Եթե ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորվել է Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքների ժամանակ: Այդ մասին Ֆրանսիայի հրապարակում հուլիսի 29-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Դաշնակցականի խոսքով՝ սուտ են այն խոսակցությունները, թե իբր ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին խորհրդարան են վերադառնալու և աշխատելու են գործող իշխանությունների հետ:
«Մեկ անգամ ևս պետք է ասեմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում: Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը՝ այս հրապարակում», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: