«ՊԵՏՔ Է ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԹՈՂՆԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաչյա Սարգսյանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո ավագանու գործակարգավարական նիստերը հեռարձակվում են ուղիղ եթերում։ Նախորդ քաղաքապետի՝ Հայկ Մարությանի ժամանակ գործակարգավարական նիստերը հրապարակային չէին, ու հասարակությունը չէր տեսնում, թե քաղաքապետարանի տարբեր վարչության ղեկավարները կամ թաղապետերն ինչ հանձնարարություններ են ստանում, գովասանքի կամ նախատինքի խոսքերի արժանանում։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի գնահատմամբ՝ դրական է, որ քաղաքապետարանի նիստերն այժմ առավել քան բաց են, բայց միեւնույն ժամանակ շեշտում է, որ քաղաքապետը փոքր-ինչ շտապում է այս կամ այն գործընթացների կամ ձեռքբերումների մասին հայտարարություններ անելիս։ «Ավելի լավ է՝ գործն անեն, ավարտեն, ապա նոր այդ մասին բարձագոչեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է նա։

 

-Երեւանի քաղաքապետը միշտ բուռն ելույթներ է ունենում կարգավարական նիստերի ժամանակ, հատկապես քաղաքացիների եւ երեւանցիների մոտ այնպիսի տպավորություն է, որ Երեւանն այդպիսի քաղաքապետ չի ունեցել, անկեղծ է եւ այլն: Դուք ավագանու անդամ եք. ի՞նչ  գնահատական կտաք նրա՝ այս ամիսների գործունեությանը:

-Այն, ինչ տեսնում է հանրությունը, չէր տեսնում նախորդ քաղաքապետերի ժամանակ, որովհետեւ թե՛ Տարոն Մարգարյանի եւ թե՛ Հայկ Մարությանի ժամանակ մենք պայքարել ենք, որ գործակարգավորականներին ավանգանու անդամներից գոնե մեկը հնարավորություն ունենա մասնակցելու, ինչը թույլ չի տրվել քաղաքապետերի կողմից, իսկ Հրաչյա Սարգսյանն ավելի բաց արեց: Մյուս քաղաքապետերի ժամանակ էլ էին քննարկումները երեւի նույնը: Համեմատական չեմ կարող տանել նախորդի ու ներկայի մեջ: Պարոն Սարգսյանի մասին կարող եմ ասել, որ շատ հեշտ է նաեւ մեզ՝ ընդդիմադիր ավագանիներիս աշխատել, որովհետեւ ինքը, ի տարբերություն նախորդ քաղաքապետի, լսել է սիրում: Ցանկացած խնդրի շուրջ նա լսում է, նաեւ անում է իր առաջարկները, եւ ընդհանուր լուծում ստացվում է:

-Մի փոքր սխալ չէ՞ ասել, որ հարցերին լուծում է տրվում, քանի որ հարցերը բարձրաձայնվում են, բայց լուծումներ այդպես էլ չեն տրվում:

-Լուծումներն այնքան էլ հեշտ չեն Երեւանի պարագայում, որ միանգամից արվեն ու երեւան: Ես կարծում եմ, որ լուծումները քիչ-քիչ կտրվեն, բայց դրա համար էլ մի փոքր պետք  է համեստ արտահայտվել բարձրաձրած հարցերի մասով: Պետք է այդ պոպուլիզմը թողնենք, եւ այն, ինչն այսօրվա լուծման հնարավորություն ունի, այդ հարցը բարձրաձայնենք: Ես վստահ եմ, որ քաղաքապետն ուզում է լուծել այն հարցերը, որոնք բարձրացնում է, բայց քանի որ դրանք ժամանակատար են, մարդիկ չեն տեսնում: Ստացվում է, որ  ասաց եւ չարեց, հենց դրա համար պետք է ավելի զգույշ արտահայտվենք:

-2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքային իշխանությունը խոսում է մետրոյի նոր կայարանի բացման մասին, եւ խոսում են բոլորը՝ վարրչապետից սկսած մինչեւ քաղաքապետարանի ինչ-որ վարչության ղեկավար: Հիմա այս թեման նորից եկել է հրապարակ, եւ հասարակության մոտ տրամադրություն կա, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններ են, եւ իշխանությունները սա նորից բերում են օրակարգ: Ի՞նչ տեղեկություններ կան կայարանի մասով:

-Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով  միշտ ասել է, որ չի հավատում, որ մետրոյի կայարանը կառուցվելու է, եւ համենայնդեպս ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՔՐԳՈՐԾ՝ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

«Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին։ Իմ գրության հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ»,- հաղորդագրություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

 

«Հունիսի 3-ին Երեւանում հավաքին մասնակցած քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել էին հատուկ միջոցներ, որի արդյունքում տուժել էին մի շարք քաղաքացիներ եւ ոստիկաններ։ Ընդ որում՝ ինչպես ավելի վաղ էլ հայտարարել էի, մասնագետների եւ ականատեսների վկայություններով՝ քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է, որը բացարձակ անթույլատրելի է։

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ անդրադարձել էի առանց նախազգուշացման ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման պնդումներին եւ մեջ բերել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ ոստիկանությունը հատուկ միջոցները գործադրելուց առաջ պարտավոր էր նախազգուշացնել հավաքին մասնակցող քաղաքացիներին դրանց գործադրման մասին։

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր։

Գլխավոր դատախազին էի ներկայացրել նաեւ բոլոր այն մտահոգությունները, որ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել, իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։ Գլխավոր դատախազին ուղղված գրությունը վերաբերում էր հանձնարարականին՝ քննության առնելու ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը եւ համապատասխան ընթացք տալու։

Եվ, ահա, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատասխան գրության մեջ նշված է, որ ստացվել է իմ գրությունն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանության ծառայողներն առանց նախազգուշացման կիրառել են ժամկետն անցած հատուկ միջոցներ, որի հետեւանքով տարբեր քաղաքացիներ ստացել են բեկորային վնասվածքներ։ Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ պաշտոնատար անձի /անձանց/ կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ դրա հետեւանքով անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հետեւողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին եւ ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

Հ.Գ. Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ «ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություներ մտցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի մեջ՝ աաջարկելով խմբագրել նոր գումարվող խորհրդարանի անդրանիկ նիստի անցկացման առաջին իսկ կետը: ArmLur.am-ն ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ նոր գումարված ԱԺ-ի առաջին նիստը նախագահելու է կառավարող խմբակցության տարիքով ավագ պատգամավորը: «Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է կառավարող խմբակցության (կոալիցիայի անդամ) տարիքով ավագ պատգամավսորը»,- ասված է փոփոխության մեջ: Ստացվում է՝ այսուհետ նոր գումարվելիք խորհրդարանի անդրանիկ նիստը ոչ թե Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է վարելու, որ կարող է նաեւ ընդդիմության ներկայացուցիչ լինել, այլ միայն կառավարող ուժի ամենատարեց ներկայացուցիչը:

 

 

 

ՉԶԵԿՈՒՑՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄ

Կառավարության պահուստային ֆոնդից այսօր 975 մլն 686 հազար դրամ հատկացվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Նախագիծը ընդգրկված էր չզեկուցվողների թվում: Հիմնավորումից ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հատկացումը Ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության իրականացման նպատակով է, որպեսզի առավել արդյունավետ իրականացվեն ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման աշխատանքները: Հավելվածում էլ ծրագրի նպատակ է նշվում «Ներքին եւ արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության ու պետության անվտանգության ապահովումը»:

 

 

 

ՆԻՍՏ ՉԻ ԼԻՆԻ

Ինչպես հայտնի է, Աղվան Հովսեփյանին վիրահատել են, եւ նա այժմ հետվիրահատական շրջանում է: Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան» հիվանդանոցում: Քանի որ նախկին պաշտոնյան գտնվում է հետվիրահատական շրջանում, ամենայն հավանականությամբ հունիսի 24-ին հերթական նիստը չի կայանա: Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները՝ հակառակ օրենքով նախատեսված արգելքին՝ 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ եւ իր որդիների միջոցով, իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:

 

 

 




Լրահոս