ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նոր նախագիծ է հանրային քննարկման դրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն առաջարկում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Ըստ ԱԱԾ-ի՝ այսպիսի պահանջի սահմանումը թույլ կտա ՀՀ իրավասու մարմիններին առավել երկար ժամանակ ունենալ տվյալ անձի ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքի իսկությունը պարզելու համար: Բացի այդ, պետական կառույցը հույս ունի, որ այս ամենի արդյունքում տվյալ անձի կողմից որոշակի կենսական կապեր կստեղծվեն Հայաստանի հետ: Առնվազն ՀՀ այցելելու ընթացքում, որպես օտարերկրացի, տվյալ անձը կհայտնվի ՀՀ իրավապահ մարմինների տեսադաշտում նախապես, ինչը թույլ կտա առավել ամբողջական պատկերացում կազմել տվյալ անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրական շարժառիթների վերաբերյալ:
Պարզվում է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել եւ պարզել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների, հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստան չեն այցելել:
Ս.Հ.