ՇԱՏ ԳՈՐԾ, ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկ (Նիկոլայ) Էգիբյանին մենք ճանաչում ենք «Համազգային աստղ» նախագծից, նա մասնակցել է նաեւ 2010 թվականի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլին:
Նիկն ունի երաժշտական կրթություն, սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: Ներկայումս էլ սովորում է ասպիրանտուրայում` որպես դասական վոկալիստ: Երգելուց բացի, զբաղվում է գործիքավորմամբ ու երգեր գրելով:
Ի դեպ, դեկտեմբեր ամսին Նիկը կներկայացնի իր նոր ձայնասկավառակը, որը կոչվում է «Ցավազրկող»: Այն բաղկացած կլինի երկու մասից` 6 բլյուզային կատարում, 6-ն էլ` հաուս, տեմպով, ակումբային կատարումներ: Ձայնասկավառակն ամբողջովին անգլերեն է:
-Ստացել ես դասական կրթություն, հիմա էլ ուսումդ շարունակում ես դասական վոկալի բաժնում, բայց այն ոճը, որով դու հանդես ես գալիս, դասականից շատ է տարբեր:  
-Ճիշտ եք նկատել, ահավոր տարբեր են, բայց երբ դու դասական հիմք ունես, կարող ես ամեն ինչ էլ երգել, իհարկե, բացի ռաբիսից:
-Ռաբիս երաժշտությանը դե՞մ ես:
-Որակյալ երաժշտություն լսողն իրեն երբեք թույլ չի տա նվաստացնել ռաբիս երաժշտություն լսողին: Բայց ռաբիս լսողները շատ մեծ հաճույքով դա անում են: Կարծում եմ, որ ռաբիսն ավելի շատ ռեստորանային ժանր է: Ինքն իրավունք չունի մշակութային բեմերից հնչելու: Դե մենք հայ ենք, բոլորս էլ սիրում ենք քեֆ անել այդ հնչյունների ներքո: Չես էլ կարող համոզել 60 տարեկան մի տիկնոջ կամ պարոնի, որ դիսկո երաժշտության տակ պարի, նա, բնականաբար, կնախընտրի դհոլ, զուռնա, դուդուկ…
-Ակումբում չես աշխատում, ռեստորաններում չես երգում, այդ դեպքում ինչպե՞ս ես վաստակում քո գումարը:
-Ինձ մոտ գումարային հարցը մի քիչ ուրիշ ձեւ է լուծվում: Երգեր եմ գրում, վաճառում: Եթե մի մասը խնդիր ունի գումար վաստակելու, բնականաբար, պետք է 6/8 երգի: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ: Իմ լսարանն էլ միգուցե փոքրաքանակ է, բայց կոնկրետ ուղղվածություն ունի, կոնկրետ ճաշակով մարդիկ են:
Ներկայացնում եմ տարբեր ոճերի երաժշտություն` փոփ-ռոք, ջազ, բլյուզ, ունեմ հաուս կատարումներ: Ուրախանում եմ միայն մի բանի համար, որ մեր երաժշտության մեջ պակասեցին արաբական այդ մանր-մունր խաղիկները, չնայած, ես դեմ չեմ արեւելյան երաժշտությանը, ինքս էլ գրել եմ երգեր այդ լադային կառուցվածքի մեջ: Բայց երբ այդ ամեն ինչը շատ է լինում, դա արդեն անտանելի է:  
-Ասացիր` երգեր ես գրում: Ո՞ւմ համար ես գրել:
-Սոֆիի, Սիրուշոյի, Շուշան Պետրոսյանի, Հասմիկ Կարապետյանի, Հայկ Կասպարովի… Անդրեի ամբողջ «Անդրենալին» ձայնասկավառակի երգերն իմն են: Հիմա էլ Սոֆի Մխեյանն է մի ամբողջ CD պատվիրել:
-Քեզ մոտ թա՞նկ հաճույք է երգ պատվիրելը:
-Ի տարբերություն շատ գործիքավորողների եւ հիթմեյքերների` ես ունեմ կլիենտուրա, որովհետեւ ընդհանրապես աստղաբաշխական գումար չեմ ուզում:
-Գնային սանդղակից շատ տեղյակ չեմ, բայց վերջերս Ռուբեն Հախվերդյանի հետ զրույցից պարզեցի, որ մի երգի գործիքավորումն արժե 1000 դոլար: Քո՞նն էլ այդ արժեքն ունի:
-Չեմ ասի կիսեք երկուսի, բայց իմը դրանից քիչ է:
-Դու քեզ ավելի շատ երգի՞չ, թե՞ երգահան ես համարում:
-Շատերն ինձ համարում են գործիքավորող եւ հնչյունային ռեժիսոր: Ես ստուդիա ունեմ, որտեղ եւ ձայնագրում եմ իմ բոլոր երգերը:
-Գո՞հ ես այսօրվա քո վաստակից:
-Գոհը գոհ եմ, բայց այն, որ ես աշխատում եմ ավելի շատ, քան ուրիշները, դա ակնհայտ է: Եթե ուրիշը կանի մի գործ ու կվաստակի 1000 դոլար, ես միգուցե դա վաստակեմ երկու գործից: Նշանակում է, որ ես ունեմ ավելի շատ գործ եւ ավելի շատ խնդիրներ:
-Մրցույթներին մասնակցությունն ի՞նչ է տալիս կատարողին:
-«Համազգային աստղ»-ն ինձ համարյա ոչինչ չտվեց: Ո՞ւմ եք հիշում այդ նախագծից: Բայց այդ պրոյեկտի պլյուսն այն էր, որ հետո դու ստիպված չէիր նրանց հետ պայմանագիր կնքել: Դու կարող էիր շարունակել քո ճանապարհը: Իսկ մյուս նախագծերը պարտադրում են պայմանագիր կնքել, որը խզելու դեպքում մեծ խնդիրներ ես ունենում:
-Չե՞ս ուզում մենահամերգ ունենալ:
-Վերջին 6 ամսվա ընթացքում ես 4 տեսահոլովակ եմ նկարել, իսկ մինչ այդ տարին մի անգամ էի նորություն ներկայացնում: Հիմա ավելի ինտենսիվ եմ աշխատում: Անպայման ուզում եմ անել հեղինակային երեկո, իմ երգերը կկատարվեն արդեն հայտնի արտիստների կողմից: Մենահամերգ դեռ չեմ պատրաստում: Սկսենք նրանից, որ հիմա ճգնաժամի պատճառով շատ համերգների տոմսեր չեն վաճառվում, իսկ երբ ասում են, որ համալիր են լցրել, գիտենք` ինչպես են վաճառվում այդ տոմսերը: Մի բան կուզեի ավելացնել` թող մեր հասարակությունը քիչ քննադատի, փնովի ու բուլդոզերով էլ վրայովդ չանցնի:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս