Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ամփոփել է Ադրբեջանի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված, մինչեւ 2020թ. նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ռազմական գործողությունների շրջանններից զենք-զինամթերք առերեւույթ ապօրինի կերպով ձեռք բերելու, հափշտակելու, Հայաստանի Հանրապետության տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների շարժընթացը 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ: Ըստ այդմ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, պատերազմով պայմանավորված, ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, հափշտակության, փոխադրման դեպքերի առթիվ նախապատրաստված 756 նյութերից 219-ով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի, նաեւ 238-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշված քրեական գործերից 16-ը միացվել է այլ գործերի, 38-ով կայացվել է հիմնականում առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, առանձին դեպքերում քննությունից մեղադրյալի թաքնվելու, գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով վարույթը կասեցնելու որոշում: Իսկ 63 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 38-ը՝ արդարացնող, 25-ը՝ ոչ արդարացնող հիմքերով: 60 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Քննված եւ քննվող քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից եւ կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործվելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ գործողություններում:
Հայտնաբերվել եւ առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ:
Ապօրինի կերպով ձեռք բերված եւ փոխադրված զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Դրանց մի զգալի մասը ի հայտ է բերվել քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանություն ներկայացվելու միջոցով:
Քննված կամ քննվող քրեական գործերով 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նշված ժամանակահատվածում մեղարդական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 54 անձի վերաբերյալ 42 քրեական գործ: Դատարան ուղարկված 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ, ԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու դեպքի առթիվ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
2022թ. մայիսի 30-ին ընդդիմադիր Դիմադրության շարժման կազմակերպիչները Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ եւ ուղղորդմամբ մասնակիցները շարժվել եւ հասել են վերը նշված հասցեում գտնվող նախարարություններ՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցի վերաբերյալ: Արդեն Կառավարական տան դիմաց ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել մասնաշենք, որտեղ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել են, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել իրենց: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը եւ ներխուժել մասնաշենք, ինչից հետո մասնակիցները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ տան մուտքի առջեւ ծառայություն իրականացնող ոստիկաններից կազմված պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին՝ սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել նրանց, եւ այդկերպ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ՝ ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ:
Դրանից հետո հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե իբրեւ հեռանում են նշված վայրից եւ շարունակում երթը Հանրապետության փողոցով դեպի Տիգրան Մեծ պողոտա, իսկ այնուհետեւ՝ Նալբանդյան փողոցով դեպի Սայաթ-Նովա պողոտայի հատման վայր: Այդկերպ շեղելով ոստիկանության ծառայողների ուշադրությունը եւ հասնելով մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի մոտ` հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ զանգվածային անկարգությունների մասնակիցները խմբերով, տարբեր ուղղություններով վազել եւ կրկին առաջացել են դեպի Կառավարական 3-րդ տուն եւ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին` փորձել են կրկին մուտք գործել նախարարություններ, սակայն հանդիպելով ոստիկանական պատնեշին, քաշքշելով, հրելով ու հարվածելով՝ նրանց նկատմամբ կրկին բռնություն են գործադրել:
Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել եւ խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների եւ այլ ձեւերով: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Այս պահի դրությամբ կա ձերբակալված ութ անձ: Նախաքննությունը շարունակվում է:
ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Ա. Հովաննիսյան փողոցի 20 շենքի հետնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել։
Պարզվել է, որ նշված ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել էլեկտրական լարերի խափանում, ինչից առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Մինչ հրշեջների ժամանումը տեղի ուժերով մարել են կրակը, իսկ փրկարարները պայթյունի հետեւանքով նշված շենքի հարեւանությամբ գտնվող թիվ 16 շենքի վերելակում արգելափակված մի քաղաքացուհու դուրս են բերել այնտեղից։ Ժամանել են նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել ավտոտեխսպասարկման կետի աշխատակից 44-ամյա Էդգար Զ.-ին։ Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի բռնկման պատճառը, պարզվում է:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Արեւմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում, այնուհետեւ կատարվել է զննում, եւ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ:
Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված 2 արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու եւ մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հանցագործության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: