ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ՝ 20-25

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։

 

Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական եւ միջին մակարդակում առավելագույնը 25 եւ ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։ Նշված դրույթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշիչն ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաեւ կիրարկումն ապահովելու համար նախանշված ժամկետները: Մինչ այդ առաջիկա մի քանի տարիները կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու եւ ըստ առանձին դպրոցների իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար։

Նշենք, որ գործող կարգով ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35։ Լինում են դեպքեր, երբ այդ նորմերը չեն պահպանվում, եւ աշակերտների թիվը դասարանում 35 սովորողից գերազանցում է։ Տարիներ շարունակ ուսումնական գործընթացի պատասխանատուները, նաեւ սովորողների ծնողները դժգոհություն են հայտնել այն արդարացի հիմնավորմամբ, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնար է։

Ներկայացվող կարգավորումները պայմանավորված են դասարանների կոմպլեկտավորման սկզբունքները ՀՀ առողջապահության եւ քաղաքաշինության նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում արդյունավետ եւ որակյալ կրթություն կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց՝ կկարգավորվի նաեւ բազմահամակազմ դասարանների խնդիրը։ Մասնավորապես, ըստ նախատեսվող կարգավորման՝ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ, արվեստ եւ ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների եւ առարկաների դեպքերում կգործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Այսինքն` հիմնական նպատակներից մեկը բազմահամակազմ դասարանների պրակտիկայից առավելագույնս հրաժարվելն է:

Հաշվի առնելով, որ բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցչի համար առկա են մի շարք դժվարություններ եւ լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն՝ առաջարկվում է նաեւ երկհամակազմ եւ եռահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին համապատասխանաբար տրամադրել նվազագույն դրույքաչափի 50 տոկոսի եւ 75 տոկոսի չափով հավելավճար վերջիններիս վարձատրության բարելավման նպատակով։ Այս մոտեցումը ուսուցիչների համար խթան կհանդիսանա ոչ միայն դասավանդման որակի, այլեւ դպրոց մուտք գործելու հիմքեր ստեղծելու առումով։ Նոր նախագծով քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսվում է փորձարկել Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակում։

Հանրակրթության նոր չափորոշչի պահանջը սովորողների կոմպետենցիաների վրա հիմնված կրթության մատուցումն է, որը պետք է սկսել ուսումնառության սկզբից եւ հատկապես զարգացնել ավագ դպրոցում հոսքային ուսուցման միջոցով։ Նշված ուսուցման հիմքում դրված է սովորողի նախասիրություններն ու մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու կարեւորությունը։ Ավագ դպրոցներում եւ միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում հնարավոր է դառնում սովորողի նախընտրությամբ դասացուցակի ձեւավորումը, որի արդյունքում հնարավոր կդառնա նաեւ ձեւավորել ուսումնական մեկ խումբ՝ անկախ սովորողների թվից։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնելու երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում։ Այս մոտեցումը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման շրջանակում։

Ն. Պ.




Լրահոս