«ՍԽԱԼ ՀԵՏՔԱՅԼ Է ԱՐՎԵԼ». Տ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

 

-Հայաստանի վարչապետի հետ մոտ մեկ շաբաթ առաջ՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որը թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը դրական էին որակել, Ադրբեջանի նախագահն այսօր (երեկ-խմբ.) հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Նախ կարեւոր եմ համարում արձանագրել, որ մինչ Բրյուսելում ընթանում էր եռակողմ հանդիպումը, Ադրբեջանն ու Թուրքիան միասնաբար, համատեղ զորավարժություններ էին անցկացնում Կարսում: Դրանից հետո՝ մայիսի 26-29-ը, Ադբեջանում տեղի ունեցավ «Տեխնոֆեստ Ադրբեջան 20-22»-ը, որին մասնակցում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այդ միջոցառման շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ու ելույթներ տեղի ունեցան, որտեղ եւս մեկ անգամ երկու կողմերից՝ ե՛ւ Արդբեջանի, ե՛ւ Թուրքիայի կողմից շեշտվեց, որ իրենք տարածաշրջանում հարցերը լուծելու են միասնաբար: Նշեմ, որ Բրյուսելից անմիջապես հետո, երբ տեղի ունեցավ սահմանազատման հանձնաժողովի առաջի նիստը, Ադրբեջանը գնաց հերթական սադրանքի, որի հետեւանքով մենք զոհ ունեցանք: Դրան նախորդել էր Ադրբեջանի նախագահի ելույթը, որտեղ հերթական ռազմատենչ հայտարարություններով, տարածքային նոր նկրտումներով էր հանդես եկել: Ուստի այն տրամաբանությունը, որ իշխանությունը փորձում է ներկայացնել հանրությանը, թե շարունակական զիջումների  գնալով, Բաքվին չբարկացնելով՝ կարող ենք կայուն իրավիճակ ապահովել, որեւէ քննություն չի բռնում:

Ամեն անգամ Հայաստանի կողմից հետքայլին  հաջորդում է Արդբեջանի հերթական սադրանքը եւ ռազմատենչ ելույթը: Ինչ վերաբերում է Արդբեջանի նախագահի ձեւակերպումներին՝ կապված հետագա  բանակցային գործընթացի հետ, ապա կարծում եմ, ամեն դեպքում, ըստ պաշտոնական Երեւանի,  խոսել են կարգավիճակի մասին: Իսկապես շատ սխալ հետքայլ է արվել ազգերի ազատ դիրքորոշման իրավունքից, հենց սա էլ  էլ գործիք դարձել Բաքվի ձեռքին՝ ասելու, որ չի կարող քննարկվել կարգավիճակի հարց: Ի տարբերություն Երեւանի, որը հայտարարում է, որ փորձում է զատել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները բուն ղարաբաղյան կարգավորման գործընթացի հարցից, Արդբեջանի նախագահը բաց տեքստով ասում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցը պետք է հանգեցնի Հայաստանի կողմից Արցախն Արդբեջանի կազմում ճանաչելուն:

-Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հնարավոր բոլոր ձեւերով հերքում են այդ հանգամանքը: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, ի՞նչ է լինելու այս հարցի հետ:

-Շառլ Միշելը որոշակի պարզաբանումներ է ներկայացրել՝ այս մեկնաբանությունների հետ կապված, եւ արձանագրել էր, որ հանդիպման շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չեն ներկայացվել: Նա նման շահարկումները համարել էր ցավալի: Դրանով հանդերձ Ադրբեջանի նախագահը երեկ  եւս, անդրադառնալով Եվրոպա հնարավոր գազամատակարարման ծավալների մեծացմանը, անդրադարձել էր «Զանգեզուրի հնարավոր միջանցքին»՝ նշելով, որ ուղի է իրենց համար, որպեսզի կարողանան քննարկել դեպի Եվրոպա գազի ծավալների մեծացման հարցը: Այսինքն՝  այդ հարցն Ադրբեջանը շարունակաբար պահելու է իր օրակարգում եւ փորձելու է մանեւրել դիվանագիտական սեղանի շուրջ: Եթե դա չստացվի, չի բացառվում իրենց կողմից  ռազմական սցենարի կիրառումը: Իհարկե, ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցի հետ կապված դիմադրություն կա հայկական կողմից, բայց ինչպես միշտ, չկան հաշվարկներ, չկա գիտակցում, թե որքան հեռու կարող է Բաքուն գնալ, համարժեք քայլեր չեն ձեռնարկում: Նույնիսկ եթե դրանք կան, առնվազն տեսանելի չեն:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

