Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Վարչապետը շնորհավորել է դեսպան Արիսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ
և մաղթել արդյունավետ գործունեություն ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման: «Հայաստանը
կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և
մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը», – նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն
անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար
ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման
գործունեություն:
Դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ իր համար՝ նաև
որպես սիրիահայի պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների
անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության
համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում:
Մտքեր են փոխանակվել համագործակցության օրակարգի և հեռանկարների շուրջ: