ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երշիկեղենի փաթեթավորման վրա նշվել է տավարի միս, բայց այն բացակայել է բաղադրությունից. որ ընկերություններն են օրինախախտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է երշիկեղենի շրջանառության ոլորտին: Պարզվում է՝ երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործվել են փաթեթավորման վրա չմակնշված բաղադրիչներ՝ կարտոֆիլի օսլա, սոյա, կենդանական ու բուսական սպիտակուց և այլն: Երշիկեղենի փաթեթավորման վրա մակնշվել են դրանց բաղադրության մեջ չօգտագործված բաղադրիչներ՝ տավարի միս, հավի միս, հայկական կոնյակ և այլն: Ավելին, պարզվել է, որ երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործված մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը կազմել է 5-60 տոկոս, իսկ նշված երշիկեղենի փաթեթավորման վրա որպես մսամթերքի խումբ մակնշվել է «մսային»։

ArmLur.am-ը  Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովից տեղեկացավ, թե որ ընկերություններն են խախտում կատարել եւ սպառողներին մոլորեցրել: Դրանց թվում է «Աթենք», «Առդելիկատես», «Միթ Ֆուդ», «Էլիտ Պռոտ», «Նաթֆուդ», «Բեկոն Պրոդուկտ», «Արմ Միթ», «Լումա», «Բաբիկ 90 ԱԿ», «Ցարիցինո» ընկերությունները:

Ստացվում է, որ տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին եւ երշիկեղենի փաթեթվածքների վրա մակնշել են թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ինչի արդյունքում սպառողները կարող են ապակողմնորոշվել, կամ մակնշման մեջ բացակայել են տեղեկություններ, ինչը սպառողներին հնարավորություն չի տվել ամբողջական պատկերացում կազմել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հարուցել է 12 վարույթ, 2 տնտեսավարող սուբյեկտի մասով՝ «Բարի Սամարացի» ու «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», վարույթն ընթացքի մեջ է, 10 տնտեսավարող սուբյեկտ ընդունել է իրավախախտում կատարելու փաստը:

Ս.Հ.




Լրահոս