Հայտնի են դարձել «Роснано»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի հոսպիտալացման մանրամասները, որոնք հրապարակել է միլանյան Corriere della Sera թերթը։ Չուբայսը հիվանդացել է Իտալիայի Սարդինիա կղզու Զմրուխտ ափին հանգստանալու ժամանակ։
Ըստ հրապարակման՝ այժմ Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչը ծանր վիճակում է։
Թերթի տվյալներով՝ Չուբայսը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղել է Սարդինիայում։ «Роснано»-ի նախկին ղեկավարը բժիշկներին բողոքել է, որ դժվարանում է շարժել ձեռքերն ու ոտքերը:
Բացի դրանից՝ իտալական ոստիկանությունը թեստեր է անցկացնում՝ ստուգելու քաղաքական գործչի թունավորման վարկածը։
Ավելի վաղ նրա եղբայր Իգոր Չուբայսը հայտնել էր, որ բժիշկները «Роснано»-ի նախկին ղեկավարի մոտ քրոնիկական հիվանդություններ չեն հայտնաբերել, և այժմ նա ապաքինվում է։ Հայտնի է դարձել նաև, որ ավելի վաղ քաղաքական գործիչը հիվանդ էր COVID-19-ով։