ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 51

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել նրա՝ ավելի վաղ արած հայտարարություններն ու իրականությունը, որոնք իրարից շատ հեռու են: «Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով, հաշվետու եւ բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ չի էլ թաքցնում այդ մասին: Մեկ օրինակ. հունվարի 1-9-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կայացվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշումը: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ-ին եւ, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»: Լավ է՝ գոնե վերջում նա հիշեց ժողովրդի մասին: Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել  է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարական առանձնատանը պատգամավորների համար նախարձակուրդային հավաքույթ-խնջույք է կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի ՔՊ-ական պատգամավորներից, հյուրերի թվում են եղել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Տեղեկացանք, որ վարչապետի հրավերքին մասնակցածները ոչ թե քաղաքական կամ պետության հետ կապված հարցեր են քննարկել, այլ խոսել են 8-րդ գումարման խորհրդարանի մեկամյա աշխատանքների մասին, ամփոփել մեկ տարին, ներկայացրել, թե սեպտեմբերին ով ինչ առաջարկով է պատրաստվում օրենսդիր աշխատանքի գնալ: «Ժողովուրդ» օարթերթին հայտնի դարձավ, որ երեկոյին հատուկ կենացասացներ չեն եղել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է մեկ-երկու անգամ կենաց խմել, մյուսները, այսպես ասած, ազատ ոճի մեջ  ժամանց են ապահովել՝ մի մասը՝ սուրճ-թեյ, մի մասը՝ «խորովածային», մի ուրիշ մասն էլ «նարդի խաղալու» ֆորմատի մեջ են շփվել մեկմեկու հետ: Մեզ փոխանցեցին նաեւ, որ երեկոն անցել է երաժշտական մթնոլորտում. պաշտոնյաների համար երաժշտական մի քանի խմբեր են երգել, այդ թվում՝ նաեւ Հայկ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, որի որդին, ի դեպ, ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժման ցույցերին:

 

 

 

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այցելել  էր ՀՀ պաշտպանության  նախարարություն  եւ ներկայացրել ԳՇ պետ, պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ էդուարդ Ասրյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած  տեղեկությունների համաձայն՝ քաղաքական  իշխանությունները  ՊՆ ղեկավար կազմին հասկացրել  են, որ նախարարի  մյուս  տեղակալը կլինի Առաքել  Մարտիկյանը։ Իսկ ի՞նչ է սպասվում ԳՇ  պետի տեղակալ Կամո Քոչունցին եւ Արմեն  Գյոզալյանին։ Նրանց  մասով դեռ  հստակ  որոշում  չկա. բացառված  չէ, որ Քոչունցը մնա որպես նախարարի տեղակալ, կամ, տարիքով  պայմանավորված, նրան  նոր  պաշտոն  տան, իսկ Գյոզալյանի  մասով  չի  բացառվում, որ  նրան առհասարակ հրաժեշտ  տան։ Առաջիկայում  նոր փոփոխությունների ականատես կլինենք Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում:

 

 

 

Սեւանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլեւ լիճը կանաչել է: Կապուտակ Սեւանի կանաչելու վերաբերյալ ահազանգերով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Սեւանա լճի տարբեր ափամերձ հատվածներում: Տեղի շատ բնակիչների պատմելով՝ ոչ միայն լիճը կանաչել է, այլեւ տհաճ հոտ է գալիս: Սա ունի բացատրություն. կապտականաչ ջրիմուռներն ակտիվացել են լճում: Մասնագետների խոսքով՝ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին՝ ամռանը, լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը: Այն, ի դեպ, համարվում է տոքսիկ: Բացի այս, պարզվում է՝ լճի մակարդակն է իջել. ըստ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով եւ կազմել 1900.69 մետր։ Այստեղ տեղին է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները. 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի, բայց, արի ու տես, այդ ցուցանիշը չի գրանցվել:

 

 




Լրահոս