ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

 

Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհին  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ: Վթարի հետեւանքով ուղեւոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» ԲԿ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞վ իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Խնդրում եմ ասել՝ որ մարմիններն են նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:

Ալվինա Մանուկյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Քաղաքացու հարցին ի պատասխան՝  տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների եւ կարճատեւ ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:  Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով (եռամսյակով): Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է իրականացվում անվան փոխման գործընթացը:

Լիաննա Ղազարյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան փոխման պետական գրանցման հիմքերն են՝

տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը,

տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի: Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:

Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,

2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 

 

 

 

 




Լրահոս