Օգոստոսի 25-ից հետո Արցախը կհայտնվի շրջափակման մեջ, եթե թույլ տան այդ ոճրագործության իրականացումը. Սոֆյա Հովսեփյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

-Տիկի՛ն Հովսեփյան, 44-օրյա պատերազմից հետո դուք Արցախում եք հաստատվել, այս օրերին ևս Արցախում եք։ Ի՞նչ մթնոլորտ է Ստեփանակերտում՝ Արցախի տարածքից հերթական զիջումն անելու ֆոնին։ Ի՞նչ են մտորում մարդիկ, տեղի իշխանությունները:

-Իրականում մարդկանց տագնապը, մտահոգությունները, լարվածությունը շատ է: Մարդիկ շատ լարված են, մտահոգված են, մասնավորապես՝ Բերձորի հարցի բարձրացման հետ համընթաց: Այսինքն, սա այն հարցերից է, որ Արցախում շատ լուրջ անհանգստություն է առաջացրել, եւ մարդիկ արդեն անվտանգության խնդիր են բարձրաձայնում, որն արդեն իսկ կար պատերազմից հետո: Սա վերջին հույսն էր, որ եթե գոնե հնարավորություն կար անվտանգ ճանապարհ անցնելու, այդ ճանապարհի անվտանգության հարցը վերջնականապես փակվում է: Կարելի է ասել օգոստոսի 25-ից հետո Արցախը կհայտնվի շրջափակման մեջ, եթե թույլ տան այդ ոճրագործության իրականացումը: Արցախցիները շատ մտահոգ են եւ այդ մասին, իհարկե, խոսվում է, բարձրաձայնվում է: Թե ինչ են մտածում այդ մասին իշխանությունները, ես որեւէ կերպ չեմ կարող ասել, որովհետեւ չեմ հաղորդակցվում որեւէ մեկի հետ:

-Շատերը զարմանում են հատկապես արցախցիների վրա, որ պատերազմից հետո հերթական զիջումն են հանդուրժում։ Ի՞նչ կարող ենք անել առհասարակ բոլորս, որ չենք անում՝ չնայած որ ասես համատարած թմբիրի մեջ ենք։

-Այո կարող են շատերը զարմանալ, բայց արցախցիների վրա զարմանալ պետք չէ, զարմանալ պետք է հայ մարդու վրա, թե ինչպես է հարմարվում: Այս խնդիրը միայն Արցախի խնդիր չէ, այս խնիդրը Զանգեզուրի միջանցքի խնդիրն է: Այս խնդիրը կա Սյունիքի մարզում, այս խնդիրը, ինչպես, մի քանի օր առաջ, վարչապետ կոչվածը նշեց Ղազախի ճանապարհի բացման մասին է: Այս նույն խնդիրը Տավուշի մարզինն է, Սյունիքի եւ Վայոց Ձորի եւ մնացած բոլոր մարզերինն է: Այստեղ ոչ թե թմբիրի մեջ են մարդիկ, այլ պատերազմից հետո մի մասը վախենում է, որ նորից պատերազմ ու մահ կլինի, մի մասը վախենում է, որ նորից ինչ-որ տարածքներ կզիջեն, բայց մենք տեսնում ենք, որ գրեթե ամեն օր ունենք մահ, վիրավորումներ, գերիներ, մինչ օրս գերիների հարցը լուծված չէ: Ամեն օր ունենում ենք տարածքների կորուստներ, դարձել է սովորական, որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ կորցնում ենք տարածքներ: Ինչ վիճակում պետք է լինի մարդը բացի վախից, անհանգստությունից:

-Այս ամենի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» շահագործման նոր ամսաթվի մասին է խոսում։ Ի՞նչ նոր սպառնալիքների կան դեռ մեր գլխին կախված։

-Իլհամ Ալիեւը միշտ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին: Այս մասին լռում է մեր իշխանությունը, բայց իր գործողություններն ամբողջությամբ տանում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, ինչն անթույլտրելի է: Քանի որ բոլորը Հայաստանում շատ անտարբեր ապրում են եւ կարծում են, որ այս խնդիրը միայն Արցախինն է, մի քանի ժամանակ հետո ականատեսը կլինեն, թե ինչպես կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պլանավորված կներկայացնի, թե երբ Զանգեզուրի միջանցքը եւ հաշվետու կլինի իր պատվիրատուին, թե ինչպես է կործանում Հայաստանը:

Սեւակ Վարդումյան




Լրահոս