Հունիսի 13-ին կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Սիրված դերասանի մահը մեծ վիշտ է պատճառել հայ ժողովրդին եւ նրա կոլեգաներին, որոնք ցավակցական խոսքեր են հղել նրա հիշատակին:
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Մկրտիչ Ազրումանյան. «Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Ռաֆայել Արտյոմովիչ»:
Երգչուհի Գաբի Գալոյան. «Արտիստ ասելիս առաջին պատկերը, որ միշտ եկել է մտքիս, Չապլինն ու Քոթանջյանն էին… Հանգչի՛ր խաղաղությամբ, վարպե՛տ ջան…»:
ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյան. «Շատ ափսոս, Աստված հոգին լուսավորի սիրելի Ռաֆայել Քոթանջյանի՝ մեծ վարպետի»:
Ռեժսիոր Սուրեն Շահվերդյան. «Ափսոս, չհասցրեցինք իրականացնել նախագիծը: Հանգչի՛ր խաղաղությամբ, մե՛ծ արտիստ, իսկակա՛ն մտավորական»:
Դերասան Սոս Ջանիբեկյան. «Աստված հոգիդ լուսավորի, Վարպե՛տ: Ցավակցում եմ բոլոր հարազատներին»:
Երգիչ Սամվել Գրիգորյան. «Իմ մանկության ու երիտասարդության տարիներից եւս մի գույն պակասեց… Փայլուն դերասան ու արվեստագետ, ազնիվ մտավորական եւ կյանքի դասատու: Հանգչի՛ր խաղաղությամբ, մե՛ծ արտիստ»:
Երգչուհու Նարե Գրիգորյան. «Հանգչե՛ք խաղաղությամբ, Ռաֆայել Արտեմովիչ ջա՛ն»:
Երգչուհի Արեւիկ Ալավերդյան. «Բոլոր մեծերը լքում են: Հազա՜ր ափսոս…»:
Դերասանուհի Ռուզաննա Հարությունյան. «Ամեն անգամ, երբ խոսք էր գնում Ռաֆայել Քոնթանջյանի մասին, կամ իր մասնակցությամբ անգամ մի դրվագ էր աչքովս ընկնում, մտածում էի ու ուրախանում, որ ի՜նչ լավ է՝ մեզ հետ է, մեր կողքին…»:
ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսինե Կիրակոսյան. «Ռա՛ֆ ջան, շատ եմ ցավում եւ ցավակցում…»:
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյան. «Կյանքից հեռացավ իմ լավ ընկեր, բարեկամ Ռաֆայել Քոթանջյանը… Նա այն եզակի դերասաններից էր, որը չափազանց համեստ էր եւ իրական մտավորական: Ափսոս….»:
Նշենք, որ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942թ.-ին Թբիլիսում, 1946թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։
1960-1964թթ. սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան եւ ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում, եւ այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։
Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Քաոս», «Ադամանդե ձեռքը», «Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» եւ այլն։
1980թ.-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003թ.-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2017թ.-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի եւ այլ պարգեւների։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԱՏ ԹԱՆԿ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Մայիսի 26-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իրարանցում էր. պատճառն արդեն իսկ բոլորիս հայտնի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պատմական դրամայի մեծ պրեմիերան էր:
«Ունեցանք փայլուն պրեմիերա, մեծ ներկայացում: Կարծում եմ` շատ ստացված եւ հզոր ներկայացում էր, մեր մայրաքաղաքին բնորոշ հոգեբանություն ունեցող ներկայացում էր, շատ թանկ եւ հարուստ»,-ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ոգեւորությամբ նշեց մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով, որ այս թատերաշրջանի վերջին ներկայացումը կլինի հունիսի 19֊ին, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու թատրոնի առաջատար դերասաններին, ինչպես նաեւ նոր դեմքերի։
«Կարծում եմ՝ սա արժանի կտավ է թատրոնի 100֊ամյակի այս թատերաշրջանի համար»,-ընդգծեց նա։
Հավելենք, որ Արթուրո Ուիին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, հաղորդավարները Լիլի Էլբակյանն ու Մեսրոպ Աբտոյանն են: Ներկայացման մեջ ներգրավված են նաեւ Հայկ Իսրայելյանը, Անդրանիկ Զաքարյանը, Ալբերտ Սաֆարյանը, Հայկ Սարգսյանը, Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը եւ այլք: Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, երաժշտությունը՝ Լեւոն Խաչատրյանի, պարուսույցը Ռուզաննա Հախնազարյանն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ
Իտալիայի չեմպիոն «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյին։ Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հեռախոսազրույց է ունեցել Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որը դեմ չէ Ասենսիոյի հեռանալուն։ 26-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր «Ռեալի» պայմաններով երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Մադրիդյան ակումբը Ասենսիոյի տրանսֆերից ակնկալում է 30-35 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»:
ԴԵՄ Է ՆՇԱՆԱԿՄԱՆԸ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն դեմ է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում «Նիցայի» գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեի նշանակմանը: Գալտիեի թեկնածությունն առաջարկել է ՊՍԺ-ի նորանշանակ մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։ Նրանք միասին աշխատել են «Լիլում», որն անցած տարի նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Մբապեն ՊՍԺ-ի հետ 3 տարվա պայմանագիր կնքելու շնորհիվ ստացել է նաեւ թիմի մարզիչի ընտրության վրա ազդեցություն ունենալու իրավունք։ Սպասվում է, որ այս ամիս ՊՍԺ-ն կհեռացնի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Ակումբը բանակցում է նաեւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՂԱՑՈՂ
Թուրինի «Յուվենտուսից» եւ Իտալիայի հավաքականից հեռացած 37-ամյա պաշտպան Ջորջո Կիելինին դարձել է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» խաղացող։ Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։ Կիելինին «Յուվենտուս» էր տեղափոխվել 2005-ին «Ֆիորենտինայից»։ Թուրինյան թիմի հետ նա մասնակցել է 559 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում, դարձել է Իտալիայի 9-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաեւ ամերիկյան «Ինտեր Մայամին» եւ կանադական «Տորոնտոն»։