ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԻՆՏՐԻԳ ՉՓՆՏՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կուսակցական խորհուրդ կձեւավորի նաեւ Կապանում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն Սյունիքի մարզկենտրոնում  հուլիսի 10-ին կուսակցության խորհրդի անդամների ընտրություն կկազմակերպի, ինչից հետո արդեն խորհուրդը նախագահ կընտրի: Տեղեկացանք, որ, ըստ կուսակցության կանոնադրության, կուսակցականները խորհրդի կազմ ձեւավորելու համար նվազագույնը 7 անդամի պետք է ընտրեն, որ քվեաթերթիկը վավեր համարվի: Առավելագույն 7 ձայն ստացած կուսակցականներն այնուհետ խորհրդի նախագահ կընտրեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի կապանյան խորհրդի նախագահ դառնալու հավակնություններ երեք հոգի ունեն՝ փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Սյունիքի նախկին փոխմարզպետ, այժմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ Նարեկ Բաբայանն ու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

 

Մեզ հետ զրույցում պատգամավոր Դանիելյանը նշեց, որ տարածքային խորհրդի ձեւավորումը սովորական գործընթաց է, այդտեղ ինտրիգ փնտրելու կարիք չկա, բայց եւ չբացառեց, որ ցանկանում է խորհրդի կազմում ներառվել: «Այս խորհուրդը կզբաղվի կուսակցաշինությամբ, դրա համար եմ զարմանում, որ ինչ-ինչ շրջանակներ փորձում են ինտիգ մտցնել: Սովորական կուսակցական գործընթաց է: Ինչ վերաբերում է խորհրդի անդամ ընտրվելուն, ապա, այո, պատրաստ եմ վերցնելու այդ պատասխանատվությունը»,- շեշտում է նա:

Մեր տեղեկություններով, սակայն, մոտ 4 ամիս Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանն անում է հնարավորը, որպեսզի իր տեղակալը զբաղեցնի կուակցության խորհրդի նախագահի պաշտոնը: Նրա շահագրգռվածությունը շատերի համար է անհասկանալի, հատկապես երբ ոչ թե իր, այլ տեղակալի տեսքով է փորձում հանդես գալ: Իսկ տեղակալը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ Դանիելյանի հովանավորությամբ ու ուղղակի օժանդակությամբ է այդ պաշտոնին անցել. հիմա, փաստորեն, մոռացել է ամեն բան ու մարզպետի թելն է թելում:

Փոխմարզպետ Հարությունյանն, ի դեպ, Կապանի՝ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակի 4-րդ համարն է եղել, իսկ ՔՊ-ի ցուցակը, հիշեցնենք, Դանիելյանն էր գլխավորում:

Ինչ վերաբերում է մարզպետի ու Դանիելյանի հարաբերություներին, ապա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դրանք լարվել են այն բանից հետո, երբ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատ, լրագրող Նարե Ղազարյանին մարզպետի տեղակալ է նշանակել:

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է բոլոր մարզերում տարածքային վարչություններ ձեւավորել, եւ ուշագրավ են Կապանում տեղի ունեցող գործընթացները: Նշվում է, որ այդ քաղաքում տարբեր թեւերի են բաժանված, նաեւ շրջանառվում է Ձեր անունը, որ հավակնում եք դառնալ Կապան քաղաքի տարածքային խորհրդի նախագահը: Ասում են, որ այդ առումով ջանք ու եռանդ  չեք խնայում: Կասեք՝ ինչ է կատարվում իրականում:

-Ճիշտն ասած, ինձ թվում է, որ լրատվական միջոցները մի փոքր ինտրիգ են մտցնում այս ամենում, որովհետեւ այս ընտրություններով դեռ իրականում չենք էլ հասցրել զբաղվել: Դա ներկուսակցական խորհուրդ է ձեւավորվելու, այդ նույն  խորհուրդն էլ իր մեջ  կընտրի կուսակցության նախագահ, ով կունենա կուսակցականների կողմից այդ լեգիտիմությունը, որպեսզի զբաղվի կուսակցաշինության հարցերով իր խորհրդի եւ կուսակցականների հետ միասին: Ընդ որում, դա չվարձատրվող պաշտոն է՝ ներկուսակցական հարցերով զբաղվելու համար նախատեսված, եւ դրա համար էլ կարծում եմ՝ այդ ինտրիգները տեղին չեն:

-Ասում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի աջակցությունն եք վայելում եւ նրա անմիջական օժանդակությամբ կկարողանաք պաշտոնին անցնել:

-Արայիկ Հարությունյանը իմ ընտանիքի համար շատ հարազատ անձնավորություն է, բայց ես Ձեզ հավաստիացնում եմ, որ խորհրդի ընտրությունների հետ կապված՝ մենք անգամ զրույց չենք ունեցել: Դա ներկուսակցական հարցեր էին, մեր կուսակցության խնդիրն է, որին որեւէ մեկը չի էլ փորձի միջամտել:

-Այսինքն՝ որեւէ օժանդակություն,  ներքին ինտրիգներ չե՞ն լինելու:

-Չեմ կարծում, որ կլինեն: Ամեն դեպքում, մինչեւ այս պահը ներքին ինտրիգներ չկան: Տարբեր նյութեր են հրապարակվել մինչեւ այժմ, թե ես, իմ ընկերները, զարմիկը իրար հետ խնդիրներ ունենք, բայց որեւէ խնդիր չկա, հակառակը՝ մենք լավ հարաբերություններ ունենք, զբաղված ենք մարզի խնդիրներով, հարցերը կարգավորելով:

-Իսկ մարզպետի հետ կապված լուրե՞րը, թե նրա հետ տարաձայնություններ կան, եւ նա ուրիշին  է ցանկանում տեսնել այդ պաշտոնում:

-Դա ցանկանալով չէ, մինչեւ այս պահը մարզպետը նաեւ կուսակցության անդամ չէ: Ողջունելի է, որ մարդիկ փորձում են տարբեր կետերի հասնել, տարբեր հաջողություններ ունենալ: Իմ առնչությունը հիմնականում լինում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ, քանի որ ես այդ հանձնաժողովի անդամ եմ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

«ԱՐՑԱԽ ՉԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱԹԱՓԵՆ»

Հայաստանի ժամկետային զինվորական ծառայության մեկնող 18-ամյա երիտասարդները հետայսու Արցախում չեն ծառայի: Որոշումը, ըստ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանի, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ընդունել: Նրա փոխանցմամբ՝ Արցախում ծառայությունն այժմ պայմանագրային ծառայության հիմունքներով է իրականացվում:

 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ նման որոշում կայացնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին ռեւերանս է հղել: Ըստ նրա՝ նման քայլով նա դեռեւս 2021-ի խորհրդարանական արտահարեթ ընտրություններից հետո 18-ամյա երիտասարդների ծնողներին նախընտրական խոստում է տվել ու ձայներ հավաքել, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո խիստ անհանգստացած էին իրենց զավակների զինծառայությունն Արցախում անցկացնելու հարցով: «Նոյեմեբրի 9-ից հետո կարեւորագույն ու առաջնային քայլը Զինված ուժերի արագորեն վերականգնումը պետք է լիներ, քանի որ պատերազմից հետո բանակի մեջքն ուղղելու հրատապություն կար, բայց Նիկոլ Փաշինյանը գերադասեց բոլորովին այլ ճանապարհով գնալ»,- ասում է Վրթանեսյանը: Արցախի պաշտպանության բանակի թվակազմի կրաճատումը, որը ոչ միայն ժամկետային զինծառայողների, այլ նաեւ պայմանագրայինների թվի նվազել է նշանակում, ըստ Վրթանեսյանի, գիտակցված քայլ է, որպեսզի Արցախը հայաթափելն առավել քան հեշտ լինի:

Ինչ վերաբերում է Արցախի զորակոչիկներին, ապա բնական է՝ նրանք ծառայությունն անցնելու են Արցախի Հանրապետությունում, բայց, փորձագետի համոզմամբ, ՊԲ-ի փոքրաթիվ թվակազմը հարկ եղած դեպքում լուրջ դիմադրություն ցույց տալ չի կարող: Ըստ էության, ասում է մեր զրուցակիցը, Արցախի անվտանգությունն այսօր լիովին ռուս խաղաղապահների ուսերին է դրված, որոնք, սակայն, ոչ թե ռազմական, այլ քաղաքական գործոն են:

Հղում անելով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Վրթանեսյանը նկատում է, որ Արցախի ռուսական զորքերի ներկայացվածությունն անկայուն գործոն է:

Ռիսկերը բավական շատ են, ընդգծում է ռազմական փորձագետն ու ցավով արձանագրում՝ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ հնարավորություն չունենաք դիմակայել դրանց:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱԺ-Ն ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Ազգային ժողովի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից հրավիրված ու անցկացված արտահերթ նիստը, ինչի ժամանակ ՔՊ-ականները գլխավոր դատախազ ու նոր ձեւավորվելիք Հակակոռուպցիոն դատարանի նոր դատավոր ընտրեցին, ավարտվեց: Այսօր Ազգային ժողովը եւս մեկ արտահերթ նիստ կհրավիրի: Ինչ օրակարգով է լինելու արտահերթը՝ երեկ ԱԺ իշխանական պատգամավորները չգիտեին. ենթադրում էին, որ այս անգամ քննարկելու են ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին պաշտոններից զրկելու հարցը: ArmLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը եւս չբացառեց վաղն արտահերթ նիստ գումարելու տեղեկությունը, բայց օրակարգի մասով տեղեկություն չհայտնեց: ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու գործընթաց կսկսի: Իսկ գործընթացը, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, հետեւյալ կերպ է լինելու. խմբակցությունը (այս դեպքում՝ ՔՊ-ն) համապատասխան նախաձեռնություն է դնում շրջանառության մեջ, ինչը քննարկվում, ապա քվեարկվում է ԱԺ-ում: Քվեարկությունը տեղի է ունենում փակ, գաղտնի ռեժիմով: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս հանձաժողովների նախագահներին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանին, ապա նրանց հարցը ՔՊ-ն դեռ չի քննարկել, քանի որ նրանք անհարգելի բացականեր չունեն, եւ իշխանությունն իրավական որեւէ հիմք չունի նրանց պաշտոններից զրկելու համար:

 

 

 

«ԿԱՐԳԻՆ» ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։ Այն, որ քաղաքապետարանում ինչպես Հայկ Մարությանի ժամանակ, այնպես էլ այսօր աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, անկազմակերպ վիճակ է, քաղաքացիները ամենախիստ դժգոհությունն ունեն քաղաքապետարանի աշխատակիցներից, քանզի իրենց նամակներին, սահմանված 10 օրվա փոխարեն, մի քանի ամիս հետո են պատասխանում, անհերքելի փաստեր են։ Անշուշտ, դեռ քննությունը պիտի պարզի, թե Հայկ Մարությանն ինչ կապ ունի զգալի թվով՝ շուրջ 16 մլրդ դրամի (40մլն դոլար) չարաշահումների հետ։ Հարկ է նշել, որ այսօրվա քաղաքապետարանն էլ գրեթե նույն վիճակում է գտնվում, եւ հետաքրքրական է, թե տարիներ հետո ինչ է բացահայտելու նույն ՊՎԾ-ն այսօրվա քաղաքապետարանի գործունեությունից։

 




Լրահոս