ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ վաղ առավոտից, Խծաբերդում գերեվարվածների հարազատները Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ ռուսական կողմից պահանջելով միջնորդել հայրենադարձելու գերիներին։

 

Ծնողները բողոքել են, որ ռուսական կողմը, որը միջնորդի դեր է կատարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իր ստանձնած պարտականությունները չի կատարում, հետեւաբար իրենք բողոքի ցույց են անցկացնում հենց ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց՝ պահանջելով շուտափույթ լուծել գերիների վերադարձի հարցը։

Ըստ հարազատների՝ Ռուսաստանի Դաշնությունն ունակ է այդ հարցը վայրկյանների ընթացքում լուծել, բայց չի անում։ «Ռուսի քթի տակից են տարել մեր երեխեքին, ռուսն էլ պիտի բերի։ Անցնելուց ռուսը կանգնած է եղել, հետ գալուց ռուսը չի եղել, որտե՞ղ է եղել, իր պարտականությունն էր կանգնել ու պաշտպանել, եռակողմ հայտարարության մեջ ռուսը միջնորդ է։ Պուտինը հայտարարեց՝ ով որտեղ կանգնած է, իրենն է, մերն է եղել Խծաբերդը, ինչի՞ հանկարծ դարձավ Ադրբեջանինը։ Մեր երեխեքը գնացել են մեր հողի վրա, Ադրբեջանը հայտարարում է, որ իր հողն է, իսկ ռուսը չի ելնում, ասի՝ չէ, Ադրբեջա՛ն, քոնը չէ, հայերինն է։ Պատերազմը դադարել է, դա հայերինն է եղել, հայը գնացել է, իր հողի վրա է կանգնել»,- ասել են գերիների հարազատները:

Ծնողներից մեկն էլ ասել է. «Ինքն է տվել, ինքն էլ պիտի բերի, մեր երեխեքին Բաքվի բանտերում թուրքը դատեց, դարձրեցին տեռորիստ։ Մենք հայրենիքին տեռորի՞ստ էինք տվել, կամ երեխեքը ինքնագլո՞ւխ գնացին, խաղաղապահն ինչի՞ համար էր կանգնած։ Ռուսը չի կարող, թող ելնի, գնա, դերասանություն մեզ պետք չէ, թե մեր հետ են, մեր մասին մտածող են, թող մաքուր լինեն հայ ժողովրդի հետ, եթե ոչ, թող թողնեն էս երկրից գնան. որ պտի մեռնինք, թող նամուսով մեռնինք»:

Նրանք հայտարարել են, որ մեկ տարի ու յոթ ամիս խնդրում էին, իսկ հիմա պահանջում են։ «Բերե՛ք մեր էրեխանցը, ինչղ կբերեք, ձեր պրոբլեմն է։ Ինչղ որ տվել եք, էնպես էլ բերեք, դեմարկացիայից ու դելիմիտացիայից են խոսում, մեր երեխեքին տվեք, նոր նման բաներ ասեք։ Եթե մեր երեխեքն էնտեղ են, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Մինչեւ մեր էրեխեքը չգան, ի՞նչ խաղաղություն։ Ես մեր կառավարությանն էլ եմ ասել, որպես մարդ ինչպե՞ս եք պատկերացնում, առանց գերիների վերադարձի ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, ի՞նչ սահմանազատում կամ յեսիմ ինչ: Թող չմոռանան՝ էդ երեխեքը մենակ մեզ համար չեն գնացել, սաղիդ համար են գնացել։ Մի օր չէ, երկու օր չէ, մեկ տարի, յոթ ամիս, գլուխդ բարձին դիր ու հանի, հե՞շտ է, հլը ձեր մաշկի վրա զգացե՛ք»,- զայրացած էին հարազատները։

Գերիների մայրերից մեկն էլ առաջարկել է. «Թող իրենց երեխեքին տանեն, տան, մեր երեխեքին բերեն, արդեն երկու տարին է մոտենում, գոնե որդիս իր մատղաշ երեխայի երեսը տեսնի։ Մի բուռ ենք դարձել, ինչ իմանամ՝ ինչ հոգեվիճակում են, ստից թղթեր են բերում, թե առողջ են։ Կապ ունենք, նամակ էլ ունենք, բայց ի՞նչ ձեւի եք պատկերացնում, իրանք կարո՞ղ են ազատ խոսել, եթե գլխին կանգնած են։ Ի՞նչ պիտի ասեն, լավ ենք, բայց իրենց մոտ էլ անընդհատ սպասողական վիճակ է, ամեն վիդեո կապ հաստատելուց տեսնում ենք, որ օր օրի վրա փոխվում են, ոսկորն ու կաշին են մնացել, կնայես ծերացած, չես ասի 22 տարեկան տղա է։ Երկու տարեկան երեխան էլ իր հորն է ուզում, ի՞նչ պատասխանես»,- ասում էին ծնողները։

Նրանք բողոքել են, որ գեներալ Մուրադովը խոստացել է արագ վերադարձնել որդիներին, սակայն խոստումը չի կատարել։ «Ասեց՝ ոչ մի մազ չի ընկնի ձեր երեխեքի գլխից, գնացե՛ք, հանգիստ քնե՛ք, կվերադարձնենք արագ: Մենակ խոսք տալն էր, 1,7 ամիս անցավ Մուրադովի խոսքից։ Ուկրաինան 3-4 ամիս է՝ պատերազմի մեջ է, արդեն 40 անգամ գերի են փոխանակել, էս մի տարի յոթ ամսվա մեջ 30 հոգուն չեն կարող բերել»։

