ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ 4 ՀՈՂԱՄԱՍ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համար 2021թ. բավականին եկամտաբեր տարի է եղել: ArmLur.am-ը ուսումնասիրել է ՔՊ-ական Թորոսյանի 2018, 2019, 2020 եւ 2021 թվականների տարեկան հայտարարագրերը: 

 

Այսպես, 2018 թվականի սկզբին Թորոսյանն ունեցել է երկու BMW մակնիշի ավտոմեքենա, որոնք տարեվերջին վաճառել է, մեկը՝ 4 մլն 200 հազար դրամով, մյուսը՝ 8 մլն 700 հազար դրամով: Տարեվերջին պատգամավորի փոխառությունը կազմել է 20 հազար 331 դոլար: Թորոսյանի դրամական միջոցները 2018-ին կազմել են մոտ 2 մլն դրամ, 22 հազար եվրո, 1400 դոլար: Թորոսյանը 2018 թվականին որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որն ընդհանուր կազմել է 12 մլն 220 հազար դրամ: Բացի այս, վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 125 հազար դրամ գումար:

Իհարկե, մեկ տարի անց՝ 2019 թվականին, Թորոսյանի աշխատավարձը զգալի բարձրացել է. նրա աշխատավարձը կազմել է ընդհանուր 18 մլն 183 հազար դրամ, այսինքն՝ Թորոսյանը՝ որպես առողջապահության նախարար, 2019-ին ամսական ստացել է 1 մլն 515 հազար դրամ աշխատավարձ: Նույն տարում Թորոսյանի հայտարարագրած անշարժ գույքը 2011 թվականին գնած անհատական բնակելի տունն է, որը գտնվում է Նոր Նորքում: 2019-ի վերջին բանկում ունեցած ավանդը կազմել է 32 հազար դոլար: Նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 114 հազար դրամ, 15 դոլար եւ 31 հազար եվրո: Բացի այս, Թորոսյանը 2019 թվականի վերջին տրված փոխառության դիմաց ստացել է 573 դոլարի չափով տոկոս:

ՔՊ-ական Թորոսյանի ֆինանսական վիճակը գնալով է՛լ ավելի է բարելավվում. 2020 թվականի սեպտեմբերի 18-ին նա Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հողամաս է գնել 13 մլն 692 հազար դրամով: Արսեն Թորոսյանը 2020-ի հունվարին Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում է կատարել, որը կազմել է 20 հազար 550 եվրո: Բացի այս, 2020 թվականի վերջին Թորոսյանի բանկային հաշվին առկա գումարը կազմել է 2 մլն 855 հազար դրամ, 10 հազար դոլար, 10 հազար եվրո:

Նշենք, որ Թորոսյանը 2020 թվականին առողջապահության նախարար եղած ժամանակ ամսական ստացել է 1 մլն 551 հազար դրամ աշխատավարձ: Ավելին՝ Թորոսյանը Bank Austria-ում կատարած իր ներդրումից եկամուտ է ստացել 428 եվրոյի չափով: Նա 2020 թվականի վերջին տրված փոխառության դիմաց ստացել է 1116 դոլարի չափով գումար:

Թորոսյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրում հետաքրքիր գույքային փոփոխություններ են տեղի ունեցել. նա նախորդ տարի թվով 4 հողամաս է գնել, որից երկուսը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, իսկ մյուս երկուսը՝ Կոտայքի մարզի Քարաշամբում: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ Թորոսյանը մեկ հողամասը գնել է 1 մլն 300 հազար դրամով, մյուսը՝ 3 մլն 700 հազար դրամով, երրորդը՝ 12 մլն 300 հազար դրամով, իսկ չորրորդը՝ 2 մլն 700 հազար դրամով: Բացի այս, տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորը նախորդ տարվա հունիսին 17 մլն 750 հազար դրամով գնել է 2017 թվականի արտադրության (այդ ժամանակահատվածում՝ ավելի քան 35 հազար դոլարով) ավտոմեքենա, բայց նույն ավտոմեքենան պաշտոնյան վաճառել է նոյեմբերին 16 մլն 400 հազար դրամով կամ 34 հազար 526 դոլարով: Նկատենք, որ այս առուվաճառքի մեջ Թորոսյանը բավականին տուժել է: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 12 մլն 463 հազար դրամ, 20 հազար դոլար եւ 30 հազար 995 եվրո:  Թորոսյանի համար 2021 թվականը ոչ միայն ձեռքբերումների, այլեւ եկամտաբեր տարի է եղել: Նա չորս վայրից աշխատավարձ է ստացել՝ Առողջապահության նախարարությունից, վարչապետի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտից, ընդհանուր 18 մլն 120 հազար դրամի չափով: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Թորոսյանը 9 մլն 520 հազար դրամի չափով նվեր է ստացել Գեւորգ Թորոսյանից: Բացի այս, նա ԴԱՀԿ-ից ստացել է 779 հազար դրամի չափով եկամուտ, իսկ Bank Austria-ից՝ 20 հազար 737 եվրո:

Ի դեպ, Թորոսյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, թե որքան գումար է ծախսել հանգստի համար: Օրինակ՝ Թորոսյանը 341 հազար 581 ռուսական ռուբլիի եւ 1094 եվրոյի չափ ծախս կատարել է հանգստի ճանապարհածախսի վրա:

Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, 2018 եւ 2019 թվականներին Mercedes-Benz եւ BMW մակնիշի ավտոմեքենա է գնել, որոնցից BMW-ն նախորդ տարվա մայիսին 7 մլն դրամով վաճառել է: Նախորդ տարվա վերջին ունեցած փոխառությունը կազմել է 19 մլն 380 հազար դրամ, իսկ հանձնած ավանդը՝ 51 հազար 558 դոլար: Բանկային հաշիվներին պաշտոնյայի կինն ունեցել է 8 մլն 195 հազար դրամ գումար, 98 դոլար, կանխիկ գումարը՝ 1.5 մլն դրամ: Ուսումնասիրելով կնոջ եկամուտը՝ պարզ է դառնում, որ նա ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան Թորոսյանը: Օրինակ՝ 2021 թվականին կնոջ աշխատավարձն ընդհանուր կազմել է 30 մլն 526 հազար դրամ, այսինքն՝ ամսական ստացել է 2 մլն 543 հազար դրամ «Միբս» ընկերությունից: Բացի այս, «Միբս»-ից նա վարձակալության տված դիմաց լրացուցիչ գումար է ստացել 4 մլն 320 հազար դրամի չափով: Ծախսերի հայտարարագրում նշված է, որ Թորոսյանի կինը 3 մլն 165 հազար դրամ ծախսել է ուսման կամ այլ դասընթացներին մասնակցելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Բայդենի որոշման առնչությամբ:

 

«Մինչ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում 2020 թվականին ավելի քան 6500 մարդ զոհվեց, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին, անտրամաբանական է ասել, թե ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Ես շարունակելու եմ խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն եւ ակնկալում եմ, որ պետդեպարտամենտը կգործի լիակատար թափանցիկությամբ եւ Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն գնահատելու համար»,- նշել է Մենենդեսը: Ադամ Շիֆը, մեկնաբանություն տալով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, խոստացել է աշխատանքներ տանել Կոնգրեսում՝ «վերացնելու նախագահի՝ 907-րդ լրացումը շրջանցելու լիազորությունը»:

«Ադրբեջանը պատասխանատու է սարսափելի պատերազմ սանձազերծելու ու Հայաստանում եւ Արցախում մարդասիրական աղետ առաջացնելու հարցում՝ 2020 թվականի սեպտեմբերից 44 օրվա ընթացքում սպանելով հազարավոր հայերի եւ ավելի մեծ թվով հայերի ստիպելով լքել իրենց պատմական հայրենիքը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորների, որոնք ենթարկվում են խոշտանգումների, ինչպես նաեւ սպառնալ Լեռնային Ղարաբաղի հազարավոր անմեղ քաղաքացիներին, որոնք ապրում են նոր հարձակման եւ ներխուժման ենթարկվելու վտանգի մեջ: Ոչ մի պարագայում ԱՄՆ-ն չպետք է ռազմական աջակցություն տրամադրի նման վարչակարգին, դա ոչ միայն դեմ է մեր ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլեւ կարող է քաջալերել Ալիեւի ռեժիմին շարունակել սադրիչ գործողություններն ընդդեմ հայերի: Նախագահ Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը»,- նշել է Շիֆը:

 

 

 

ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՉԻ ՍԱՐՔՈՒՄ

Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆուտբոլի մարզադաշտը արդեն 4 տարի չի կառուցապատվում, Հայաստանի  ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մատների արանքով է նայում այդ խնդրին։ Ավելի քան 4 տարի առաջ՝ 2018թ. մարտի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն աշխատանքային այցով մեկնեց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ քննարկեց մարզադաշտի վերակառուցման հարցերը:  Ռ.  Հայրապետյանը հայտնեց, որ կկառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան, կկառուցվեն նաեւ հանդերձարաններ:

2018թ. թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց։ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի խոսքով՝ ավելի քան երկու տարի ֆուտբոլի մարզադաշտի շինարարությունը դադարեցված է։ Ֆուտբոլի ֆեդերացիան գումար է հատկացրել խաղադաշտի կանաչ ծածկը ոռոգելու համար, այդ նպատակով ոռոգման ջրագիծ է կառուցվել, որից օգտվում են  նաեւ գյուղի բնակիչները, որոշ չափով հարթեցրել են խաղադաշտը, սակայն ֆեդերացիայի կողմից խոստացված, խաղադաշտի ծածկի անհարթությունները, խորդուբորդությունները հարթեցնող տեխնիկա այդպես էլ գյուղ չի եկել։ Վարչական ղեկավարի խոսքերով՝ բացակայում են  խաղադաշտի դարպասները, գծանշումները, հանդերձարանում «բաքսի»  է տեղադրվել, սակայն այնտեղ բնական գազ եւ էլեկտրական հոսանք չկա։ ֆեդերացիայի կողմից գյուղ ուղարկած մարզագույքը մի  սենյակում փակ է, համայնքին  գույքի հանձնում-ընդունում չի կատարվել։

 

 

 

ՎԱՏ ՎԻՃԱԿ՝ ԴԻԼԻՋԱՆԻ ԹՈՒՆԵԼՈՒՄ

Վարորդները  դժգոհում են Դիլիջանի ավտոմոբիլային թունելում օդափոխության վատ վիճակից, որտեղով անցնող  ավտոմեքենաների այրած գազերը, արտանետած ծուխը խեղդում են մեքենաների ուղեւորներին։ Թունելում  վատ է  նաեւ լուսավորվածությունը, ասֆալտի ծածկը բազում անհարթություններ  ունի։ Դիլիջանի ավտոմոբիլային թունելը սպասարկում է Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Է. Բեզոյանը  «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավարն էր,  2018-ի թավշյա  հեղափոխությունից  հետո էլ ճանապարհաշինական եւ Դիլիջանի ավտոմոբիլային թունելի սպասարկման ծրագրեր է իրականացնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս