Կոնվերս բանկի ֆինանսական խորհրդատուն խոշոր չափերի գումար է հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գևորգ Գասպարյանն մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ 2013-2015թթ. աշխատելով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղում որպես ֆինանսական խորհրդատու, գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ խաբեության եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 33.469.976 ՀՀ դրամին համարժեք 63.874 եվրո գումար: Այսպես. Գ.Գասպարյանը 2013-2015թթ. աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղում որպես ֆինանսական խորհրդատու: Էջմիածին քաղաքի բնակիչ Սարգիս Մելոյանը 2010թ. սեպտեմբերի 10-ին նշված մասնաճյուղում մեկ տարի ժամկետով ներդրել է 50.000 եվրո գումարի «Պրոգրես» տեսակի ավանդ:

2011թ. սեպտեմբերի 10-ին Ս.Մելոյանը բանկ չի ներկայացել, քանի որ գտնվել է ՀՀ սահմաններից դուրս: Օգտվելով այդ հանգամանքից՝ Գ.Գասպարյանը գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ մշակել և իրականացրել է խաբեության եղանակով նշված ավանդը հափշտակելու հետևյալ ծրագիրը. Գ.Գասպարյանը Ս.Մելոյանի բացակայության պայմաններում վերակնքել է ավանդի պայմանագիրը՝ յուրաքանչյուրը մեկ տարի ժամկետով: 2014թ. սեպտեմբերի 24-ին՝ ավանդի հերթական մարման օրը, ավանդը չի երկարաձգել, այլ մարվել է երկու կեսով՝ 29.588.99 եվրո գումարը Գ.Գասպարյանը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, իսկ 30.000 եվրո գումարը՝ հաճախորդի արտարժութային հաշվին: Մինչև Ս.Մելոյանի քարտի գործողության ժամկետի ավարտը՝ 2014թ. սեպտեմբերի 30-ը, 2013թ. սեպտեմբերի 25-ին Գ.Գասպարյանը Ս.Մելոյանի անունից «Կոնվերս բանկ» ՓԲԸ ներկայացրել է կեղծ բովանդակությամբ դիմում, որով իբր խնդրել է վերաթողարկել Վիզա կլասիկ քարտը Մաստեր քարտ ստանդարտի, որից հետո ստացել և տնօրինել է քարտը:

Գ.Գասպարյանը 2015թ. մարտի 16-ին՝ մինչև պայմանագրային ժամկետի ավարտը, իրականացրել է ավանդի խզում և ավանդի գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, այնուհետև մինչև 2015թ. հունիսի 2-ը խաբեության եղանակով ՀՀ-ում գործող տարբեր բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 33.469.976 ՀՀ դրամին համարժեք 63.874 եվրո գումար: Այսպիսով, Գևորգ Վազգենի Գասպարյանին մեղսագրվում են հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ք.Մ




Լրահոս