Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ հուլիսի 12-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև՝ ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրք նախարարը ասել է, որ կողմերի բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։
Նախարարը հիշեցրել է, որ այդ ջանքերի շրջանակներում քննարկումներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության գործընկեր Սերգեյ Շոյգուի և Ուկրաինայի Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Աքարը նաև նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։