Գազալցակայաններում իսկական խառնաշփոթ է. այսօրվանից ուժի մեջ է մտել գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Գազալցակայաններում չեն սպասարկում այն վարորդներին, որոնք չունեն գազաբալոնի վկայագիր: Մերժված վարորդները ստիպված են լինում իրենց ավտոմեքենան լցավորել բենզինով, որի մեկ լիտրը սկսում է 520 դրամից:
Տեղեկացնենք, որ գործում է համապատասխան թվային համակարգ, որով գազաբալոնների վկայագրումը ստուգելու հնարավորություն ունեն գազալցակայանների աշխատակիցները: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր գազալցակայանների մեծ մասը միացված չէ թվային այդ համակարգին: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ գազաբալոնների տվյալների շտեմարանն ամբողջությամբ պատրաստ է, իսկ գազալցակայաններն էլ միացված են համակարգին: Ավելին, այս գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տվել գազալցակայաններ մոտենալիս սկզբնական փուլում, ամեն դեպքում, ձեռքի տակ ունենալ թղթային տարբերակը:
Սակայն «Էքսպերտ Թեչ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման եւ տեղադրման լիցենզավորված ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի խոսքով, այսօր վարորդներից մեկին գազալցակայանում հրաժարվել են սպասարկել՝ նույնիսկ գազաբալոնի վկայագրման առկայության դեպքում. «Գազալցակայաններում բացարձակ լցավորում չեն անում, օրինակ, հենց նոր զանգեցին Ավանի գազալցակայանից, ասում են՝ փաստաթղթով գնացել եմ էնտեղ, չեն լցավորում, ասում է՝ չարեցին թողեցի դուրս եկա: Խնդիրը գազալցկայանների հետ է. համակարգիչ չեն դրել. համապատասխան ծրագիր չեն մտել»:
Նշենք, որ վարորդների զգալի հատվածը գազաբալոնների վկայագրումը թողել է վերջին օրվան ու հիմա վկայագրման կայաններում բավական մեծ ծավալի հերթեր են: Ի դեպ, օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ գազաբալոնների վկայագրման ճնշակայաններն օրերս շահագործվելիք էլեկտրոնային հարթակում կգրանցեն մեքենայի տվյալները, դրանք տեսանելի կլինեն նաև գազալցակայանների համար, ինչն էլ գազ լիցքավորողների համար հիմք կլինի սպասարկելու դեռևս վկայագիր չունեցող, բայց հերթագրված ավտոմեքենան:
«300 հոգի մարդ առավոտից եկել, հերթագրվել են, խառը վիճակ է, պետական կառույցներից հայտարարել են ու վարորդները ընկել են աժիոտաժի մեջ: Մարդկանց հնարավորություն են տալիս, որ գազով լցավորեն իրենց ավտոմեքենաները, մինչեւ իրենց հերթը հասնի»,- ասաց Մ. Տիգրանյանը:
Սյունէ Համբարձումյան