Նոր գործընթաց է սկսվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ: ArmLur.am֊ին հասած լուրերի համաձայն՝ նրան ներքին կարգով ասել են, որ դիմում գրի եւ ազատվի ԲԴԽ նախագահի պաշտոնից. եթե ոչ, ապա գործընթացներ կսկսվեն նրա դեմ. կարգապահական վարույթ կհարուցեն եւ այդ ճանապարհով կկասեցնեն  լիազորությունները: Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Armlur.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Ինձ չեն վախեցնի, այլ կդրդեն ավելի պայքարել: Այսքա՛նը»: Իսկ ի՞նչ հիմքով են պատրաստվում Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցել։

 

Բանն այն է, որ Ռուբեն Վարդազարյանը armdaily.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, որով Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը ԲԴԽ անդամի պաշտոնում համարվել էր Սահմանադրությանը համապատասխանող:

«Կեցցե՛ Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ եւ հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում եւ շատ բարձր եմ գնահատում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդեւանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր. համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումներ… Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թեւին։ Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե՛ Սահմանադրական դատարանը»,- ասել էր նա կայքի հետ զրույցում:

ԲԴԽ-ում համարել են, որ Ռուբեն Վարդազարյանը խախտել է դատավորի էթիկայի կանոնները, ու Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ մեկ այլ անդամի միջոցով Ռուբեն Վարդազարյանին առաջարկել է ինքնակամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից. եթե ոչ, ապա նրա նկատմամբ կսկսվի գործընթաց: Ինչեւէ, սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳ Է ՏՎԵԼ

ArmLur.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ` օրերս՝ կառավարության մասնաշենքի առջեւ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ոստիկանների կիրառած ուժից հետո մի շարք քազաքացիներ տուժեցին, ու բանն ընդհուպ արյունոտ տեսարանի հասավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգել է` «Անկարգությունների կազմակերպում, իրականացում» հոդվածով հնարավորինս շատ թվով մարդկանց մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Խոսքն ինչպես շարքային մասնակիցերի, այնպես էլ քաղաքական գործիչների ու պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու մասին է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն իր վրա նախկինում կիրառված հոդվածներն ուզում է «նախկինների» վրա դնել։

 

 

 

337 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ

Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների վերանորոգման համար քաղաքային իշխանությունը մտադիր է ծախսել 675 000 եվրո գումար: Ի դեպ, այս գումարի չափը նախնական տվյալներով է, եւ չի բացառվում, որ այն փոփոխվի, այսինքն՝ կա՛մ ավելանա, կա՛մ պակասի: Ըստ քաղաքապետարանի՝ Հանրապետության հրապարակի շատրվանների գունաերաժշտական համակարգը գտնվում է տեխնիկապես վատ վիճակում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն պարբերաբար խափանվում է, եւ չի բացավում, որ դրա շահագործումը յուրաքանչյուր պահի դառնա անհնարին: Նշենք, որ հրապարակի շատրվանների գունաերաժշտական համակարգը տեղադրվել է 2011 թվականին Aquatique-show կազմակերպության կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերության աշխատանքային խումբը 2020 թվականին նախնական հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ գունաերաժշտական համակարգի սարքավորումները, պահեստամասերը տեխնիկապես վատ վիճակում են: Ի դեպ, տեղեկացնենք, որ 675 000 եվրոյից միայն 386 000 եվրոն կծախսվի վնասված մալուխները նորով փոխարինելու, լուսարձակների տեղադրման համար: Լուսադիոդային տեսապրոյեկտորի համար կհատկացվի 62100 եվրոին համարժեք դրամ, զում-օբյեկտիվի համար՝ 3600 եվրո, լազերային լյումինոֆորի համար՝ 46500 եվրո, իսկ սարքավորումների բեռնափոխադրման համար՝ 5000 եվրո: Նշենք, որ մաքսային ձեւակերպման ժամանակ նախատեսված վճարումները, նախնական տվյալներով, 160000 եվրո է:

Մասնագետների այցի հետ կապված ծախսերը (ավիատոմս, կացություն, մասնագետների վարձատրություն) 8000 եվրո է: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ, խափանված DVD պրոյեկտորի փոխարեն, տեղադրվելու է նոր DVD պրոյեկտոր ջրային էկրանին տեսահոլովակներ ցուցադրելու համար:

 




Լրահոս