Հայաստանում ու Արցախում այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 203 անհետ կորած անձ կա: Նրանցից 20-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ զինվորականներ: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից փոխանցեցին: Անհետ կորածների ծնողները օրերս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին հավաքվել, ինչից հետո հայտարարություն են տարածել, որ անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ: «Որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար»,- ասված է հայտարարության մեջ: 44-օրյա պատերազմից հետո՝ տարիուկես անց՝ ցավալիորեն մինչեւ օրս, անհետ կորածներ ու անհողաթումբ շիրիմներ ունենք: Բազմաթիվ ծնողներ շարունակում են մղկտալ իրենց որդու անհայտ ճակատագրի համար: Նրանք դիմում են հնարավոր բոլոր կառույցներին, բայց, փաստորեն, ապարդյուն: Բայց հիշենք, թե ինչ էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 18-ին: Ներկայացնելով «երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար առաջիկայում ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»՝ նա հրատապություն պահանջող անելիքների 15 կետ էր հրապարակել, որի 6-րդ կետը սահմանում էր. «Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում, անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Այս հայտարարությունից անցել է ավելի քան տարիուկես, բայց թե՛ գերեվարված անձանց, թե՛ անհետ կորածների ճակատագիրն առ այս պահը շարունակում է անհայտ մնալ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է:
Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը: Իշխանությունն ինչ հիմնավորում էլ բերի ու ինչ էլ ասի, պարզից էլ պարզ է՝ ընդդիմադիր պատգամավորներին զբաղեցրած պաշտոններից զրկելու հարցն Ազգային ժողովի օրակարգ բերելը նախեւառաջ քաղաքական տարրեր է պարունակում ու քաղաքական ճնշում է ընդդիմության նկատմամբ: Իշխանական ու ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, ստիպված են լինում հանդիպել իրար, որքան էլ տարօրինակ լինի, թեեւ հանդիպումները եղել են Հայաստանում՝ Երեւանում, բայց «այլ պետությունների տարածքում»: Այսպես, երբ դեռ ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով ցույցեր էր կազմակերպում, եւ փակ էր Ֆրանսիայի հրապարակը, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները, Ռուսաստանի դեսպանատան հրավերով, մեկտեղվել ու հավաքվել են «Դվին» հյուրանոցում: Եվ հենց այստեղ էլ, բնականաբար, միմյանց հանդիպել են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանի 3 ֆրակցիաները նաեւ երեկ՝ հունիսի 30-ին են հանդիպել, այս անգամ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Ի տարբերություն ՌԴ դեսպանատան՝ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ հասարակական ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին սեփական հարկի տակ՝ կանաչ խոտածածկույթի վրա է հյուրընկալել: Երկու հանդիպումների դեպքում էլ, տեղեկացանք, որ ներկա են եղել հայաստանյան քաղաքական դաշտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բարձր էշելոնի ներկայացուցիչները: Հետաքրքրական է, որ միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը, որին վարույթից հեռացրել էր ՀՀ դատախազությունը: Տեղեկացնենք, որ այս աղմկահարույց գործով հարցաքննվել է առանձնատունը գնած գործարար Նարեկ Նալբանդյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործը վարած քննիչը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին մինչ օրս չեն հարցաքննվել: Ընդ որում՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ կալանքի տակ եղած առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է ընդհանրապես բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։ Ի պատասխան գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել էր.«Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել»: Այլ մանրամասներ չէին հայտնել: Ստացվում է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման, ժողովրդին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը օդում թողած պղպջակի էֆեկտ ունի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին իշխանական ՔՊ խմբակցությունը ցանկանում է զրկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից այն հիմնավորմամբ, որ վերջինս չի կատարում իր պարտականությունները, չի նախագահում նիստերը եւ չի մասնակցում դրանց: Սակայն ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ: Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է երեք նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ: Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով: