Մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Պետական վերահսկողական ծառայությունը:
Հայտարարությունում ասվում է. «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։
Ծառայության կողմից 2022 թվականի 1-ին կիսամյակում մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան մարմինների պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող առաջարկություններ, որոնց արդյունքում 84 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն:
Զուգահեռ իրականացվել է նաև մշտադիտարկում՝ հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմիններին տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը: Մասնավորապես, 7 դեպքով՝ գնումների գործընթացներին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով՝ 2 դեպքով լուծվել են արդյունքում կնքված պայմանագրերը, իսկ 5 դեպքով պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
2022 թվականի 1-ին կիսամյակում իրականացված վերահսկողական գործընթացների արդյունքում թվով 13 տեղեկանք ներկայացվել է ՀՀ վարչապետին, արդյունքում 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, 1-ի մասով ՀՀ վարչապետի կողմից տրվել են հինգ պետական մարմնի ղեկավարների՝ ծառայողական քննություններ նախաձեռնելու հանձնարարականներ, 3-ի մասով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լիազոր մարմինների կողմից նախաձեռնվել է ոլորտը բարելավելու օրենսդրական փոփոխություններ:
ՀՀ ոստիկանություն է ուղարկվել պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք, որի արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից, որպես ոլորտի լիազոր մարմին, կասեցվել են թվով 3 պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին տրված հատուկ թույլտվությունները (լիցենզիա), իսկ թվով 3-ի մասով հայտ է ներկայացվել դատարան:
Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայության կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։