Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցները երեկ խուզարկություններ են սկսել «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում միաժամանակ: Հարկայինը ՀԷՑ տնօրենների ու հաշվապահների սենյակներից առգրավել է բոլոր համակարգիչները, հաշվապահական փաստաթղթերն ու ընկերության թղթաբանությունը: Մինչ այդ, սակայն, ՀԷՑ իրացման գծով փոխտնօրեն Թոխունցը հասցրել է շտապ հեռագիր ուղարկել ՀԷՑ մասնաճյուղեր՝ նախազգուշացնելով, որ հնարավորինս թաքցնեն փաստաթղթերը: Սա կատարվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, քանի որ ՀԷՑ-ը պետական բյուջե չի վճարել 1,9 մլրդ դրամ հարկ։ Երեկ ուշ երեկոյան news.am կայքին ՀԷՑ-ից հաստատեցին տեղեկությունները: Կատարվածի վերաբերյալ կա երկու վարկած: Առաջինի համաձայն՝ վերջին պահին ՀԷՑ-ը հրաժարվեց իր մասնաբաժնի 20 տոկոսը վաճառելուց, քանի որ որպես գնորդ հայտնված ֆրանսիական կազմակերպությանը կասկածել էին հայ օլիգարխների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ: Այսինքն` վրեժ են լուծում: Երկրորդ` Տիգրան Սարգսյանի՝ ՌԴ այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀԷՑ-երի սեփականատեր ռուսական կազմակերպությունը հարկեր չի վճարում` պատճառաբանելով, թե ՀՀ-ում վնասով է աշխատում: Պուտինը կասկածներ է հայտնել, որ գումարները մնում եւ կիսվում են ՀՀ-ում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