ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի սրտի օլիգարխին Սևանում շինթույլտվություն են տվել Գնել Սանոսյանի օրոք․ ում մտերիմն է շքեղ առանձնատուն կառուցողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին Սեւանա լճի ափին նոր, շքեղ առանձնատուն է կառուցվում: Ու թեեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը խնամքով թաքցնում են սեփականատիրոջը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է սեփականատիրոջ ով լինելը։ Առանձնատան տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին:

Իհարկե, 2018-ի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, եւ Սեւանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Սակայն ինչպես շատ հարցերում, Փաշինյանը նաեւ այստեղ խաբեց:

Ու թեեւ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը Արման Հակոբջանյանին 2019 թ.-ի սեպտեմբերին տրամադրել է նախագծման թույլտվություն, այնուամենայնիվ, քաղաքաշինական նորմերի խախտումներով է նա կառուցում իր շքեղ առանձնատունը:

Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Հակոբջանյանը Սևան ազգային պարկին պատկանող տարածքը նվեր է ստացել 2018-ին՝ հեղափոխության տարում, իսկ նախագծման թույլտվությունը ստացել է 2019-ին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի օրոք՝ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի ստորագրությամբ: Թե ումից է Սևանի ափամերձ 2060 քմ հողակտորը նվեր ստացել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց երևույթն, ինքնին, խոսուն է և հետաքննությունը շարունակվում է:

Հատկանշական է, որ Հակոբջանյանն իր տունը կառուցում է ճիշտ նույն պայմաններում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանի առանձնատան հարեւանությամբ: Ռոմանոս Պետրոսյանը, երբ շրջակա միջավայրի նախարար էր, ակտիվորեն ցանկանում էր քանդել Գասպարյանի առանձնատունը. չհաջողեց: Փաստորեն, Գասպարյանի առանձնատունը քանդել պետք է, բայց Արման Հակոբջանյանին նույն պայմաններում թույլտվություն է տվել հեղափոխական իշխանությունը:

Հավելենք, որ Արման Հակոբջանյանը Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում, Հայաստանում եւս նա պետգնումների մրցույթների ակտիվ հաղթող է եւ ճանպարհներ է նորոգում: Նա ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է, եւ առաջիկայում Հակոբջանյանի արտոնյալ գործունեության մանրամասներին կանդրադառնանք:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս