«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ» ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալված «օրենքով գողը»՝ «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանն է: Ինչ է արել նա: Դատախազության ներկայացրած մանրամասները՝ ստորեւ:  «ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ՝ մի շարք անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու եւ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ:

 

Բավարար հիմքերի առկայության պայմաններում՝ դեռեւս 2022թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ: Քրեական վարույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեկան աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» «Ս.Ա.»-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց միջոցով տարբեր անձանց տվել է հանձնարարություններ՝ զբաղվել մասնավոր հարցերի լուծմամբ:

Բացի այդ, «Ս.Ա.»-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած եւ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներից, դրամական միջոցների հավաքագրումը եւ տնօրինել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 2022թ. հուլիսի 6-ի որոշումներով քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված «օրենքով գող»: 6 անձ ձերբակալվել է, կատարված խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել է շուրջ 180.000 ԱՄՆ դոլար»: Ի դեպ ArmLur.am լրատվականը նյութ է հրապարակել, որ դեռեւս 2016 թվականին մամուլը գրել էր, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը որոշում է կայացրել՝ Հայաստանից արտաքսել թվով 8 «օրենքով գողի»:

Արդյունքում՝ գողական աշխարհը կոլապսի մեջ է: Քրեական աշխարհի պարագլուխները փորձել են իրենց կապերով ազդել առաջիկա ընտրությունների ելքի վրա, գաղտնի հավաքներ են կազմակերպել, որը չի վրիպել հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Ավելին, մամուլը գրել էր, որ օրեր առաջ ՀՀ իրավապահները Հայաստանից երրորդ երկիր էին արտաքսել «օրենքով գողեր»՝ 51-ամյա Ալեքսանդր Մակարյանին՝ մականունը Ալո, եւ 37-ամյա Նորայր Փիլոյանին՝ մականունը Քոնչ: Քոնչը, սակայն, կրկին վերադարձել էր Հայաստան: Եվ այսպես, Հայաստանը ժամեր անց կլքեն «օրենքով գողեր» (գրում ենք միայն մականունները, որոնցով նրանք հայտնի են հանրությանը) «Խոյի տղա Աֆոն», «Օշականցի Գեւորիկը», «Մանեթի տղա Սամոն», «Մասիվցի Անդոն», «Ժիրոն», «Գորիսեցի Արտեմը», «Լեննականցի Սուրոն», «Լեննականցի Արտյոմը»: Ինչպես նաեւ Քոնչ մականունով Նորայր Փիլոյանը, որը կրկին վերադարձել էր Հայաստան:

 

 

 

ՍԵՎԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի քննիչների եւ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է Սեւան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերեւույթ խուլիգանություն կատարելու դեպքը:

 

Սեւան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների եւ զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի հերթապահ մասի տեսուչի կողմից զեկուցագիրը ստացվել է 2022թ. հուլիսի 04-ին: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Սեւան քաղաքի 27 եւ 34-ամյա բնակիչներ են:

Նախնական տվյալներով՝ նշված օրը Սեւան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել վերջիններիս միջեւ, ինչը շարունակվել է նույն քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտ, որի ընթացքում նշված անձինք իրենց մոտ պահվող հրազեններից կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Նկատի ունենալով, որ Ոստիկանությունից ստացված զեկուցագիրը պարունակել է առերեւույթ հանցաքների փաստական նկարագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ միջադեպին մասնակից հիշյալ անձանիցից մեկը՝ 34-ամյա տղամարդը, հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով: Հայտնաբերվել է նաեւ վերջինիս պատկանող «Range Rover» մակնիշի ավտոմեքենան՝ հրազենային վնասվածքներով, իսկ դեպքի վայրի զննությամբ՝ շուրջ երեք տասնյակ պարկուճ: Նշանակվել են դատաքրեագիտական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձին եւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանը, որը գնել է «Գոլդեն Փելիս»-ը, ինչպես նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, հայտնվել է դատարանում: Պարզվում է մերօրյա օլիգարխին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին գումար է պարտք: Արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարողացել այդ գումարը ստանալ գործարարի ընկերութունից եւ դիմել է դատարան: Իսկ, ահա, գումարի չափը կազմում է 299 հազար 514 դրամ: Եվ, ահա, դատարանը որոշում է կայացրել եւ կարգադրել՝ գործարարի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ին կարգադրությունը ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, կատարել հետեւյալ գործողություններից որեւէ մեկը՝

1.կատարել 299514 ՀՀ դրամ եւ 1500 ՀՀ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է,

  1. առաջին ատյանի դատարան ներկայացնել գրավոր առարկություն, եթե պարտապանը ներկայացված պահանջը մի մասով համարում է չհիմնավորված` մյուս մասով կատարելով վճարման պահանջը: Տարօրինակ է մեկ բան՝ ինչպե՞ս է մերօրյա օլիգարխը պատրաստվում մարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան գումարը, ինչպես նաեւ՝ Գոլդեն Փելիս»-ը ձեռք բերելու գումարները, եթե նրան պատկանող ընկերությունը չի կարողանում վճարել օգտագործված բնական գազի 299 հազար դրամը :

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը վերջերս բավականին կլորիկ գումարով տուգանվել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նալբանդյանին պատկանող ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսեւորելով անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ տուգանվել է:

Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից 10-հատանոց ECO եւ 30-հատանոց ecoDemonstrator մակնշումներով տուփերով հավկիթների իրացումը այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակվել են որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Այս խախտման համար մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք՝ 3 մլն 44 հազար 534 դրամի չափով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս