ԿԱՐԵՎՈՐ ԱՅՑԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին իրար հետեւից Հայաստան են այցելել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայության ղեկավարները: Նախ՝ հուլիսի 15-ին Երեւանում էր ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

 

Ինչպես հաղորդում է կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ու Ուիլյամ Բըրնսն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Սա Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի առաջին այցն էր Հայաստան։

Հետաքրքիր է, որ նրա այցի մասին առաջինը գրել էին ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունները:  Ուիլյամ Բըրնսը հանդիպել էր նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին: Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Պետական գերատեսչությունների հաղորդագրությունները հակիրճ են, ամերիկացի նման բարձրաստիճան պաշտոնյայի անակնկալ այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Թե կոնկրետ ինչ պատճառով է առաջին անգամ Հայաստան ժամանել Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենը, ամերիկյան կողմն էլ չի հայտնում։ Բըրնսը Հայաստանում է եղել նաեւ 2011-ին, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալն էր։ 66-ամյա ամերիկացի պաշտոնյան 2005-ից 2008 թվականներին եղել է Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։

Երեկ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

Վարչապետը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը եւս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, եւ վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի պես գերտերությունների հետախուզական վարչությունների ղեկավարների այցը Հայաստան չի կարող պատահական լինել: Առջեւում նոր զարգացումներ կլինեն:

Երեկ նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներն են հեռախոսազրույց  ունեցել` քննարկելով երկու երկրների միջեւ փոխգործակցությանը, ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաեւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր. հաղորդում է ՀՀ կառավարությունը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ- ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին Մոսկվայում. հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նշվում է, որ հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա:

 

 

ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԱԺ-ԻՑ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորներն  արձակուրդի են մեկնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորներն արձակուրդի կմեկնեն հուլիսի 18-ից ու կվերադառնան օգոստոսի 26-ին: «Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ավելի քիչ ժամանակով արձակուրդի կմեկնեն: Ալեն Սիմոնյանն արձակուրդի կմեկնի հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը, Ռուբինյանը՝ օգոստոսի 8-31-ը ներառյալ:

 

 

ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Դոլարի փոխարժեքը տեւական ժամանակ է, ինչ էժանանում է դրամի նկատմամբ, ընդ որում՝ դոլարի փոխարժեքի շուկայում կտրուկ անկում արձանագրվել է հունիսից։ Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա  դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 412-415 դրամ է, վաճառքինը՝ 429-435 դրամ: ArmLur.am-ը արձանագրեց, որ դոլարի առքի եւ վաճառքի միջեւ հսկայական տարբերություն կա: Մասնագետների խոսքերով՝ նախկինում եղել է այդպես, երբ բանկերը փորձել են իրավիճակն օգտագործել իրենց օգտին:  Տեղեկացնենք, որ ապահով շրջանում դոլարի առքի եւ վաճառքի միջեւ տարբերությունը 3-4 դրամ է կազմել, իսկ հիմա այն շատ է. տարբերությունը երեկվա դրությամբ կազմել է ավելի քան 15 դրամ, եւ այս տարբերությամբ առաջարկը քաղաքացիներին անում են ՀՀ առեւտրային բանկերը: Մյուս կողմից՝ զգալի նվազել է նաեւ եվրոյի փոխարժեքը, ավելին՝ այն գրեթե հավասարվել է դոլարի փոխարժեքին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ կազմել է 410-417-419 դրամ, իսկ վաճառքինը՝ 439-445 դրամ։ Այս դեպքում նկատենք, որ եվրոյի առքի ու վաճառքի միջեւ տարբերությունը գերազանցում է 20 դրամը։

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ: Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը տեղի է ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։ Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։

 

 

ՌՈՒՄԲ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՆԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները հայտնաբերել են ՀՀ առաջին նախագահի Լեւոն Տեր-Պետրոսյանի տունը ռումբ տեղադրելու մասին ոստիկանություն ահազանգած քաղաքացու ինքնությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա Երեւան քաղաքի բնակիչ է, 46 տարեկան, ունի առողջական լուրջ խնդիրներ: ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության ահազանգի վերաբերյալ: Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։

 

 

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը եւ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները կրկին հրավիրվել են Քննչական կոմիտե, որտեղ մոտ 8 ժամ տեղի է ունեցել առերեսում: Ոստիկանները իրենցն են պնդել, թե ինչու են ձերբակալել դատախազին, իսկ դատախազ Պետրոսյանն էլ իր խոսքն է առաջ տարել: Ինչեւէ, այս հակասություններին զուգահեռ Քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի, թե ով է մեղավոր եղել, եւ մեղադրանք առաջադրի: Երկու իրավապահ համակարգերը՝ ոստիկանությունն ու դատախազությունը, շունչները պահած սպասում են կոմիտեի որոշմանը: Ինչպես հայտնի է, օրերս ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկների հետ հայտնվել էր միջադեպի կիզակետում: Պարեկները պնդում են, որ նա հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել, մինչդեռ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են: Ինչեւէ, միջադեպ արձանագրվել է, պարեկների կողմից նա ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել, քանի որ հսկող դատախազը համարել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել։ Ի դեպ, տեղեկություններ էին տարածվել, որ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր վարած մեքենան պարեկները կանգնեցրել են այն պատճառով, քանի որ այն վարել է հարբած վիճակում։ Այսպիսով, միջադեպի մասով քրեական վարույթ է նախաձեռնված, եւ Քննչական կոմիտեն դատախազին եւ պարեկներին հարցաքննության է հրավիրել եւ հարցաքննել:

 

 




Լրահոս