Ինչ որոշում կկայացնի Քննչական կոմիտեն Գագիկ Ջհանիգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 օր է մնացել նյութերի նախապատրաստման ժամկետին, եւ ՀՀ քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության մասով հարուցել քրեական գործ, թե ոչ:

Armlur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ փուլում է նյութերի նախապատրաստումը եւ կա որոշում, թե ոչ: Ի պատասխան լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով քննության առնելու համար 2022թ. հունիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քննչական կոմիտե է ուղարկվել «YouTube» կայքում 2022թ. հունիսի 20-ին տեղադրված` Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության վերաբերյալ տեսանյութը:
2022թ. հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է նույն տեսանյութի առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհդատվական ՀԿ-ի ծրագրի համակարգող Դ. Իոանիսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասեցագրված գրությունը:
Նշվածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, կատարվում անհրաժեշտ ստուգողական գործողություններ»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Ո՞վ եւ ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։
Նախաքննական մարմինը դեռ չունի որոշում եւ դատելով այսօրվա զարգացումներիցէ ամենայն հավանականությամբ Կոմիտեն քրեական գործ չի հարուցի:

Բանն այն է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:

Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։

Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման Օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռ. Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։

Վաղը պաշտոնական որոշումը, ամենայն հավանականությամբ կհրապարակվի։

Ք.Մ




Լրահոս