայկական, մերոնք ինչ-որ մշակումներ ունեն»,- շեշտում է նա: