ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ Ավետ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում՝ Երեւան քաղաքի Տերյան փողոցի 19-րդ հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատանը տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով՝ դանակով, հարվածել է Արման Վրեժի Փարսադանյանին, Արմեն Վոլոսյայի Հարությունյանին եւ Սերգեյ Սենեկերեմյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը եւ դիմել է փախուստի: Եվ, ահա, նա 8 տարի անց հայտնաբերվել է եւ հայտնվել դատարանում: Իսկ ինչպե՞ս էր եղել դեպքը:

 

2014 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան դանակահարության հերթական դեպքն էր գրանցվել Երեւանում, այս անգամ՝ Տերյան փողոցում:

Դեպքը տեղի էր ունեցել «Պաուլաներ»  գարեջրատուն-ռեստորանում: Դանակահարվել էր 3 անձ, որից մեկը՝ ռեստորանի սեփականատերը, նախօրեին մահացել է: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ դանակահարությունը վիճաբանություն է սկսվել գարեջրատան 3 աշխատակիցների եւ նշված շենքի բնակիչներից մեկի միջեւ: Սեպտեմբերի 27-ին այդ վայրում նշվել էր գերմանացիների տոնը, երբ շենքի բնակիչներից մեկը գարեջրատուն էր իջել եւ բողոքել բարձր երաժշտությունից: Սեփականատերերը բնակչին վստահեցրել էին, որ 10-15 րոպեից երաժշտությունը կանջատվի:

Թեման շարունակվել էր նաեւ սեփականատերերի աշխատասենյակում, որտեղ էլ բնակիչը՝ 30-ամյա Ավետ Օհանջանյանը, դանակահարել էր սեփականատիրոջը, համասեփականատիրոջը, աշխատակցին եւ դիմել փախուստի: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով. «2014թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատնից կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բ/կ բուժօգնության է տեղափոխվել 2 անձ` 56-ամյա Ս. Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով («Պաուլաներ»-ի համասեփականատեր), եւ 39-ամյա Ա. Փարսադանյանը (սեփականատեր)՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ` ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի ձեռքի շրջանում (մեր տեղեկություններով՝ նա բուժօգնության չի դիմել):

Նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ».- նշվում է հաղորդագրությունում: Ավելի ուշ տարածվեց նաեւ մեկ այլ հաղորդագրություն, որտեղ նշվեց, որ հետախուզում է հայտարարվել սպանության եւ մարմնական վնասվածք պատճառելու համար մեղադրվող Ավետ Օհանջանյանի նկատմամբ. «Սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Ա. Օհանջանյանին ներգրավել որպես մեղադրյալ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը: Ա. Օհանջանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում»:

Ք.Մ.

 

 

ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գոռ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ էկոնամիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ կնքված թիվ 302 պայմանագրի ուժով հանդիսանալով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացնող անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարող՝ անասնաբույժ, եւ նույն պայամանագրով պարտավորություն ունենալով պահպանելու անասնաբուժական կանոնները, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սարակապ, Աղին, Հայկաձոր, Իսահակյան, Լուսաղբյուր համայնքներում կազմակերպելու եւ իրականացնելու «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանավորված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ, 2021 թվականի փետրվար եւ ապրիլ ամիսներին ստացած լինելով միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական դեղամիջոցները ու խախտելով անասնաբուժական կանոնները, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրված պլան-ժամանակացույցի շրջանակներում սահմանված կարգով չի իրականացրել աշխատանքային պլանով նախատեսված՝ Իսահակյան բնակավայրի խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում անասնաբուժական «սիբիրախտ» կանխարգելիչ միջոցառումները, որի արդյունքում Իսահակյան բնակավայրի կենդանիների շրջանում անզգուշությամբ տարածվել է «սիբիրախտ» անասնահամաճարակը եւ առաջացրել այլ ծանր հետեւանքներ, մասնավորապես՝ Իսահակյան բնակավայրի բնակիչներ Ավետիք Գարուշի Մելիքյանը, Լեւոն Արտուշի Գեւորգյանը, Նարինե Արմենի Խանոյանը, Արթուր Ռաֆիկի Ներսիսյանը, Իլիչ Արշալույսի Գեւորգյանը, Աղվան Գնելի Գեւորգյանը, Զվարթ Վարուժանի Պետրոսյանը, Եղնիկ Ռաֆիկի Մանուկյանը սիբիրախտ հարուցիչ պարունակող սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ մտնելու հետեւանքով վարակվել են Սիբիրյան խոց հիվանդությամբ։ Այսպիսով, Գոռ Ջիվանի Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: Քրեական գործը դատարանում է:

 

 

ՀԵԴԵՀ՝ ՇԻՐԱԿՈՒՄ 

Նախօեին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում՝ Հարավկովկասյան երկաթուղու գնացքի վագոններից մեկի փականի մոտ, տեղի է ունեցել բռնկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. փրկարարները իրականացնում են հովացման աշխատանքներ։

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված: Երեկ դատարանը մերժեց Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ 80 մլն դրամ եւ ավելի գրավի դիմած խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցով: Հավելենք, որ Աղվան Հովսեփյանին վիրահատել են, եւ նա այժմ հետվիրահատական շրջանում է: Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004թ. մարտի 18-ից մինչեւ 2013թ. սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ եւ իր որդիների միջոցով։

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով  նախաքննությունը: Պարզվել է, որ Օձուն գյուղի 29-ամյա բնակչի եւ համագյուղացու միջեւ դեպքի օրը՝ 2021թ. փետրվարի 20-ին, անձնական հարցի կապակցությամբ ծագել էին տարաձայնություններ, ինչը որոշակի լարվածության պատճառ էր դարձել: Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու եւ 29-ամյա երիտասարդից պարզաբանումներ ստանալու նպատակով նշված անձը դիմել էր մեկ այլ՝ գործով տուժող 34-ամյա համագյուղացուն, որը ժամը 19:30-ի սահմաններում երիտասարդին պատժելու նպատակով Օձուն գյուղի հրապարակում հանդիպել էր վերջինիս՝ պահանջելով  դուրս գալ ավտոմեքենայից: Այս կապակցությամբ վիճաբանություն էր առաջացել, որի ընթացքում երիտասարդը 34-ամյա համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ իր մոտ գտնվող որսորդական հրացանով բազմակի կրակոցներ էր արձակել նրա կենսական կարեւոր օրգանների՝ գլխի եւ որովայնի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: 34-ամյա տղամարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Պարզվել էր 2021թ. մարտի 25-ից հետախուզման մեջ գտնվող  երիտասարդի գտնվելու վայրը: Վերջինս, նկատելով ժամանած ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներին, փորձել էր փախուստի դիմել, որի ընթացքում  նետել էր իր մոտ առկա ռազմամթերքով լի պայուսակը. օրենքով սահմանված կարգով  իրականացված խուզարկությամբ նշված պայուսակի միջից հայտնաբերվել եւ վերցվել էին ԾՈՍՈՐՏՉ տեսակի ատրճանակ, 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ, Ղ-1 տեսակի նռնակ, Ղ-1, ՀթԺ -5 եւ Հթ-42 տեսակի նռնակների համար նախատեսված մարտական պայթուցիչ: 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 




Լրահոս