Դ. ԱՖՐԻԿՅԱՆԸ՝ ՆՈՐ ԿԵՐՊԱՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի նոր հեռուստասերիալ՝ «Սերը թակարդում»: Հեռուսատսերիալի գլխավոր դերակատար Դավիթ Աֆրիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում բնութագրել է իր կերտած կերպարը: Դավիթ Աֆրիկյանի խոսքով՝ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է սցենարիստ Անուշ Պետրոսյանի կողմից եւ համաձայնել է սիրով ընդունել, քանի որ արդեն իսկ փորձ ուներ Անուշի եւ դերասանական թիմի հետ աշխատելու. «Առաջին անգամը չէ, որ համագործակցում  եմ Վարշամ Սաֆրազյանի եւ Անուշ Պետրոսյանի հետ, շատ լավ թիմ  ենք, ջերմ ընտանեկան միջավայր է տիրում նկարահանման հրապարակում, ինչը ես շատ եմ կարեւորում եւ դա էր հենց հիմնական պատճառը, որ ընդունեցի առաջարկը»:

 

Անդրադառնալով կերպարին՝ Դիվիթն ընդգծում է, որ ամբողջապես չի կարող բացահայտել կերպարը. «միայն կարող եմ ասել որ, նա կյանքի տարբեր փուլերում եւ դժվարություններում կոփված անհատականություն է»:

«Չեմ ուզում՝ կերպարս շատ բացահայտեմ հանդիստեսի եւ ընթերցողների համար: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ  նա  մարդ է, ով չի ունեցել մանկություն, եւ ոչ թե այդպես է ստացվել, այլ, ինչ-որ մարդիկ են պարզապես այդպես ցանկացել, որ նա չունենա մանկություն եւ զրկել են նրան ամեն ինչից, սկսած ընտանիքից, ընտանեկան ջերմությունից, որ յուրաքանչյուր երեխա կարող է ունենալ: Իմ կերպարի հերոսը՝ լինելով շատ ուժեղ անձնավորություն, կարողացել է ինքնուրույն, թեկուզ չունենալով ոչինչ, ստեղծել կյանքում ինչ-որ բան», -նշեց դերասանը:

Առհասարակ սերիալում մի երեւույթ կա. այդպես էլ ամբողջությամբ չես կարողանում բացահայտել կերպարիդ խորությունը:

«Կերպարիդ հետ ծանոթանալը մի քիչ ժամանակ է պահանջում, որը պետք է տեղի ունենա: Ինչպես է կավագործը ձեռքերով փուլ առ փուլ պատրաստում եւ ինչ-որ առարկայի վերածում, այնպես էլ կերպարի ձեւավորումն է: Դերասանի մասնագիտությունը հենց դա է, որ կամաց-կամաց հղկում ես  կերպարդ»,-մեզ հետ զրույցում հավելեց Դավիթ Աֆրիկյանը:

Նշենք, որ հեռուստասերիալում խաղում են Արմեն Մարությանը, Թեհմինե Խաչատրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Խաչատրյանը, Ավո Ադամյանը, Դավիթ Աֆրիկյանը, Մարինկա Խաչատրյանը, Ալինա Ավետիսյանը, Մարզպետ Խաչատրյանը եւ այլ սիրված ու ճանաչված դերասաններ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ՞ «ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կայացավ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» կամ «Բանվորի արձանը» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում:

 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշեց, որ հնարավոր է քանդակը լիարժեք վերականգնել կամ վանդալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ դարձնելով՝ այն ժամանակակից արվեստի օբյեկտ դարձնել: «Արձանը եղել է քաղաքինը: Կարծում եմ՝ այս պարագայում հանրային քննարկումը շատ կարեւոր է: Քննարկմանը մասնակցում են ճարտարապետներ, քանդակագործներ, իրենց խոսքն ամենաէականն է լինելու: Քննարկվելու է, թե որտեղ եւ ինչ տեսքով կտեղադրվի քանդակը, ինչ լուծումներ կստանա: Ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր տարբերակները: Վերականգման երկու տարբերակ կա՝ կամ լիարժեք վերականգնել, կամ վանդալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ դարձնելով՝ քանդակի մասերը արվեստի ժամանակից օբյեկտ դարձնել: Եթե որոշվի քանդակն ամբողջությամբ վերականգնել, շատ խնդիրների ենք բախվելու: Արձանի մեծ մասն ուղղակի չկա, մի մասն էլ վատ է պահպանված»,- նշեց նա: Անվանի քանդակագործ Արա Հարությունյանի մտահղացմամբ՝ 1982 թվականին Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ «Բանվորի արձանը», որը ներկայացնում էր աշխատավոր մարդուն եւ իրականում թեմատիկ աղերս չուներ կոմունիստական գաղափարախոսության հետ: Այն դեպի Արեւմտյան Հայաստան քայլող հայի կերպարն էր՝ հայացքն ուղղած դեպի Արարատ:

 

 

 

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ

Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում: Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի (առաջին եւ երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի եւ զիջել է Ուզբեկստանի ընտրանուն: Կանանց հավաքականը նույնպես ուժերը կչափի ադրբեջանցիների հետ: 9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Նախորդ տուրերում ազգային թիմը 7 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել, Ռումինիա) եւ զիջել էր Էստոնիային ու Վրաստանին: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է հաղթական մեկնարկը՝ Պրեմիեր լիգայում։ Առաջին տուրում մանչեսթերյան թիմը Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել էր «Վեստ Հեմին»՝ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։ «Գերազանց հանդես եկանք։ Այն, ինչ չհաջողվեց անել «Լիվերպուլի» հետ Սուպերգավաթի խաղում, արեցինք այս անգամ։ Էրլինգ Հոլանդի վերաբերյալ ոչ մի կասկած չունեի։ Նա ամբողջ կյանքում գոլ է խփել, հիմա էլ մեր թիմին նոր որակ է հաղորդում։ Մենք կձգտենք նրան տալ ավելի շատ գոլ խփելու հնարավորություն։ Նա տաղանդավոր է եւ մտադիր է դառնալ հաջորդ Անրին կամ Ռոնալդուն։ Բայց դրա համար ժամանակ է պետք, առջեւում երկար տարիների կարիերա է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։ Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 13-ին կընդունի «Բորնմութին»։

 

 

 

 

 




Լրահոս