Գերիների հարազատների ասելով՝ ռուսների մատը խառն է եղել տանելուց, հետեւաբար եւ իրենք պիտի բերեն։ Ռուս հյուպատոսը Գյումրիում չէր, նրանց մոտեցավ հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը, գերիների հարազատները նույն պահանջը ներկայացրին նրան։ «Դուք երաշխավոր եք եղել, ո՞ւր են մեր որդիները»,- ծնողները հարցրել են աշխատակցին։ Քիչ անց աշխատակիցը մոտեցավ ու փոխանցեց, որ հյուպատոսը Գյումրիում կլինի ժամը 14:00-ից հետո։ Նա առաջարկեց երեք հոգանոց խումբ կազմել, նոր մտնել հյուպատոսի հետ հանդիպման։ Ծնողները հայտարարեցին, որ մինչեւ վերջ կսպասեն հյուպատոսարանի շենքի դիմաց։ «Տուն չենք գնա, մինչեւ հարցին լուծում չտաք»,-հայտարարել են ծնողները։

Նշենք, որ ավելի ուշ ՌԴ հյուպատոսը ընդունել է գերիների հարազատներից բաղկացած վեց հոգանոց խմբին։ Հարազատների  փոխանցմամբ՝ պատասխանը գոհացնող չէ։

Լ. Ե.

 

 

 

3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿԳՆԱՀԱՏՎԻ

«Վստահություն կա, որ մոտ ապագայում մենք կհասնենք նրան, որ մեր երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը 3 մլրդ դոլար կգնահատվի»,- ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ այս կամ այն  ոլորտում կա համագործակցության շուրջ 200 պայմանագիր, եւ ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են այդ ներուժի զարգացման հնարավորությունները։ Ընթացիկ տարում, ըստ նրա, լավ աճ կա ապրանքաշրջանառության մեջ։ «Այսօր Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կուտակված ներդրումները մոտ 40 տոկոս են կազմում, ուստի մեր բիզնեսն այստեղ արդեն լուրջ ներկայություն ունի։ Սակայն ես կցանկանայի փոխել այդ ներդրումների որակը եւ որոշակի տեսակի ապրանքների համատեղ արտադրություն սկսել ոչ միայն դրանք ռուսական եւ հայկական շուկաներում վաճառելու, այլեւ երրորդ երկրների շուկաներում օգտագործելու համար»,- հավելեց նա։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թ. 2.6 մլրդ դոլար է կազմել:

 

 

 

ԱՐԱԳ Է ՄՈՒՏԱՑՎՈՒՄ

Պորտուգալիայի գիտնականները չափել են Կապկի ծաղիկի վիրուսի մուտացիաների արագությունը: Այդ մասին հաղորդել Է բժշկական տեղեկատվության Medical Xpress պորտալը: Առողջության ազգային ինստիտուտի եւ Լուսոֆոնի համալսարանի հետազոտողներն անցկացրել են վիրուսի գենետիկ ուսումնասիրություն, որի նմուշները վերցվել են 15 հիվանդներից: «Նրանք հայտնաբերել են, որ վիրուսը մուտացիայի Է ենթարկվել 6-12 անգամ ավելի մեծ արագությամբ, քան սպասվում Էր: Հետազոտողներն այն կարծիքին են, որ վիրուսի մուտացիայի արագության անսպասելի մեծացումը կարող Է այն բանի նշան լինել, որ վիրուսը մշակել Է մարդկանց վարակելու նոր եղանակ. ներկայում կարծում են, որ այն մարդուց մարդուն Է փոխանցվում բաց ախտահարումներով սերտ շփման դեպքում՝ օրգանիզմի հեղուկի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, որոնք նման են Կապկի ծաղիկին, սովորաբար մուտացիայի են ենթարկվում տարեկան մեկ կամ երկու անգամ: Գիտնականների կարծիքով՝ մուտացիաներից մի քանիսը կարող են պայմանավորված լինել մարդու իմունային համակարգի ներգործությամբ, մասնավորապես՝ APOBEC3 տեսակի ֆերմենտներով, որոնք սպանում են վիրուսները՝ սխալներ առաջ բերելով գենետիկ կոդի պատճենման դեպքում:

 

 

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրման նպատակով նախատեսվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ եւ այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից: «Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի եւ դրամական պարգեւի ձեւով:

Համաձայն «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված համաձայնագրի` ըստ բնագավառների կձեւավորվեն հանձնաժողովներ, որոնք պարգեւատրման համար կներկայացնեն համապատասխան թեկնածուներին: Մրցանակի մաս կազմող դրամական պարգեւները, ինչպես նաեւ կրծքանշանի եւ համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացնում է «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը: Այսպիսով, ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի եւ կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի գնահատման ու պարգեւատրման եւս մեկ համակարգ: Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ հուլիսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

 

 

ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՑԱԾՐ Է 

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 26-ի դրությամբ ցածր է մնում 6 սանտիմետրով։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության փոխանցմամբ՝  2022 թվականի հունիսի 26-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 81 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսին Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 33 միլիոն 144 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2022 թվականի հունվարից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 142 միլիոն 222 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

 




Լրահոս