ՀՀ պետական վերահսկողական ծառայության նամակների, դիմումների եւ քաղաքացիների ընդունելության վարչությունում ստացված հանրագրերի հիման վրա 2022թ. առաջին կիսամյակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հարուցվել են թվով 5 քրեական գործեր: Այս մասին հայտնում է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերեւույթ խախտումներին իրավական գնահատական եւ ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա, 2022 թվականի առաջին կիսամյակում հարուցվել են թվով հինգ քրեական գործեր։
Քաղաքացի Ա. Հ.-ի հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը, առանց հատուկ պայմանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնության, միանձնյա կայացրել է որոշում՝ հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման նշանակությունից փոխել է ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ այն դարձնելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չմասնավորեցվող հողամաս եւ իրականացրել է հողամասերի վաճառք։ Ըստ էության գրություն է ուղարկվել դատախազություն, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ։
Քաղաքացի Ա. Մ.-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում պարզվել է, որ իր կնոջ՝ Ա. Մ.-ի՝ բժշկական կենտրոններից մեկում Covid-19 ախտորոշմամբ ստացիոնար բուժման ընթացքի եւ մահվան ելքով գրանցվելու վերաբերյալ առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի գրություն է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Քաղաքացի Հ. Կ.-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատախազություն առերեւույթ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով։ Արդյունքում Շիրակի մարզում հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանի պահպանման գոտու տարածքում առանց լիազոր մարմնի թույլտվության ապօրինի տաղավարի կառուցմամբ Շիրակի մարզի հանրապետական նշանակության հուշարձանին առերեւույթ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ Քաղաքացի Վ. Ա.-ի հանրագրով ներկայացված տեղեկատվության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում (իր արտոնագիրը առանց իր համաձայնության օգտագործման վերաբերյալ) գրություն է ներկայացվել դատախազություն իրավական գնահատական տալու նպատակով, որի արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացի Գ. Վ.-ի ներկայացրած հանրագրի հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելու արդյունքում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։
Ն. Հ.
ԿՀԵՇՏԱՑՎԻ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼԸ
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը վերականգնելու եւ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի եւ Վիետնամի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ստացումը դյուրացնելու նպատակով։
Հիմնավորման համաձայն՝ COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու եւ վերահսկելի դարձնելու նպատակով կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի որոշմամբ կատարված փոփոխության եւ լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ եւ ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։
COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Որոշմամբ առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը եւ Վիետնամը։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել այն պետությունները, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում, էլեկտրոնային E-VISA համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել նաեւ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձեւի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ եւ ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։
Նախատեսվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը 21 երկրների քաղաքացիների համար։ Նշված երկրները ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի եւ ուղեւորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։ 51 երկրների քաղաքացիների համար կսահմանվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների, այդ թվում՝ ԵՄ եւ Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա:
ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է
Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում վերսկսվել է ռուսական զինուժի համար մոդուլային կացարանների կառուցումը։ Այդ մասին հայտնեցին Այգեպարի բնակիչները։ Կացարանները կառուցում են խորհրդային ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում. այդ տարածքը պետության սեփականությունն է։ Նոյեմբերյան խոշոր համայնքի Ոսկեպար գյուղի տարածքում՝ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի ձախ կողմում ռուսական զինուժի համար կացարանների շինաշխատանքները եւս վերսկսվել են, այժմ կատարվում են հողի հարթեցման, փոսեր փորելու աշխատանքներ։ Այդ գործընթացն արվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կողքին՝ խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ Աշաղի Ասքիպարա (Ներքին Ոսկեպար) գյուղի հիմնովին ավերված դպրոցի շենքից ոչ հեռու։
ՎԱՏԹԱՐ ԻՐԱՎԻՃԱԿ
Դիլիջան խոշոր համայնքի Հաղարծին գյուղում տարիներ շարունակ հակասանիտարական վիճակ է։ Բնակիչները հայտնեցին, որ նման դրություն է գյուղի մի քանի թաղերում, սակայն առավել վատթար՝ թաղամասերից մեկում, ուր կոյուղագիծ չկա, կոյուղաջրերը բացօթյա հոսում են առանձնատների ու այգիների միջով։ Բաց հոսող կոյուղաջրերի պատճառով գարշահոտը տարածվում է ամբողջ թաղամասում, ամռան շոգին դժվար է գարշահոտը շնչել։ Տարիներ առաջ գյուղացիները իրենց տնամերձ հողամասերում տախտակից գյուղական զուգարաններ են կառուցել, արտաթորանքը ներծծվել է հողի մեջ։ Վերջին տասնամյակներում մարդիկ իրենց տներում հարմարավետ զուգարաններ են սարքել, սակայն կոյուղաջրերի հեռացման խնդիրը չի լուծվել։ Կոյուղաջրերի պատճառով այդ հատվածում գտնվող պտղատու շատ ծառեր չորացել են։ Հաղարծնի բնակչուհին (որի անուն-ազգանունը ինձ հայտնի է) հայտնեց, որ այդ խնդրի լուծման նպատակով ինքը բազմիցս դիմել է Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանին, որը համայնքապետարանի տեխնիկան տրամադրել է, որը այգիների միջեւ սահմազատված հատվածը մաքրել ու խորացրել է՝ հետագայում կոյուղատար խողովակաշար անցկացնելու համար, սակայն 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմի պատճառով գործը կիսատ է մնացել։ Այդ բնակչուհին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի մոտ ընդունելության է գնացել, իր եւ հարեւանների անունից նրան խնդրել է հարցին լուծում տալ, իսկ համայնքի ղեկավարն ասել է՝ հենց բարեգործ գտնենք, այդ կոյուղագիծը կսարքենք։ Հաղարծնի բնակիչներն ասում են՝ ՀՀ կառավարությունը կամ Տավուշի մարզպետարանը ինչու Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսական բաժնում վերահսկողական ստուգում չեն անցկացնում՝ պարզելու համար, թե ուր են ուղղվում Դիլիջան խոշոր համայնքի մեծ բյուջեի գումարները։ Գյուղացիներն ասում են, որ Հաղարծինը համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հայրենի գյուղն է, եւ գոնե այդ առումով նա պետք է հետամուտ լինի ցավոտ խնդրի լուծմանը
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