ՇԱՆԸ ՍՊԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի բնակիչ, «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն աշխատած, 1955թ. ծնված  Սուրեն Աղաջանյանին  մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. դեկտեմբերի 1-ին իրեն  պատկանող «Գետափ» ռեստորանային համալիրի տարածքում իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակելու միջոցով ընդհատել է շան կյանքը։ 2019թ. դեկտեմբերի 7-ին Ս. Աղաջանյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։

 

Ս. Աղաջանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է  տվել, որ ինքը շատ կենդանասեր է, իր ռեստորանային  համալիրի  տարածքում ունի կատուներ, շներ, ձիեր։ Շներից  մեկը 2019թ. նոյեմբերի վերջին  իրեն  տարօրինակ է պահել, հարձակվել  է  աշխատողների եւ հաճախորդների վրա, այդ շան արտաքինը փոխված է եղել, լայն բացված աչքերով է նայել, ատամները՝ բաց։ Ս. Աղաջանյանը դիմել է Դիլիջանի քաղաքապետարան, հայտնել են, որ դիմի անասնաբույժի, դիմել է անասնաբույժ Թաթուլ  Թովմասյանին։ Նոյեմբերի  30-ին Թ. Թովմասյանը գնացել է ռեստորանային համալիր, սակայն շանը չեն գտել, անասնաբույժը հեռանալուց առաջ զգուշացրել է, որ շունը վտանգավոր է  աշխատողների եւ հանգստացողների համար, եւ պատվիրել, որ շանը գտնելու դեպքում անհապաղ մեկուսացնեն։

Հաջորդ օրը մատուցողը  Ս. Աղաջանյանին հայտնել է, որ շունը հարձակվել  է իր վրա: Ս. Աղաջանյանը հայտնել է, որ ինքը մոտեցել է, որ բռնի շանը, սակայն  իր վրա էլ է հարձակվել, ռեստորանի աշխատողներին ասել է, որ շանը բռնեն, որպեսզի հաճախորդներին չվնասի: Աշխատակիցները  չեն կարողացել շանը բռնել, ինքը զայրացել է, այդ պահին  շունը մտել է  հարսանյաց սրահի դիմաց  կայանած  ավտոմեքենայի տակ, ինքն իր օրինական  որսորդական հրացանով  կրակել է, որ շունը վախենա եւ այդտեղից դուրս գա։  Դատարանը համարել է, որ Քրեական օրենսգրքի  258.2 հոդվածի 1-ին մասով   քրեական պատասխանատվություն  կարող է  կիրառվել, եթե  կատարված գործողությունները  հանգեցնում  են  կենդանու դաժան  կամ  ցավոտ մահվան, տվյալ դեպքում մեղադրանքում դաժան  եւ ցավոտ  մահվան հանգեցնելու հանգամանք   չկա։  2021թ. ապրիլի 15-ին  դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է առաջադրված մեղադրանքում Ս. Աղաջանյանին արդարացնել նրա արարքում հանցակազմի  բացակայության  պատճառով:

Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Գ. Այվազյանը այդ վճռի դեմ Վերաքննիչ բողոք է բերել, որով Վերաքննիչ դատարանին խնդրել է ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Ս.  Աղաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով նշանակվել է արդարացի պատիժ՝ տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նաեւ Ս. Աղաջանյյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը, որը դատարանին խնդրել է մասնակիորեն բեկանել (փոփոխել) Տավուշի մարզի  առաջին ատյանի դատարանի  դատավճիռը՝ դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում նշված իրական վերլուծությունների եւ ապացույցների հետազոտման ու գնահատման վերաբերյալ հետեւությունները, եւ  որոշում կայացնել արդարացման հիմքերի մասով: 2022թ. ապրիլի 25-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ա. Բեկթաշյանի նախագահությամբ, որոշել է Ս. Աղաջանյանի պաշտպան Ռ. Ալիխանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել, Գ. Այվազյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը բեկանել, ամբաստանյալ Ս. Աղաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ  վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով վերջինի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական գործի վարույթը կարճել, իրեղեն ապացույց ճանաչված «ՏՕԶ» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսափող հրազենը հանձնել ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի տնօրինմանը։ Այդ որոշումը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Չորս անհայտ անձանց կողմից Երեւան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակություն կատարելու վերաբերյալ նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ գրասենյակի ղեկավարը եւ աշխատակիցը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել: Նախնական տվյալներով՝ 2022թ. հուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված չորս անձինք մուտք են գործել նշված գրասենյակ եւ արտճանակի նմանվող առարկայի եւ դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ կպչուն ժապավեններով եւ պլաստմասե ամրաններով կապել են գրասենյակի ղեկավարի եւ աշխատակցի ձեռքերն ու բերանները, գցել գետնին եւ ծեծի ենթարկել՝ պահանջելով գումար:  Այդ պահին ներս է մտել վերջիններիս ընկերը, ում եւս ծեծի են ենթարկել, որից հետո դիմել են փախուստի՝ հափշտակելով, նախնական տվյալներով, 2 հատ բջջային հեռախոս, ժամացույց, գրասենյակի ղեկավարի անձնագիրը, 70000 ՀՀ դրամ եւ 600 ԱՄՆ դոլար գումար, վարորդական վկայական, ոսկյա զարդեր, 2 հատ էլեկտրոնային կրիչ: Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասե ամրաններ: Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 

 

ԶՈՀԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆՔ

«Մենք անընդհատ զոհի կարգավիճակում չենք»,- նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ադրբեջանական կրակոցներին հայկական կողմը չի արձագանքում, ավելի շատ զոհի կարգավիճակում է: «Կխնդրեմ ոչ միայն այս դեպքի, այլ բոլոր դեպքերի հետ կապված մանրամասները եւ տեղեկատվությունը ստանալ պաշտոնական լրահոսից, ոչ թե փոխնախարարից: Եթե կա տեղեկատվություն, որ կրակել են, կխնդրեմ՝ այդ տեղեկատվությանը հետեւեք ու որպես ելակետ վերցրե՛ք այդ տեղեկատվությունը: ՊՆ-ն չի կարող որեւէ բան թաքցնել, այսինքն՝ չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի»,-ասաց նա: Պնդմանը, որ, օրինակ, Հրաչիկ Փիլիպոսյանի դեպքով ՊՆ-ն տեղեկատվություն չէր տարածել, փոխնախարարն ասաց, որ միգուցե ուշացումով է եղել տեղեկատվությունը: «Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում, որ այլ վայրերում եւս հնչեն կրակոցներ»,- ասաց Սարգսյանը:

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Մայիսի 15-ին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել, մասնավորապես՝ 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը: Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ Զապ-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, ով մեզ հայտնեց, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

 

 

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ընդդիմության նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիեւյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ըստ ՔԿ-ի՝ այդ հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:

 

 

 




Լրահոս