«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Թե որքանով են Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն իրականացվում նորանկախ Հայաստանում, դժվար է ասել:
Նկատենք, որ սահմանադրականությունը չի պահպանվել, եւ Սահմանադրությունը ոտնահարվել է բոլոր իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ուղղակի ջախջախեց ՀՀ բարձր դատարանը՝ մի քանի օրենքներ ընդունելով միայն դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իհարկե, Թովմասյանին զրկեցին ՍԴ նախագահի կարգավիճակից, սակայն, պարզվում է, ՍԴ-ում խառնաշփոթ էլի է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա: Բանն այն է, որ նա, դեռեւս 2020 թվականին ընտրվելով ՍԴ նախագահ, քաղաքական իշխանություններին ներքին կարգով հայտնել է, որ 6 տարի չի կատարի նախագահի պարտականությունները, պարզապես երկրում առկա իրավիճակը հաշվի առնելով՝ լարվածությունը ՍԴ շուրջ թուլացնելու նպատակով է ստանձնել նախագահի պաշտոնը, սակայն երկու տարի անց հրաժարական կտա:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահ ընտրվեց Արման Դիլանյանը, որը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: «Այս իրավիճակում չեմ ուզում՝ պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, որ չեմ ուզում լինել նախագահ, և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը»,- ասել էր նա:
Այսպիսով, աշնանը մի նոր փոթորիկ է սպասվում բարձր դատարանում, թերեւս՝ ԲԴԽ-ից հետո:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում