ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը:

 

Քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի հետ համատեղելի չէ, քանի որ հանրային դիսկուրսում ատելության խոսք է գեներացրել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանն էլ չի կարող շարունակել պաշտոնավարումն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ չի ներկայացել խորհրդարան, չի կազմակերպել ու չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Իշխանությունն ինչ հիմնավորում էլ բերի ու ինչ էլ ասի, պարզից էլ պարզ է՝ ընդդիմադիր պատգամավորներին զբաղեցրած պաշտոններից զրկելու հարցն Ազգային ժողովի օրակարգ բերելը նախեւառաջ քաղաքական տարրեր է պարունակում: Ու որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մահակներ է բանեցնում ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների վրա, այնքան խորանում է իշխանություն-ընդդիմություն անջրպետը: Չնայած դրան, սակայն, իշխանական ու ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, հանդիպումներ ունենում են, ու որքան էլ տարօրինակ ու աբսուրդային է, դրանք թեեւ Հայաստանում՝ Երեւանում, բայց «այլ պետությունների տարածքում» են տեղի ունենում: Այսպես, երբ դեռ ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով ցույցեր էր կազմակերպում, եւ փակ էր Ֆրանսիայի հրապարակը, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները, Ռուսաստանի դեսպանատան հրավերով, մեկտեղվել ու հավաքվել են Դվին հյուրանոցում: Եվ հենց այստեղ էլ, բնականաբար, միմյանց հանդիպել են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները: Ի դեպ, ռուսաստանահայ գործարար Արտակ Թովմասյանին պատկանող հյուրանոցային համալիրը, որ սովորաբար նման հանդիպումների անցկացման ու դրա կազմակերպման համար մեկ օրվա համար 8 մլն դրամ գումար է վերցնում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՌԴ դեսպանատան համար դա անվճար է արել:

Խորհրդարանի 3 ֆրակցիաները նաեւ երեկ՝ հունիսի 30-ին են հանդիպել, այս անգամ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Ի տարբերություն ՌԴ դեսպանատան՝ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ հասարակական ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին սեփական հարկի տակ՝ կանաչ խոտածածկույթի վրա է հյուրընկալել:

Երկու հանդիպումների դեպքում էլ, տեղեկացանք, որ ներկա են եղել հայաստանյան քաղաքական դաշտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բարձր էշելոնի ներկայացուցիչները: Հետաքրքրական է, որ միմյանց հասցեին ամենուր քննադատություն հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում»: Ավելին՝ նրանք պահում են համամասնությունն ու չեն մերժում հատկապես գերտերություների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դեսպանատների հրավերը:

 

 

 

ՕԳՆԵՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ

Ռուսաստանի Դաշնությունն օգնել է Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության հասնել Զանգեզուրի  միջանցքի հարցի շուրջ, եւ նշվում է, որ մնացել է համաձայնեցնել միայն մի փոքր հատված՝ 6 կմ հասնող: Այդ մասին ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցին հայտնել է նրանց աղբյուրը: «Ադրբեջանը եւ Հայաստանը վաղուց պայմանավորվել են: Փոխվարչապետերի վերջին հանդիպման ժամանակ կարողացել են համաձայնել ապագա երթուղին՝ բացառությամբ այդ 6 կմ հատվածի: Այնտեղ սարեր են, եւ ռուսական «Ավտոդորը» այնտեղ ուղարկում է փորձագետների, որպեսզի նրանք պարզ ինժեներական լուծումներ առաջարկեն»,- հայտնել է աղբյուրը: Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետով։ Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992թ. Նախիջեւանը հայկական տարածքով կապում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ գծի երկայնքով, մնացել է Նախիջեւանի շրջանի եւ Հայաստանի սահմանի մի հատված:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը։ Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթեին Ալթունը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ինչպես նաեւ ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը։ Նախքան դռնփակ հանդիպումը Էրդողանը ողջունելու արարողության ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ըստ նրա՝ Ուկրաինայում տեղի ունեցածը բացասաբար է ազդել դեպի համաշխարհային շուկա հացահատիկի ու վառելիքի արտահանման վրա։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան այժմ փորձում է ուղիներ փնտրել այս հարցը լուծելու համար:

 

 

ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի եւ Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձեւավորված հանձնախումբը որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը: Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։

Հանձնաժողովը արձանագրել է նաեւ, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման՝ օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռուբեն Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։

 

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պակասել է ոչ միայն ծնվածների, այլեւ մահացածների թիվը: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին չորս ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 10 հազար 665, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 501, 2020-ին՝ 10 հազար 178: Այսինքն՝ ծնվածների քանակն 836-ով պակասել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է պակասել: Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին մահացել է 10 հազար 700 մարդ: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-ապրիլին մահացածների թիվը կազմել է 11 հազար 545, 2020-ին 9 հազար 533 մարդ է մահացել, այսինքն՝ 845-ով պակասել է մահացածների քանակը: Մասնագետների խոսքերով՝ մահացության ցուցանիշի նվազման պատճառը կորոնավիրուսն է, որից այս տարի թվով քիչ մարդ է մահացել: Նշենք, որ, պաշտոնական տվյալներով, Covid-19-ից այս տարվա չորս ամիսներին մահացել է 674 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1666: Օրինակ՝ հունիսի 27-ի տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 1 մարդ:

 

 

ԴԻԶՎԱՌԵԼԻՔՈՎ ԱՅՐԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Ղեւոնդյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, թշնամական փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր բնակության՝ Գ. Մահարու փողոցի թիվ 127/1 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, իր հարեւան Արշակ Հովսեփի Ղուլյանի հետ, 2022 թվականի ապրիլի 8֊ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում նշված շենքի 2-րդ հարկի միջանցքից առաջին հարկ ճայթուկներ նետելու եւ պայթեցնելու կապակցությամբ հերթական անգամ վիճաբանել է Արշակ Ղուլյանի հետ, որից հետո, վերհիշելով նախկին ոխը, Արշակ Ղուլյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանի խոհանոցի պահարանի հետնամասից վերցնելով դիզվառելիքով լցված «Բջնի» ապրանքանիշի մեկ լիտր տարողության պլասմասե շիշը, գաղտի կերպով մուրենալով նշված շենքի առաջին հարկից դեպի երկրորդ հարկ բարձրացող աստիճանահարթակի սկզբնամասում մեջքով դեպի 2-րդ հարկի միջանցքը նստած Արշակ Ղուկյանին, դիզվառելիքը լցնելով վերջինս կենսական օրգանների վրա, հրկիզել է վերջինս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունն ու հեռացել՝ Արշակ Ղուլյանին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, «գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի, զույգ վերին վերջույթների, 2-3-րդ AB 4֊րդ աստիճանի, աջ ազդրի, շնչական ուղիների մուր 10%-ի, մարմնի ընդհանուր մակերեսի 45%-ի չափով, բոցով ջերմային այրվածքների ձեւով ուղեկցված այրվածքային հիվանդությամբ ձեւի մարմնական վնասվածքներ, իսկ Արշակ Ղուլյանի մահը վրա չի հասել հարեւանների կողմից նրան անմիջապես օգնություն ցուցաբերելու եւ շտապօգնության 46-րդ խմբի կողմից «Այրվածքաբանանության ազգային» բժշկական կենտրոն տեղափոխվելու արդյունքում: Գործը դատարանում է:

 

 




Լրահոս