Տեսչական մարմնի ղեկավարը Mercedes-Benz է գնել. եկամուտը կազմել է 14 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որը նախորդ տարվա ապրիլին է նշանակվել այս պաշտոնին, բավականին ապահովված է: ArmLur.am-ը ուսումնասիրել է նրա եւ կնոջ ներկայացրած տարեկան հայտարարագրերը: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ Մարտիրոսյանը մինչ այս պաշտոնին նշանակվելը բավական երկար ճանապարհ է անցել ուժային համակարգում, մասնավորապես՝ ոստիկանությունում:
Այսպես, 2018 թվականին Մարտիրոսյանը 36 հազար դոլարով Մալաթիա-Սեբաստիայում բնակարան է գնել: Այդ ժամանակահատվածում նա զբաղեցրել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետի պաշտոնը, երբ ամսական ստացել է 331 հազար դրամ աշխատավարձ:

Մարտիրոսյանը 2020 թվականի սեպտեմբերին 2006 թվականի արտադրության Mercedes-Benz է գնել՝ 1.50 դրամով: Նշենք, որ այս արժեքը հայտարարագրում է նշված: Եթե հավատանք այս թվին, ապա ստացվում է, որ պաշտոնյան կոպեկներով ավտոմեքենա է գնել: Գուցե շփոթել են, դեռ հայտնի չէ, եթե ոչ, ապա կխնդրեինք կիսվել ցածր գնով ավտոմեքենա գնելու գաղտնիքով:

2020 թվականի եկամուտը նրա սեփական աշխատավարձն է, որը ստացվել է երկու վայրից՝ ոստիկանությունից եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որն ընդհանուր 6 մլն 880 հազար դրամ: Բացի այս, նա 1 մլն 933 հազար դրամի չափով երկարամյա ծառայության կենսաթոշակ է ստացել ոստիկանությունից:

Իսկ ահա 2021 թվականին Մարտիւրոսյանը մի առանձնատուն է գնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նախորդ տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն դրամ: Օրինակ, 10 մլն 614 հազար դրամ ստացել է կառավարության աշխատակազմից, իսկ 1 մլն 677 հազար դրամ էլ նա ստացել է շրջակա միջավայրի նախարարությունից: Բացի այս, Մարտիրոսյանը ամսական 146 հազար դրամ կենսաթոշակ է ստացել ոստիկանությունից:

Հովհաննես Մարտիրոսյանի կինը՝ Նոննա Սահակյանը բանկերից մեկում փոխառություն ունի, որը նախորդ տարեվերջին կազմել է 35 հազար եվրո, որն ի դեպ, տարեսկզբին կազմել է 78 հազար եվրո: Այսինքն, պաշտոնյայի կինը 44 հազար եվրոն վերադարձրել է: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 115 հազար դրամ, 1635 եվրո, 152 հազար ռուսական ռուբլի եւ 12 հազար 594 դոլար: Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավարի կինը անհատ ձեռնարկատեր է եւ 2021 թվականի եկամուտը գոյացել է 4 վայրից ստացած աշխատավարձը. Նա ստացել է 7 մլն 791 հազար դրամ, 2 276 եվրո, 2 մլն 762 ռուբլի եւ 7246 դոլար: Ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս