Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը: Քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի հետ համատեղելի չէ, քանի որ հանրային դիսկուրսում ատելության խոսք է գեներացրել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնոդ Վահե Հակոբյանն էլ չի կարող շարունակել պաշտոնավարումն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ չի ներկայացել խորհրդարան, չի կազմակերպել ու չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Իշխանությունն ինչ հիմնավորում էլ բերի ու ինչ էլ ասի, պարզից էլ պարզ է՝ ընդդիմադիր պատգամավորներին զբաղեցրած պաշտոններից զրկելու հարցն Ազգային ժողովի օրակարգ բերելը նախեւառաջ քաղաքական տարրեր է պարունակում ու քաղաքական ճնշում է ընդդիմության նկատմամբ: Ու որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մահակներ է բանեցնում ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների վրա, այնքան խորանում է իշխանություն-ընդդիմություն անջրպետը: Չնայած այդ անջրպետին՝ իշխանական ու ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, ստիպված են լինում հանդիպել իրար: Որքան էլ տարօրինակ լինի, թեեւ հանդիպումները եղել են Հայաստանում՝ Երեւանում, բայց «այլ պետությունների տարածքում»:

Այսպես, երբ դեռ ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով ցույցեր էր կազմակերպում, եւ փակ էր Ֆրանսիայի հրապարակը, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները, Ռուսաստանի դեսպանատան հրավերով, մեկտեղվել ու հավաքվել են «Դվին» հյուրանոցում: Եվ հենց այստեղ էլ, բնականաբար, միմյանց հանդիպել են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները:
Խորհրդարանի 3 ֆրակցիաները նաեւ երեկ՝ հունիսի 30-ին են հանդիպել, այս անգամ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:

Ի տարբերություն ՌԴ դեսպանատան՝ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ հասարակական ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին սեփական հարկի տակ՝ կանաչ խոտածածկույթի վրա է հյուրընկալել:
Երկու հանդիպումների դեպքում էլ, տեղեկացանք, որ ներկա են եղել հայաստանյան քաղաքական դաշտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բարձր էշելոնի ներկայացուցիչները:

Հետաքրքրական է, որ միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում»: Ավելին՝ նրանք պահում են համամասնությունն ու չեն մերժում հատկապես գերտերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դեսպանատների հրավերը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս