ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հրապարակել է 2023 թվականի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծը: Այն ներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին՝ 60 միլիոն դոլարի չափով և 2 միլիոն դոլար՝ Արցախի համար:
Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ զեկույցի տեքստում հայտարարվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 ԱՄՆ դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար»:
Բացի այդ, «Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար…(և) մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»»,- ասվում է հաղրդագրության մեջ։
Այնտեղ առկա է նաեւ տեղեկատվություն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին: Ադամ Շիֆն ասել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելը «հակասում է մեր երկրի հիմնական ժողովրդավարական արժեքներին» և «կարող է Ալիևի վարչակարգին հնարավորություն տալ՝ շարունակել կամ ավելի ուժեղացնել իր սադրիչ գործողությունները հայերի դեմ»: