ԱՐԱՄ mp3-Ը՝ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, լիաթոք կտրվել առօրյա եւ աշխատանքային հոգսերից: Երգիչ Արամ mp3-ը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց ամառային հանգստի պլանների մասին:

 

Արամ mp3-ը այս տարի ամառային հանգստի չի մեկնի. պատճառը ծանրաբեռնված աշխատանքն է:

«Ես իմ հանգիստն արդեն վայելել եմ գարնան վերջին ամսին՝ մայիսին, ամռան ամիսներին հատուկ հանգստի չեմ մեկնում,  աշխատում եմ, իսկ երեխաներն իհարկե գնում են հանգստանալու տարբեր հետաքրքիր վայրեր, օրինակ՝ տղաներից մեկը գնացել է ճամբար, իսկ մյուս տղաս գտնվում է տատիկի, պապիկի մոտ՝ ամառանոցում, իսկ ես եւ կինս շաբաթ-կիրակի գնում ենք իրենց տեսնելու, բայց մնալ, ցավոք, չենք կարող, քանի որ աշխատանքի ենք»,-նշեց երգիչը:

Արամ mp3-ը մեզ հետ զրույցում ասաց, որ ակտիվ հանգստի սիրահար է եւ նախընտրում է հանգիստն անցկացնել բնության գրկում, այլ ոչ թե ծովի ափին՝ տաք արեւի տակ:

«Ես սիրում  եմ ակտիվ հանգիստ, պասիվ հանգստի սիրահար չեմ: Ծովը երբեք ինձ չի գրավում, գնալ երկար պառկել արեւին իմը չէ, կգնամ, երկար ափով կքայլեմ, բայց չեմ պառկի: Ես շատ եմ սիրում ակտիվ հանգիստ, իսկ Հայաստանն էլ բոլոր հնարավորությունները տալիս է՝ հեծանիվ քշել, քայլել, լեռներ բարձրանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ օրերս տեղի ունեցավ Արամ mp3-ի «Քնել չկա» երգի տեսահոլովակի պրեմիերան:

«Երգը ստեղծվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ գիշերվա հազարին, Լազարոյի ստուդիայում: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունը ես եմ գրել: Տեսահոլովակը նկարահանել է Արամայիս Սահակյանը: Երգի թեման շատ ակտուալ է, քանի որ բոլորիս կյանքում էլ լինում են օրեր, երբ ասում ենք, թե քնել չկա, այս օրը մեր օրն է, եւ հենց այս օրն էլ մեր կյանքում դառնում է ամենահիշարժան օրերից մեկը: Գայլ վերցված է որպես խորհրդանշական կերպար, քանի որ գիշերային, խուլիգան կենդանի է: Եվ հենց այդ կերպարով էլ ցանկանում ենք ցույց տալ այն երիտասարդությանը, որը գիշերվա ժամերին չի քնում եւ ուրախանում է: Երգի նպատակը եւս մեկ անգամ մարդկանց ուրախ ժամանց պարգեւելն է»,-ավելի վաղ այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ»-Ի ՆՈՐԵԿԸ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի նորեկ, 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է, որ թիմի դեմ հանդիպմանն է անհամբեր սպասում։

 

«Չեմ սիրում խոսել այդ մասին, բայց առավել շատ ցանկանում եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Անհամբեր սպասում եմ մանչեսթերյան դերբիին»,- ասաց Էրլինգ Հոլանդը։ Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՒՐՈՒՄ

ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը մեկնարկել են արագ խաղի FTX Road to Miami օնլայն մրցաշարում, որը Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է։ Առաջին օրն անցկացվել է չորս տուր։ Սամուել Սեւյանը հաղթել է չինացի Յու Վենյունին, ամերիկացի Ջեֆրի Սյոնին, ոչ-ոքի խաղացել Էրիգաիսի Արջունի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Նա 8 միավորով 2-5-րդ տեղերը բաժանում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, չինացի Յի Վեյի եւ լեհ Յան Կշիշտոֆ-Դուդայի հետ։ Առաջատարը Ջեֆրի Սյոն է՝ 9 միավոր։ Լեւոն Արոնյանը 4 միավորով 9-րդն է։ Նա հաղթել է Յու Վենյունին, ոչ-ոքի խաղացել Գիրիի հետ, պարտվել Մամեդյարովին ու Արջունին։ Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր։ Նախնական փուլի 15 տուրի արդյունքում 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում։

 

 

 

ԿՈՒՅՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվել է կույր ֆուտբոլի Euro Challenge Cup 2022 մրցաշարը, որին մասնակցել է նաեւ կույր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը: Մեր թիմը մրցաշարի խմբային փուլում մրցել եւ պարտվել է Շվեդիայի, Ավստրիայի եւ Շվեյցարիայի հավաքականներին։

 

 

 

ՊՍԺ-ՈՒՄ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել 8 խաղացողի, այդ թվում՝ բրազիլացի հարձակվող Նեյմարին, որի ծառայություններով հետաքրքրված չէ փարիզյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն։ Ֆրանսիացի մասնագետի ծրագրերում տեղ չեն գտել նաեւ Լեյվին Կուրզավան, Յուլիան Դրաքսլերը եւ Անդեր Էրերան։ Բարձր աշխատավարձի պատճառով ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել նաեւ Ժորժինյո Վեյնալդումից եւ Մաուրո Իկարդիից։ Կվաճառվեն նաեւ Լեանդրո Պարեդեսն ու Աբդու Դիալոն։ Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ հյուրընկալվելով «Կլերմոնին»։

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՊՍԺ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը մոտ է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխվելուն։ Սլովակիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար փարիզյան ակումբը կվճարի 65 միլիոն եվրո:

 




Լրահոս