Հուլիսի 6-ին հանրային քննարկման դրված ««Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ՊԵԿ-ը հանել է շրջանառությունից ժամանակից շուտ։
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այս փոփոխությամբ ցանկանում էր առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, որի վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել հանրային քննարկման։
ՊԵԿ-ից հայտնում են, որ նախագիծը կրկին կներկայացվի հանրային քննարկման Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումներից և լրամշակվելուց հետո։ Սակայն չի բացառվում, որ պատճառը փորձագետների ու տնտեսվարողների բացասական արձագանք է եղել այդ նախագծին։
Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։
Սակայն նախագածի տարածումից հետո տնտեսվարողներն ու փորձագետները քննադատեցին այն` ասելով, թե առաջարկված նախագծով չկա որևէ զսպող մեխանիզմ, որով ՊԵԿ-ը անտեղի և անհիմն չտիրանա հարկ վճարողների բանկային ու ապահովագրական գաղտնիքին։
Թե երբ այս նախագիծը կրկին կներկայացվի հանրային քննարկման, դեռ հստակ չէ։
Մանրամասները` տեսանյութում
Ն.Հ.