ՍՈՎՈՐՈՒՄ Է 3760 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել եւ ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա եւ սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի եւ երկրների: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2021-2022 թթ. ուսումնական տարում ՀՀ-ում գործող միջազգային բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը 354 է, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի թիվը՝ 471: Ընթացիկ ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում են 3.760 օտարերկրացի եւ 4.248 սփյուռքահայ ուսանող:

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 27.9%-Ը ԾԽՈՒՄ Է

Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը), դեռահասների շրջանում կյանքում երբեւէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը եւ աղջիկների 3%-ը: Հայաստանում  ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների բոլոր տեսակները  վնասակար են առողջության համար,  չկա դրանց անվնաս չափաբաժին: Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման  հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների վրա:

Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ եւ որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ եւ բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման եւ հովանավորության բոլոր ձեւերը, գործում են նաեւ այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ  եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:

 




Լրահոս