Հուլիսի 24-ին ոստիկանություն դիմած արտասահմանցին հայտնեց, որ ժամը 2-ի սահմաններում իր երկու ընկերների հետ եղել է կասկադի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ։ Նրանցից մեկը, որի ձեռքին դանակ է եղել, պահանջել է փող ու ոսկի։ Իրենք տվել են ոսկյա մատանի և արծաթյա շղթա։ Դրանից հետո անծանոթների սպառնալիքների տակ մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատներից մեկին, և արտասահմանցիներից մեկը կանխիկացրել է 18 հազար դրամ, տվել անծանոթներին, ինչից հետո նրանք հեռացել են։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվեց, որ օտարերկրացիներին մոտեցել ու ավազակություն են արել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Շուտով ճշտվեց նաև նրանց ինքնությունը. Մարտունի քաղաքի՝ 23, և Ներքին Գետաշեն գյուղի 20-ամյա բնակիչներ։
Դեպքից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, նրանցից մեկը հայտնաբերվեց Երևանում, իսկ մյուսը՝ Մարտունիում։ Նրանք ձերբակալվեցին, տեղափոխվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական ստորաբաժանում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երիտասարդները կալանավորվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մանրամասները՝ տեսանյութում