ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿՓՈՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

 

Առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացնման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա սկզբից, եւ շինարարական աշխատանքները` անմիջապես եղանակային բարենպաստ պայմաններում։

Առաջարկվում է ծրագրի իրականացմանը նախորդող տարվա հուլիս ամսից ներկայացնել սուբվենցիոն նախնական հայտերը, իսկ ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետ սահմանել նոյեմբերի 30-ը, ինչը հնարավորություն կտա դեկտեմբեր եւ հունվար ամիսների ժամանակահատվածում քննարկել ամբողջական փաթեթները միջգերատեսչական հանձաժողովի նիստերում, իսկ համայնքները հնարավորություն կունենան դեկտեմբերի կեսերից, հունվար ու փետրվար ամիսներին իրականացնել գնումների գործընթացը եւ արդյունքում շինարարական աշխատանքները սկսել մարտ ամսից սկսած։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ համայնքների միավորման գործընթացները դեռեւս չեն ավարտվել, եւ, հնարավոր է, փոփոխություններով առաջարկող ժամկետներում որոշ բնակավայրերում ընտրված համայնքի ղեկավար ու ավագանի չձեւավորվի, մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով առաջարկվում է նմանատիպ համայնքների համար սուբվենցիայի հայտերի ներկայացման այլընտրանքային ժամկետներ։

Միաժամանակ կարգում եւ հայտի ձեւաչափում առաջարկվում է իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերում ամրագրված գումարների ներառմամբ, ինչը հիմք կհանդիսանա հայտերի գնահատման համար, ինչպես նաեւ հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած առաջնահերթությունները՝ առաջարկվում է «բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» ուղղության համար ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը բարձրացնել 5 տոկոսով՝ 50-ից մինչեւ 70 տոկոս։ Առաջարկվում է նաեւ հնարավորություն ընձեռել պետբյուջեի համաֆինանսավորումը կատարել նաեւ ըստ գնման չափաբաժինների։ Առաջարկության համար հիմք է հանդիսացել այն, որ համայնքների միավորումից հետո ներկայումս մեկ սուբվենցիոն ծրագրով առաջարկվում է իրականացնել 10 եւ ավելի օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Քանի որ այն սովորաբար իրականացվում է տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից, եւ փորձը ցույց է տալիս, որ, կախված աշխատանքների ծավալից, եւ շինարարական կազմակերպությունների կողմից ժամանակացույցով կատարվող աշպատանքների տարբերությունների պատճառով հնարավոր չի լինում սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտած կազմակերպությանը կատարել վճարումները, քանի որ միեւնույն ծրագրում ներառված մյուս շինարարական կազմակերպությունները չեն իրականացրել իրենց աշխատանքները։ Միաժամանակ կարգավորումներով նախատեսվում է հստակեցնել յուրաքանչյուր սուբվենիցայի ծրագրի ավարտից հետո դրա մշտադիտարկման դրույթի ընթացակարգը։

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ գյուղական փողոցների սալարկման ծրագրին եւ նշել, որ այդտեղ կառավարության ֆինանսավորման տոկոսը ավելացվում է: Ըստ վարչապետի՝ համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները:

Ն. Պ.

 

 

 

«ԾԱՂԻԿՆԵՐՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ»

Ծաղկի մշակությամբ զբաղվող Աշոտ Հակոբյանը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Նա երեկ մի բեռնատար ծաղիկ է թափել, որը նախատեսել էր արտահանել: Այսօր եւս թափելու է: Աշոտ Հակոբյանն այս մասին լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ դիմելով ՀՀ կառավարությանը՝ խնդրել է հուշել. «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ, թոռոմել են առանց Լարս»: Տեղեկացնենք, որ խոսքը ՀՀ տրանսպորտի, կապի նախկին նախարար Աշոտ Հակոբյանի մասին է, որը այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին: ArmLur.am-ը դիմեց Աշոտ Հակոբյանին եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ չի կարողացել արտահանել: «Ճանապարհները փակ են. պայմանավորվածություններ կան՝ կապված մրգի, բանջարեղենի հետ, բայց ծաղիկները դուրս են մնացել այդ պայմանավորվածությունների շարքից: Ծաղկի արտահանման հետ կապված հարցը դուրս է մնացել: Չգիտեմ, երեւի պատճառը կիսատ-պռատ պայմանավորվածություններն են վրացական կողմի հետ: Այսինքն՝ պայմանավորվածություն կա օրական մրգի ու բանջարեղենի 60-70 մեքենա Հայաստանից ուղարկել. եթե դրանք անարգել Վրաստան մտան, ապա պետք է գնան Վերին Լարսի անցակետ, բայց ծաղիկը դուրս է մնացել»,- նկատեց Հակոբյանը:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ գրավոր ձեւով որեւէ գերատեսչության չի դիմել, բայց իր ունեցած ներքին կապերով, ծանոթ մարդկանց դիմել եւ արձագանք չի ստացել: «200 հազար դոլարի չափով վնաս եմ կրել, նույնքան էլ վնաս կկրեմ մինչեւ օգոստոս: Ծաղկի դեպքում կոկոնի բացվածության աստիճան կա, պիտի քաղես ու իրացնես. քաղում ենք, պահեստավորում, անցնում է 3 օր, եւ 4-րդ, 5-րդ օրերին դու արդեն գիտես, որ այն պիտանի չէ արտահանման համար, իսկ մեր արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է: Մենք ստիպված ենք լինում նորից այդքան աշխատավարձ տալ տեսակավորողներին, աշխատողներին փաթեթավորման համար, մեքենա կանչել, տանել, թափել, որ սառնարանում տեղ մնա, որպեսզի կարողանանք նորից քաղենք»,- ներկայացրեց Աշոտ Հակոբյանը: Տեղեկացնենք, որ տնտեսվարողի ահազանգին չի արձագանքել Էկոնոմիկայի նախարարությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԼԱՐՍՈՒՄ

