ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանն անդրադարձել է երշիկեղենի շրջանառության ոլորտում 2021 թվականին Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքներին՝ ներկայացնելով որոշ լրացուցիչ տեղեկություններ՝
2021 թվականին երշիկեղենի շրջանառության ոլորտում Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտված առերևույթ խնդիրների առիթով հարուցվել է թվով 12 վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։
Վարույթների շրջանակներում թվով 10 տնտեսավարող սուբյեկտ համագործակցել է Հանձնաժողովի հետ և սեղմ ժամկետներում ներկայացրել տվյալներ թույլ տված բացթողումները շտկելու վերաբերյալ։
Միաժամանակ «Ջրվեժ մսամթերքի կոմբինատ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 4 207 268 ՀՀ դրամի չափով։
«Բարի Սամարացին» ՍՊ ընկերությունը գործի ընթացքում պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել (որի համար նշանակվել է տուգանք՝ 4 154 200 ՀՀ դրամի չափով), հետևաբար նշված հիմքով վարույթը կասեցվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ն անդրադարձել էր երշիկեղենի շրջանառության ոլորտին:
ArmLur.am-ը Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովից տեղեկացել էր, թե որ ընկերություններն են խախտում կատարել եւ սպառողներին մոլորեցրել: Դրանց թվում է «Աթենք», «Առդելիկատես», «Միթ Ֆուդ», «Էլիտ Պռոտ», «Նաթֆուդ», «Բեկոն Պրոդուկտ», «Արմ Միթ», «Լումա», «Բաբիկ 90 ԱԿ», «Ցարիցինո» ընկերությունները: