ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐՆ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները եւ ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, եւ դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռեւս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով:

 

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար: «2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թ. անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանս ունենալու դեպքում իրագործելի են նաեւ 2022 ընթացքում: Քննարկել ենք 2022 թ. պետբյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների հավելվածում ներառված կապիտալ բնույթի ծրագրերը, եւ  նախատեսում ենք դրանց մի մասը եւս ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»,-նշել է նախարարը: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք, հակառակ պարագայում, պետք է մեկնարկեին 2023 թ. սկզբում:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավելի է կատարվել 147 միլիարդ դրամով. այսօրվա դրությամբ առկա է 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման առումով 46 միլիարդ դրամի ավելի հավաքագրում: «Մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտները արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, ընդհանուր առմամբ, ավելին կլինեն, այսինքն՝ էլի կավելանան, եւ մենք գիտենք՝ կոնկրետ ինչի արդյունքում: Եվ մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որպեսզի նոր ծրագրեր ներկայացնեն: Հիշում եք՝ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էր տեղի ունենում, մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան: Հիմա խնդրում են այդ անհետաձգելի ծրագրերը բերեք»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախորդ կառավարության նիստում առիթ եղավ, ես հայտարարեցի, որ պատրաստվում ենք մասնավորապես Երեւանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը: Հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռցքամարտի դպրոցը: Կարծում եմ, որ այս շրջանակում միանգամից նախագծերը պատվիրենք եւ նաեւ մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք: Այստեղ կարեւոր նրբություն կա՝ նրանք հետագա կառավարմանը նույնպես պետք է շատ կոնկրետ մասնկացություն ունենան: Կարծում եմ՝ այս համատեքստում, բացի նոր ծրագրերից, պետք տեսնենք, թե ինչքանով կարող ենք արագացնել մեր դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարիների, ճանապարհների կառուցման տեմպերը»:

Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով. «Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»:

Մեկ աշխատողի հաշվով՝ միջին ամսական աշխատավարձի առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն 2022 թ. մայիսին կազմել է 237 745 դրամ, որը 2021 թ. մայիսի նկատմամբ ավելի է 25 592 դրամով կամ 12 տոկսով. «Սա շատ կարեւոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը: Այսինքն՝ աշխատող մարդու միջին աշխատավարձը 12 տոկսով աճել է: 2019 թ. նկատմամբ ավելի է 50667 դրամով կամ 27 տոկսով, իսկ 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 61 306 դրամով կամ 34.7 տոկոսով: Սրանք, կարծում եմ՝ շատ կարեւոր ցուցանիշներ են եւ պետք է հույս ունենալ, որ աշխատատեղերի աճի այսպիսի տեմպը մենք կկարողանանք պահպանել: Դրա համար կան նախադրյալներ, մնում է, որ մենք հետեւողական լինենք մեր ծրագրերի իրականացման գործում եւ դրանք ավելի որակյալ դարձնենք»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

 

 

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։

 

 

 

 

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման դժվարություններ կան։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ իշանություններն աշխատում են ցուցակի վրա, եւ արդեն կան կնքված պայմանագրեր։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը նախապես որոշել էր խթանել ձեռնարկությունների գնումները։ «Հուսով եմ, որ մնացած պայմանագրերը կկնքվեն մինչեւ ծրագրի գործողության ժամկետի ավարտը (մինչեւ հուլիսի 1-ը)»,- հավելել է Քերոբյանը։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունները որոշել են սուբսիդավորել այն ընկերությունների վարկերը, որոնք մինչեւ հունիսի 1-ը ֆերմերների հետ պայմանագրեր կկնքեն խաղողի գնման համար։

 

 

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ

Սպիտակ տան փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում պատրաստվում է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը։ Իսկ ի՞նչ ուղի է անցել նա. Քվիենը դիվանագիտական աշխատանքի փորձ ունի, 1992 թվականից աշխատել է տարբեր երկրներում, աշխատել է նաեւ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանը` որպես էներգետիկայի եւ շրջակա միջավայրի հարցերի պատասխանատու։ Ուկրաինայում դեսպանի պարտականությունները կատարում է 2019 թվականից, նշանակվել է, սակայն, 2020 թվականին, այսինքն՝ երկու տարի է` ինչ Ուկրաինայում է։ Նշենք, որ ներկայիս դեսպան Լին Թրեյսին նշանակվել էր 2019 թվականին։

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Հովհաննեսի Մանուչարյանին, Ազատ Մխիթարի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, խմբի կազմով ինքնակամ թողել են մարտական դիրքը՝ այդկերպ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, իսկ հաջորդ օրը ինքնակամ վերադարձել են մարտական դիրք:

 

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ՖՐԱՆՍԻԱ՝ «ՎՈՅԱԺՆԵՐԻ»

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով այս տարվա հունիսի 28-ից հուլիսի 1-ը Լիոն է գործուղվելու 20 հոգուց բաղկացած պատվիրակություն: Հետաքրքիր է, որ պատվիրակության կազմում մեծ թիվ են կազմում մարզպետները, իսկ պատվիրակությունն էլ ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նրա տեղակալը, Սյունիքի մարզպետի տեղակալը, Սյունիքի մարզպետի խորհրդականը եւ մեծ թվով այլ աշխատակիցներ տարբեր գերատեսչություններից: Մենք տեղեկացանք, որ 16 հոգու ծախսերը կատարվելու են 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, մի քանիսի ծախսերն էլ հոգալու է հրավիրող կողմը:

 

 

 

 

 

Ո՞Վ Է ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԱԾԸ

Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրում մեքենայի պայթյունի հետեւանքով մահացածը Փարաքարում հայտնի Վարազդատ Բարոյանն է, որը հայտնի է փարաքարցի Վարո անվամբ, իսկ թե ինչ հանգամանքներում է նրա մեքենան պայթել կամ միգուցե պայթեցվել, կպարզի քննությունը: Փաստ է մեկ բան, որ կատարվածը խիստ անհանգստացրել է իրավապահներին, եւ անգամ դեպքի վայրում էր գտնվում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Չի բացառվում, որ իրավապահները քրեական գործ հարուցեն սպանության հատկանիշներով: Հիշեցնենք, որ հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը եւ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

 

 




Լրահոս