Արդեն մի քանի օր է, ինչ իրավապահ համակարգը ամեն ինչ անում է Ապարանում աղմակահարույց կրակոցների գործով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թիմակիցներին ջրից չոր դուրս հանելու եւ նրանց քրեական գործից մաքրելու ուղղությամբ, մասնավորապես՝ նախաքննաական մարմինը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, պաշտոնապես հայտնել էր, թե քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Մինչ ՀՀ ոստիկանությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն պնդում են, թե մեկ անձ է կրակոց արձակել, ինչի հետևանքով ունեցել են երկու զոհ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 32 ամյա երիտասարդը միակ կրակողը չի եղել: Մասնավորապես վերոնշյալ օրը տարբեր զենքերից են կրակոցներ արձակվել եւ այս պահին ձերբակալված 32-ամյա տղամարդը միակը չէ, որ կրակել է վիճաբանության մասնակիցների ուղղությամբ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, կրակող անձանցից մեկը ՔՊ աջակից է, որին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ամեն ինչ անում են քրեական գործից մաքրելու համար:
Տեղեկության իսկությունը ճշտելու մասով դիմեցինք նախաքննական մարմին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է եւ դեպքի մասով ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածել է:
Քնար Մանուկյան