ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԲԱԺԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարգացման առանձնահատկություն ունեցող դեռահասներին աշխատանքային զբաղվածություն ստեղծելու և հասարակությանը ինտեգրելու համար 2017 թվականին «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստվարաթղթե բաժակների արտադրություն: Այժմ արտադրությունում հերթափոխով աշխատում են առանձնահատկություն ունեցող 19 դեռահաս, զբաղվածությունը շաբաթական 12 ժամ է։

 

«Քայլ առաջ» ՀԿ-ն ստեղծել են առանձնահատկություն ունեցող երեխաների ծնողները, որ պատանիները կարողանան դառնալ հասարակության լիիրավ անդամ: Երեխաների համար կենտրոնում անցկացվում են նաեւ թերապեւտիկ աշխատանքներ: «Քայլ առաջ» հասարակական կազմակերպության «Ձեռք ձեռքի» սոցիալական ձեռնարկատիրությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Թղթե բաժակների արտադրական հաստոցներից մեկը ձեռք է բերվել հիմնադրամի աջակցությամբ։ Բրենդավորված բաժակների պատվեր կարող են իրականացնել բոլորը՝ սկսած անհատներից եւ կազմակերպություններից: «Արտադրական պրոցեսը ներկայացնում է կրկնվող գործողությունների շղթա, ինչն էլ իդեալական պայմաններ է ստեղծում, որ այս դեռահասները վարպետների եւ մասնագետների հսկողության ներքո կարողանան ինքնուրույն աշխատել եւ վաստակել իրենց գումարը: Երեխաները ոգեւորվածությամբ մասնակցում են արտադրական այս պրոցեսին եւ մենք գիտենք, որ մեկանգամյա օգտագործման սպասքի մեջ այս լամինացված բաժակները ամենաանվտանգն են եւ՛ մարդկանց, եւ՛ շրջակա միջավայրի համար»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Երբ թերապեւտիկ աշխատանքներն էինք իրականացնում, միտք առաջացավ ձեռնարկել փոքր ձեռնարկատիրություն եւ մեր օրինակով ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող երեխաները եւս ունեն կարողություններ եւ կարելի է զարգացնել այդ կարողություններն ու դրանց միջոցով ինտեգրվել հասարակությանը: Այս պարագայում երեխաները հնարավորություն են ունենում պատվերներ գրանցելիս ամեն անգամ նոր մարդու հետ խոսել, ինչը բավականին մեծ քայլ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Միեւնույն ժամանակ, նրանք դուրս են գալիս առաքման աշխատանք կատարելու եւ ամեն անգամ տարբեր հասցեներ ու մարդկանց են հանդիպում, ինչը հնարավորություն է տալիս, որ երեխաները կարողանան հաղորդակցման խնդիրները հաղթահարել: Այս տեսանկյունից ծրագիրը մեզ համար մեծ նշանակություն ուներ»,- նշել է կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Արփինե Աշոտյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է «Ակբա» բանկի, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ», «Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի» եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

 

 

ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ

2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղեւոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղեւոր։ Ուղեւորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205,5 հազար ուղեւոր, ընդ որում՝ աճը կազմել է 15 տոկոս: Երեւան-Թբիլիսի-Երեւան եւ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղիներով միջպետական երթեւեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15000 մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչքովիդյան 2020 թվականի ցուցանիշը։

Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Երեւան-Գյումրի էքսպրես-ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքացիների եւ զբոսաշրջիկների շրջանում։ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ այս տարի երթուղով երկու անգամ ավելի շատ ուղեւոր է փոխադրվել՝ 11,5 հազար մարդ։ Անցյալ տարվանից միջպետական հաղորդակցությունում ուղեւորներին սպասարկում է նոր, ժամանակակից շարժակազմ, որը համապատասխանում է ուղեւորների հարմարավետության եւ անվտանգության բոլոր պահանջներին: Ընկերությունն աշխատում է նաեւ քաղաքացիներին դեպի երկաթուղի ներգրավելու ուղղությամբ, ինչի համար բանակցություններ են տարվում տեղական իշխանությունների հետ՝ ավտոմոբիլային ուղիները օպտիմալացնելու եւ երկրի գլխավոր երկաթուղային կայարաններն ակտիվացնելու նպատակով։ Այդ առումով ընկերությունը խրախուսում է մշակութային միջոցառումների անցկացումը կայարանների շենքերում, բարձրացնում է ուղեւորների սպասարկման բազմազանությունն ու որակը ոչ միայն գնացքներում, այլ նաեւ կայարաններում։

 

 

 

5-8 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ, Երեւանում հուլիսի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` հուլիսի 8-9-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ. 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

 

 

 




Լրահոս