Ռուս-ուկրաինական պատերազմն առաջին հերթին վնաս է հասցնում հայ գործարարներին, որոնք խնդիրների են բախվում իրենց արտադրանքն արտահանելիս։ Խոսքը Լարսի ճանապարհի մասին է, որն այժմ կրկին փակ է, իսկ ապրանքներն էլ փչանում են։ Լարսում ծաղիկները թոշնել են եւ ենթակա չեն անգամ վաճառքի։ Նկատենք, որ որոշում էր կայացվել Լարսում լրացուցիչ անցակետ տեղադրել ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների համար, սակայն դեռ չկա, կառավարության կողմից նշված լաստանավերով տեղափոխումը  քաղաքացիներն իրատեսական չեն համարում ։ Եվ մինչ կառավարությունը խոստումներ է տալիս, պատկերն առավել քան խոսուն է։

 

 

 

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Հունիսի 10-ին Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչները  ահազանգել են, որ գյուղի բուժկետի շենքը սարսափելի վիճակում է։ 2005թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Վորլդ վիժն» եւ «Ապավեն համայնքներին» կազմակերպությունների միջոցով բուժկետը վերանորոգվել, կահավորվել եւ վերազինվել է։ 2020թ. ուժեղ քամիների հետեւանքով բուժկետի շենքի տանիքը փլվել է, դրանից հետո տանիքի մի մասը վերանորոգել են, տանիքի կեսը բաց է մնացել, տեղացած ձյան եւ անձրեւներից հետո ջուրը լցվում է շենքից ներս։ Շենքի անկյունների վերեւում սնկեր են աճել, բորբոսնած, հակասանիտարական, վատթար վիճակ է։ Բուժկետի ներսի  պատերը խոնավ են,  ծեփը շատ տեղերում թափված է։ Պատի ծեփը թափվել է նաեւ շենքի ճակատային մասում։ Այդպիսի անմխիթար պայմաններում են սահմանամերձ գյուղի բնակիչները բուժօգնություն եւ խորհրդատվություն ստանում, բուժկետի դեղամիջոցները եւ բժշկական պարագաները՝ պահպանվում, այդտեղ է ամեն օր աշխատում բուժկետի աշխատողը, որը կարող է այդտեղ զանազան հիվանդություններ ձեռք բերել։ Բարեկամավանցիները, բուժկետի վիճակի մասին համացանցում հղումներ տալով, ահազանգել էին ՀՀ առողջապահության նախարարություն, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, Տավուշի մարզպետարան, որի ենթակայության ներքո է գործում Բարեկամավանի բուժկետը։ Առողջապահության նախարարությունից ահազանգին պատասխանել են, որ բուժկետը գտնվում է Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո, մարզպետարանը պետք է զբաղվի այդ խնդրով։ Ահազանգից 13 oր է անցել, սակայն մարզպետարանից անգամ չեն եկել, չեն տեսել բուժկետում տիրող վատ իրավիճակը։ Հավելենք, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար պետական բյուջեից ավելի քան 68 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել, սակայն Բարեկամավանի բուժկետի շենքը նորոգելու համար պետական բյուջեից գումար չեն տրամադրել։

 

 

 

 

ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԻՄՔՈՎ

Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթացող դատավարության հունիսի 22-ի դատական նիստում Հ. Մանուչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց Մանուչարյանին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրան անմեղ ճանաչելու վերաբերյալ։ Քրեական գործով մեղադրողը այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար դատարանից ժամանակ խնդրեց։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 1-ին։ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա  2021 թվականի նոյեմբերի 9-ից անազատության մեջ է։ 2012 թվականից Բերդ համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանը չի ընդունում իրեն առաջադրված  մեղադրանքը՝ այն  համարելով շինծու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս